Հայաստանում այլեւս ավարտված է համարվում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի առաջին փուլը: Ի՞նչ ենք անելու երկրորդ փուլում` դեռեւս հայտնի չէ, քանի որ հայրենի կառավարությունը միայն վերջերս է հայեցակարգի տեսքով քննարկել իր անելիքները:
Սա նշանակում է, որ միանշանակորեն այս տարի եւ մինչեւ հաջորդ տարի նախագահական ընտրությունների ավարտը Հայաստանը չի ունենալու կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր: Մինչդեռ Կառավարության 2007թ. ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաառաջնայինն է համարվել: Թե ինչո՞ւ չեն հենց տարեսկզբից շրջանառության մեջ դրել այդքան կարեւորած վերոնշյալ հայեցակարգը, պատճառը քաղաքական է: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կառավարությունը չէր կարող հանրային քննարկման դաշտ նետել կոռուպցիայի թեման, որը հաստատ իրենց օգտին չէր աշխատելու: Ընտրությունից ընտրություն այս ժամանակահատվածում հազիվ կգրվի նոր հայեցակարգը, որը մինչ ծրագիր դառնալը դեռ պետք է անցնի տեղական եւ միջազգային կազմակերպությունների ձեռքի տակով, հետո միայն արժանանա Կառավարության հաստատմանը: Սակայն ո՞վ գիտե, գուցե այս ծրագիրն էլ, ինչպես առաջինը, քննարկվի ու ընդունվի փակ դռների հետեւում: Բոլոր դեպքերում, եթե Հայաստանը մեկուկես տարի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր չունենա, դրանից աշխարհը չի քանդվի: Մանավանդ, որ ծրագիր ունեցած ժամանակ էլ չունեցածի հաշիվ է եղել: Նվազե՞լ է արդյոք կոռուպցիան Հայաստանում, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը տալիս են տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների հարցումներն ու հետազոտությունները, որոնք ոչ մի կերպ մեր օգտին չեն խոսում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության, «Համաշխարհային բանկի», «Ֆրիդոմ հաուզի» եւ, վերջապես, «Գելափի» հարցումների համաձայն՝ Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դեռեւս դասվում է ավանդական կոռումպացված երկրների շարքին: Կոռուպցիոն դրսեւորումների բացահայտման գործում բավական ակտիվ է աշխատում «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Հայաստան» տարածաշրջանային զարգացման կենտրոնը, որի նախագահ Ամալյա Կոստանյանը գնահատական է տալիս վաստակած հանգստի գնացած հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրին. «Շատ պարտավորություններ կան, որ բավականին լավ են կատարվել միայն թղթի վրա, եւ համապատասխանաբար էլ հաջողված զեկույցներ են ներկայացվել միջազգային կազմակերպություններին: Եթե մենք նույնիսկ կատարյալ օրենքներ էլ ունենանք, ապա չկա այդ օրենքների կիրառողը: Սա է մեր խնդիրը: Բարեփոխումների երկրորդ փուլի մասին խոսողները պետք է ոչ միայն օրենքները փոփոխեն, այլեւ սկսեն այդ փոփոխությունները կյանքի կոչել: Խնդիր է նաեւ այն, որ միջազգային կազմակերպություններին էլ է բավարարում օրենսդրական դաշտի ձեւական բարեփոխումները, եւ այնքան էլ հետաքրքրված չեն դրանց կիրարկման մեջ: Ստացվում է` Հայաստանը հաշվետու է միայն թղթի վրա, ինչպես աղքատության կրճատման պարագայում է: Կա երկնիշ տնտեսական աճ, որը միկրոտնտեսական ցուցանիշներով դատելու դեպքում չի նպաստում մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը»: Կառավարությունը կարողացել է կատարել ԳՐԵԿՕ-ի (կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի) մատնանշած 24 առաջարկություններից` 10-ն՝ ամբողջությամբ, 7-ը՝ մասամբ եւ 7-ն էլ ընդհանրապես չի կատարել: Ընդ որում, հայտնի չէ, պարտավորություններից հատկապես որո՞նք են կատարվել, եւ որո՞նց մասով է բաց մնացել: Երեք տարի առաջ ԳՐԵԿՕ-ի պատվիրակությունը ժամանել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել գրեթե բոլոր գերատեսչությունների հետ: Պատվիրակները հարցերի միջոցով փորձել էին պարզել, թե մեր պետական պաշտոնյաների համար ի՞նչ ասել է՝ կոռուպցիա: «Թեստի» արդյունքում պարզվել է, որ, օրինակ, Մաքսային պետական կոմիտեում բավականին ընդունված է փողի կարիք չունեցող պաշտոնյաներին թանկարժեք նվերներ տալը: Զավեշտը նրանում է, որ պաշտոնյաները խոստովանել են, որ նվերը կոռուպցիա չի համարվում: Կոռուպցիայի դեմ պայքարի բազում կոնվենցիաներ է վավերացրել Հայաստանը, եւ վերջինը ՄԱԿ-ի կոնվենցիան է, եւ առաջիկայում մի հաշվետվություն էլ այս կառույցին ենք ներկայացնելու: Այս հաշվետվությունը բավականին բարդ եւ ծավալուն է լինելու, այնպես որ, արդյունքներին սպասելու դեռ բավականին ժամանակ ունենք: Որպես «Օրհուսի» կոնվենցիային միացած երկիր, այստեղ էլ չենք փայլում մեր պարտավորությունների կատարման հարցում: «Դեռ երկու տարի առաջ մենք ընդդեմ ՀՀ կառավարության հասել ենք նույնիսկ ՄԱԿ-ում «Օրհուսի» կոնվենցիայի բողոքարկման հանձնաժողով: Նրանք էլ մեր կառավարությանը նամակով խորհուրդ էին տվել հետեւողական քայլեր ձեռնարկել: Կառավարությունը պետք է այդ ամենը շտկելու համար ստեղծեր աշխատանքային խումբ: Ցայսօր ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ է արվել այդ ուղղությամբ: Ստացվում է, այդ կոնվենցիաների լծակներն էլ Հայաստանում ինտենսիվ չեն գործում»,- ասում է Ամալյա Կոստանյանը: Թվում էր՝ միջազգային հանրությունը գտել էր Հայաստանում կոռումպացված ընտրություններից ժողովրդավարին անցնելու հնարքը` կյանքի կոչելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Անգամ ամերիկյան կառավարությունը պարզ ասել էր, որ 232մլն դոլարի օգնության ճակատագիրը կախված է ընտրությունների արդյունքից: Սակայն, արի ու տես, որ միջազգային դիտորդների համար Հայաստանում անցկացված գոնե վերջին խորհրդարանական ընտրություններն անցել են առանց էական ընտրակեղծիքների: Մյուս կողմից էլ՝ մեր Կառավարությանը շատ չոգեւորելու համար ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են մի երկրորդ զեկույց, որտեղ հիշատակում են ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների մասին: Սակայն այս նույն միջազգային կազմակերպությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարին միացած, ասենք, Բուլղարիայի հետ լրիվ ուրիշ լեզվով են խոսում: Պարզ է, որ ի տարբերություն Հայաստանի, նրանք Բուլղարիային ապագա ունեցող երկրների շարքին են դասում:
Վերջերս տեղական ստուգող մարմինները մեծածավալ ստուգումների արդյունքում պետական պաշտոնյաների կատարած չարաշահումների վերաբերյալ սենսացիոն բացահայտումներ են անում: Այս բացահայտումներին տրվում է ցանկացած գնահատական` քաղաքական, քրեական, տնտեսական, սակայն ոչ երբեք՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր: