«Հայփոստում» վերջին բացահայտումները ստիպում են մեկ անգամ եւս անդրադառնալ պետական այս միավորի նախապատմությանը: 2006-ի սեպտեմբերի 22-ի կառավարության N1379-Ա որոշումով «Հայփոստ» ՓԲԸ-ն հինգ տարի ժամանակով հավատարմագրային կառավարման է հանձնվել «Հայփոստ թրասթ մենեջմենթ» Նիդեռլանդներում գրանցված ընկերությանը:
Վերոնշյալ որոշումով ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Կառավարության 2004-ի դեկտեմբերի 23-ի N 1873-Ա որոշումը: Կառավարությունը տրանuպորտի եւ կապի (ՏԿ) նախարարին հանձնարարել է լուծել «Հայփոuտի» եւ «Կոնվերu Ինվեuտ» ընկերության միջեւ կնքված «Հայփոuտի» հավատարմագրային կառավարման մաuին պայմանագիրը: Պարզվում է, որ մինչ հոլանդական կառավարչին հանձնելը, «Հայփոստը» 2004-ին արդեն ունեցել է տեղացի կառավարիչ, որը համարվել է ՏԿ նախարարության պաշտոնյաների բիզնեսը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Հայփոստի» կառավարումը ստանձնած հոլանդացիները բոլորովին վերջերս հայտարարեցին, որ ստուգումների արդյունքում Կապի եւ տրանսպորտի նախարարության պաշտոնյաների կողմից կատարած շուրջ 5մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերել: ՏԿ նախարարությունն էլ անպատասխան չթողեց եւ փոխադարձաբար մեղադրում էր, որ հոլանդացիները, ներդրումներ չանելով, փորձում են սնանկացնել «Հայփոստը»: Այստեղ անհասկանալի է, թե ինչո՞ւ են պայքարի մեջ մտել «Հայփոստն» ու ՏԿ նախարարությունը, երբ պետության կողմից որպես լիազոր հանդես է գալիս Պետական գույքի կառավարման վարչությունը: Հայփոստի չկատարած ներդրումների անմիջական վերահսկողն էլ Պետգույքի վարչությունն է եւ ոչ նախարարությունը: Անգամ փոխադարձ մեղադրանքների արանքում Պետգույքի կառավարման վարչությունը շարունակեց լռություն պահպանել, եւ դա օրենքի պահանջն էր: Այս թեժացող կրակի վրա «սառը ջուր» լցրեց վարչապետ Սերժ Սարգսյանը` կառավարման շահագրգիռ մարմինների հետ խորհրդակցության ժամանակ քննարկելով «Հայփոստի» պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի հետ կապված հարցերը: Թե որտե՞ղ է թերացել «Հայփոստը», Կառավարությունն այս մասին իրավունք չունի բարձրաձայնել, քանի որ պայմանագրում ամրագրված է. «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ծրագիրը ենթակա է հրապարակման միայն հավատարմագրային կառավարչի համաձայնության դեպքում: Առանձին կետով ամրագրված է նաեւ, որ պայմանագրի դրույթների գաղտնիությունը պետք է պահպանվի պայմանագրի ամբողջ գործողության ընթացքում եւ գործողության ավարտից հետո առնվազն 12 ամիu: Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Կառավարության «Ա» որոշումները, որպես կանոն, ենթակա չեն հրապարակման, եւ «Հայփոստի» դեպքում էլ գործ ունենք «Ա» որոշման հետ: Ակնհայտ է, որ Կառավարությունը մտադիր չէ առաջիկայում լուծարել «Հայփոստի» հավատարմագրային կառավարման պայմանագիրը: Իսկ եթե կառավարությունը փորձի «Հայփոստ թրասթ մենեջմենթից» հրաժարվել եկող տարի, ապա պարտավոր է 100 տոկոսով փոխհատուցել վերջինիս կատարած ծախսերը, կամ էլ հոլանդացիները կարող են փոխհատուցում uտանալ ընկերության ակտիվների արժեքի 60 տոկոսի չափով: Ի դեպ, ներդրումային ծրագիր ասվածում կոնկրետ թիվ չի նշվել, միայն հիշատակվում է, որ պետք է առաջիկա հինգ տարում բարձրացվի ծառայությունների որակը, ընդլայնվի մատուցվող ծառայությունների փաթեթը, վերանայվի աշխատակազմի կառուցվածքը, բյուջեի նկատմամբ պլանը եւ այլն: Ու այս ամենն ընկերությունը պետք է կատարի հինգ տարում ստացած շահույթների հաշվին:
«Հայփոստ թրասթ մենեջմենթ» ընկերության կառավարիչ Հանս Բոոնը իր բարեկեցիկ երկիրը թողնելու եւ մեր երկրում աշխատելու համար ամսական վաստակում է 3500 եվրո: Մամուլը նշում է, որ այս պարոնը մեկ տարում իր գործուղումների համար 1.5մլն դոլար պետական փող է ծախսել: Կրկին հիշատակենք Կառավարության հետ ունեցած «Հայփոստի» պայմանագիրը, որով կառավարիչը, բացի անսահմանափակ իրավունքներից, ունի նաեւ մի շարք պարտականություններ. «Հավատարմագրային կառավարիչը պատաuխանատվություն է կրում իր գործողության (անգործության) հետեւանքով ընկերությանը պատճառած վնաuների համար: Անգամ կառավարչի հրաժարականը կամ պարտավորություններից ազատումը նրան չի ազատում իր կառավարման ընթացքում ընկերությանը հաuցրած վնաuների համար պատաuխանատվությունից»: Հայտնի չէ, թե Հանս Բոոնն իր գործուղումներով ընկերությանը վնաս է պատճառել, թե ոչ: Սակայն ակնհայտ է, որ արդեն ներքին շահույթների հաշվին ինչ-ինչ գործեր անելու մասին խոսելու ժամանակն է: Կարծիք կա, որ «Հայփոստը» նախկինների հանցագործությունների մասին բարձրաձայնելով, փորձում է հիմնավորել, թե ինչո՞ւ է ուշանում նոր ծառայությունների ստեղծումը: Մյուս կողմից էլ՝ «Հայփոստի» ներքին ստուգում-բացահայտումները զուրկ են հիմքերից, քանի որ պետության կողմից այս ընկերությունում աուդիտ կարող են անցկացնել տեղական, սակայն միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունները եւ, որպես կանոն, պետության դրածոները երբեք էլ չարաշահումներ չեն հայտնաբերում:
Մի խոսքով, եթե հարաբերական անդորրն այսպես շարունակվի, եւ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա «Հայփոստ թրասթ մենեջմենթը» եւս հինգ տարի կարող է շարունակել իր կառավարման պայմանագիրը: