Գերմանիայի կառավարությունն արտոնյալ պայմաններով 14 մլն 200 հազար եվրո վարկ է տրամադրել Հայաստանին՝ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման համար:
Ինչպես հայտնի է, Վրաստանը տարիներ շարունակ մեր երկրից էլեկտրաէներգիա է գնել, սակայն անցած տարվա մայիսից հրաժարվեց գնել հայկական էլեկտրաէներգիան: Վրաստանը հատկապես ձմռան ամիսներին անհրաժեշտ էլեկտրաէներգիան սկսել է գնել Ադրբեջանից: Իսկ մեր էլեկտրաէներգիան այլեւս չի գնում, որովհետեւ այն արդեն թանկ արժե: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գնի մասին է խոսքը: «Առեւտրային գաղտնիք է»,- ասում է մատակարար ընկերությունը: Իսկ Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումը վերջին տարիներին իրականացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: Մեր տեղեկություններով՝ Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է մոտ երկու անգամ: Հայտնի է, որ անցած երկու տարիներին Վրաստանը մեր էլէներգիան գնել է 2,5-2,9 ցենտով: Այսինքն, եթե հիմա Վրաստանը ցանկանար մեր երկրից նորից էլեկտրաէներգիա գնել, ապա 1 կվտ-ի համար պետք է վճարեր մինչեւ 5 ցենտ: Սա չափազանց բարձր գին է հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը էլեկտրաէներգիայի դիմաց Վրաստանից գումար չի պահանջում: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ամռանն էլ Վրաստանը էլեկտրաէներգիա կմատակարարի Ադրբեջանին: Այսինքն` տեղի կունենան Ադրբեջան-Վրաստան (նաեւ հակառակ ուղղությամբ) էլեկտրաէներգիայի փոխհոսքեր, ինչպես դա լինում է Հայաստանի եւ Իրանի միջեւ: Պարզ է, որ նման պայմաններում Վրաստանը կնախընտրեր ադրբեջանական էլեկտրաէներգիան: Այս հանգամանքից բացի, անցած ձմռանը, երբ լարված էին Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, Ռուսաստանը կտրել էր այդ երկրի գազամատակարարումը: Վրաստանը Հայաստանից խնդրեց էլեկտրաէներգիա մատակարարել, որպեսզի այն կարողանա փոխարինել գազին: ՀՀ իշխանությունները հրաժարվեցին, նույնիսկ Ռուսաստանի գազի դադարումից հետո մերոնք անմիջապես կտրեցին իրենց հարեւանների էլեկտրաէներգիան: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունները դա արեցին Ռուսաստանի ցուցումով: Ավելի ճիշտ` հրաժարվեցին դեմ դուրս գալ Ռուսաստանին: Իսկ Վրաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի թանկացումը, ամենայն հավանականությամբ, ոչ թե մեր իշխանությունների, այլ նորից Ռուսաստանի ցանկությունն էր: Այսինքն` այդ երկիրը ոչ միայն ինքն է պատժում մեր հարեւանին, այլ նույնը ստիպում է անել նաեւ մեր երկրին: Եվ պարզ է, որ նման պայմաններում Վրաստանը պետք է էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտներ, ինչպես որ դա արեց գազի դեպքում: Այս պարագայում Հայաստանը ոչ միայն կորցրեց էլեկտրաէներգիայի արտահանումից ստացած շահույթները, այլեւ Վրաստանի համար դարձավ անվստահելի հարեւան ու գործընկեր: Վստահ ենք, որ Վրաստանն այսօր էներգետիկ քարտեզի վրա նույնիսկ չի ուզում Հայաստանի տեղն իմանալ: Իսկ կոնկրետ այս 14,2 մլն եվրո վարկի դեպքում արդեն հարց է առաջանում, թե մեր երկրի ինչի՞ն է այլեւս պետք բարձրավոլտ նոր հոսանքագծի կառուցումը: Վրաստանն այլեւս Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնում: Իսկ եթե ապագայում որոշի գնել, ապա նոր հոսանքագծի կառուցման մասին կարելի է այդ ժամանակ մտածել: Իսկ միգուցե այդ վարկի գումա՞րն է անհրաժեշտ Հայաստանի իշխանություններին, դրա համար էլ որոշել են հոսանքագիծ կառուցել եւ փոշիացնել այդ միլիոններն այնպես, ինչպես փոշիացրել են վարկային շատ միջոցներ:
«Դա ոչ միայն Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու, այլ էներգետիկ հոսքերի միասնական ռեժիմը կարգավորելու նշանակություն ունի,- երեկ ասաց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: -Այդ ծրագիրը շարունակական է, նույն բանի համար վարկ է վերցրել նաեւ Վրաստանը: Դա Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի հետ միասին էներգետիկ զուգահեռ ռեժիմներ ստեղծելու նպատակ է հետապնդում»:
Սա իսկապես լավ ծրագիր է, սակայն Հայաստանի պարագայում մի փոքր կասկածելի է: Թուրքիայի հետ համագործակցությունը նույնպես հեռավոր, եթե չասենք՝ շատ հեռավոր, ապագայի խնդիր է: Ռուսաստան-Հայաստան էներգետիկ կապն էլ առանձնապես տեսանելի չէ: Մի խոսքով, այդ հոսանքագծի կառուցման նպատակահարմարությունը դեռ հստակ չէ: Ինչեւէ: Գերմանիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 79,5 մլն եվրո, որից 4 մլն-ը գրանտային միջոցներ են: Իսկ 74,5 մլն եվրոյի մի մասը 40 տարվա մարման ժամկետով եւ ցածր տոկոսադրույքով արտոնյալ վարկ է, որի կեսն էլ 5,95 տոկոսով առեւտրային վարկ է: Ընդհանուր գումարից 29 մլն եվրո հատկացվելու է Որոտանի կասկադի վերականգնմանը, 14 մլն 600 հազար եվրո՝ Գյումրիի բարձրավոլտ երկրորդ ենթակայանի վերականգնմանը, 6 մլն եվրո՝ հիպոթեքային վարկավորմանը: Մյուս մասն էլ հատկացվելու է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման, Արմավիրում ջրագծի կառուցման եւ մեր երկրում թոքախտի բուժման ծրագրերը ֆինանսավորելուն: Ընդ որում, ՀՀ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցությունը սկսվել է 1993 թվականից: Մինչեւ հիմա մեր երկիրը ստացել է 200 մլն դոլարի վարկ եւ օգնություն: Վերջին՝ 79,5 մլն եվրոն այս գումարի մեջ չի մտնում: