Ո՞ւմ ընտրել.այս է խնդիրը

14/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այս օրերին տաքսու վարորդների կողմից քննարկվող ամենահրատապ թեման 2008թ. նախագահական ընտրություններն են: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ նրանք բավականին հետեւողական են քաղաքական իրադարձությունների հանդեպ եւ շատ ինֆորմացված են:

«Նախագահականին արյուն է թափվելու»

Վարորդ Մելիքը տարակուսած ասում է. «Ինձ համար զարմանալին ընդդիմության ընդհատակ անցնելն է: Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության ոչ մի լիդեր չի երեւում, ոչ մի միտինգ, հավաք-մավաք չկա: Հիմա գիտե՞ք մեր երկրի մթնոլորտն ինչի է նման. էն, որ ֆրոնտից, ռմբակոծությունից, քֆուր-քյաֆարից, ծեծ ու ջարդից հետո մի հատ հետաքրքիր ու անսովոր խաղաղություն է իջնում… դրան ա նման: Մարդիկ արդեն խորը շունչ են քաշում, հանդարտվում են, էն նեմեցները, ֆաշիստներն ու սափրագլուխներն իրանց առաքելությունը կատարեցին, ու հիմա հանգստանում ենք: Բայց վա՛յ մեր վիճակին նախագահական ընտրությունների ժամանակ: Հիմա կթողեն, որ ամեն մեկս մեր դարդով տապակվենք, բայց նախագահականի ժամանակ, ասածս կհիշեք, արյուն է թափվելու: Մի մոռացեք, որ Քոչարյանը գահը հանձնելու է Սերժ Սարգսյանին, իսկ մյուս թեկնածուները վայնասուն են դնելու: Եթե անկեղծ ասեմ, ես ընտրելու եմ Սերժին, իսկ եթե Լեւոնը թեկնածություն դնի` իրան եմ ընտրելու: Նախագահական թեկնածուների հավանական ցուցակին երբ ծանոթանում ես` ծիծաղդ էլ է գալիս, լուրջ մարդ չկա: Օրինակ, եթե դանակը դնեն վզիս ու ասեն՝ Տիգրան Կարապետիչին կամ Արտաշես Գեղամյանին ընտրի, մեռնեմ էլ՝ չեմ ընտրի: Շատ զզվելի բան է, երբ տղամարդը, առավել եւս՝ քաղաքական գործիչն, ամեն օր դուրս է գալիս եթեր ու սկսում է կնկա պես բամբասել: Կարապետիչը իրեն շատ է խայտառակում, որովհետեւ չի կարելի տարիներ շարունակ նստել եթերում, ինքդ քեզ հարց տալ ու ինքդ էլ պատասխանել: Եթե էդքան դուխ ունի` ում հասցեին քննադատություն է անում` թող կանչի եթեր ու առերես քննադատի: Մի անգամ Արշակ Սադոյանը լավ տեղը դրեց Կարապետիչին, եթերի ժամանակ թողեց-հեռացավ: Եթե ինքը մի քիչ ծանրակշիռ լիներ` մյուս անգամ կամաչեր եթեր դուրս գալ: Կարապետիչի մենախոսություններն արդեն անդուր են, որովհետեւ ինքն իր հեղինակությունը շատ գցեց: Եթե առաջ էդ մարդուն հարգում էի՝ որպես սրտացավ մարդ, ապա հիմա շատ հիասթափված եմ: Ինքը թող ԱԼՄ-ն աշխատացնի, իսկ քաղաքականությունն իր խելքի բանը չի»,- ասում է վարորդ Մելիքն ու վստահեցնում, որ մեր ժամանակների բարքերը տրակտորիստին էլ կթույլատրեն ընտրություններին թեկնածություն առաջադրել, սակայն յուրաքանչյուր մարդ այդ քայլն անելիս պետք է մտածի, որ հանկարծ ծիծաղելի վիճակում չհայտնվի:

«Կուսակցականները շորթողներ են»

Վարորդ Ռուբենը մեր զրույցների ժամանակ պարբերաբար հետաքրքիր պատմություններ էր պատմում Կարեն Դեմիրճյանի մասին, իսկ Ստեփան Դեմիրճյանի մասին խոսելիս մշտապես մատնանշում էր «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» արտահայտությունը։ Նա ասում է. «Հա, ես միշտ էլ բարձր եմ գնահատել Կարեն Դեմիրճյանին, որովհետեւ 20 տարի աշխատել եմ «Հայէլեկտրո» գործարանում: Ճիշտ ա, ես բանվոր եմ եղել, բայց բոլորն էլ հարգել են նրան որպես ղեկավար: Հիմա ես շատ զարմացած եմ նրա որդու վարքագծի վրա, որովհետեւ, չգիտես ինչու, մարդկանց մենակ ընտրությունների ժամանակ ա հիշում: Ախր տենց ժողովրդի սիրտը չես շահի, մարդիկ շատ լավ հասկանում են շահն ու անկեղծությունը: Եթե մեզ մենակ հիշում են ընտրությունից ընտրություն, ուրեմն՝ կեղծարարներ են, իսկ եթե կլոր տարին հետաքրքրվում են մեզնով, ուրեմն՝ սրտացավ են»,- ասում է Ռուբենն ու ավելացնում, որ այդ կեղծարարներն էլ ունեն իրենց «մանկլավիկները»: «Շատ հարեւաններ ունեմ, որ գնացել կուսակցական են դարձել: Մեկը կա, «Օրինաց երկրից» էր, ամբողջ օրն Արթուր Բաղդասարյանի անունով աջ ու ձախ սուտ երդում էր ուտում: Հետո, երբ դրանց կուսակցությունը քանդվեց՝ սա գնաց Հանրապետական: Հիմա շենքում եթե մի հարց ա լինում՝ սա կազմ ու պատրաստ գրպանները լայն բացում ա: Շենքում եթե պետք ա մի կոմունալ հարց լուծել, սա ընկնում ա դռնեդուռ, փող ա հավաքում ու ասում ա՝ ես իմ կուսակցական կապերով էդ հարցը կլուծեմ: Ասում եմ՝ լսի, դա թաղապետարանի ֆունկցիան ա, ի՞նչ կապ ունի կուսակցությունը: Ամեն անգամ 2000, 4000 դրամով հավաքում ու փողերն ուտում ա, էդ էլ հարց ա՝ կուսակցական թայֆին բաժին հանո՞ւմ ա, թե՞ չէ: Էն օրն ասում եմ՝ ես մի օր գալու եմ կուսակցության տարածքային կառույց, տեսնեմ՝ էդ փողերը դու մուծվում ես էնտե՞ղ, թե՞ գրպանում ես: Էդ օրվանից հետո ինձ տեսնելիս մտնում ա անկյունները: Ուզում եմ ասել, որ կուսակցական դառնալու համար էլ կրիտերիա չկա, կլյաուզնիկն ու խաբեբան էլ կարա դառնա կուսակցական, որովհետեւ իրան գրկաբաց ընդունում են: Եթե Հանրապետականի անդամն իմ խաբեբա հարեւանն ա, ես էլ ո՞նց կարող ա ընտրեմ էդ կուսակցության լիդերին կամ թեկնածուին»,- ասում է Ռուբենն ու կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարներին կոչ է անում իրենց անդամների «սանձերը ձգել»:

«Ի՞նչ եղավ էդ անիծված Հունանյանը»

«Ես ընտրելու եմ կա՛մ Արտաշես Գեղամյանին, կա՛մ էլ Մանուկ Գասպարյանին, որովհետեւ նրանք մեր հետ շփվել գիտեն,- ասում է վարորդ Լեւոնը՝ շարունակելով,- նրանք երբ դուրս են գալիս ժողովրդի մեջ, 20 հոգանոց հաստագլուխների շարասյուն հետները չեն բերում: Օրինակ՝ իրանք ինչի՞ չեն վախենում իրանց անվտանգության համար, որովհետեւ թշնամիներ չունեն, վատ արարքներ չեն արել, իսկ մյուսները երբ գալիս են հանդիպման՝ քիչ ա մնում ախրանան քեզ տրորի, անցնի: Դանակը հասել ա ոսկորին, մարդիկ ջղայնացած են, կարող ա տան մեկի գլուխը ջարդեն, դրա համար էլ վախեցողները ախրանայով են մտնում ժողովրդի մեջ: Ու հետո, Գեղամյանն անկեղծ մարդ ա, չի շողոքորթում մյուսների նման: Ես ինչքան հեռուստացույցով նայել եմ Գեղամյանի հարցազրույցները՝ նա իրա խելքով դիմացինին ծալել, անհարմար վիճակում ա թողել: Գեղամյանը քաղաքական բազա ունի, սրանց նման չի, որ բանվորություն անելուց հետո պատահական ընկել են իշխանության հեքիաթի մեջ: Մանուկ Գասպարյանն էլ շատ երեսին շփացնող քաղաքական գործիչ ա: Եթե նա եկավ իշխանության՝ սրանց արած հանցագործությունները կբացահայտի, չի վախենա ոչնչից: Թե չէ, սրանք իշխանությունը ժառանգություն են թողնում իրանց համախոհներին, որ հանկարծ «չուժոյ» չգա ու իրանց կատարած մեքենայությունները բացահայտի: Ես կընտրեմ էն քաղաքական գործչին, ով առանց վախենալու կքանդի իշխանությունների կատարած հանցագործությունների կծիկը»,- հայտարարում է նա: «Ես չեմ հասկանում՝ ինչի՞ մեկը չի կանգնում ու «Հոկտեմբերի 27»-ի մասին մեզ մի հատ ռեալ բան ասում, թե՞ թքած ունեն մեր վրա: Թող չմոռանան, որ էդ տեռորից հետո բոլորս սթրեսի մեջ էինք, ու մինչեւ հիմա էլ մեզ համար էդ գործը հանելուկ մնաց: Ես հարց եմ տալիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. Պրն Քոչարյան, ինչո՞ւ չկանգնեցիք ու հայտարարություն չարեցիք էդ գործի մասին, ժողովուրդն ուզում ա իմանա` ի՞նչ եղավ: Ի՞նչ եղավ էդ անիծված Նաիրի Հունանյանը, ո՞ւր ա հիմա: Էդ գործը տենց լղոզվեց ու կիսատ-պռատ մոռացվեց, հա՞: Հարց եմ տալիս. «27»-ի գործը բացահայտվե՞ց, թե՞ չէ: Եթե բացահայտվեց, ինչի՞ մեկը լայեղ չարեց, որ կանգնի երկու խոսքով ժողովրդին տեղեկացնի, թե ինչ ա եղել: Ես չեմ խնդրում, է, պահանջում ու գոռում եմ իրանց վրա, որովհետեւ ես ՀՀ քաղաքացի եմ, ու իրանք պարտավոր են մեզ տեղեկացնել ինչ ա կատարվել: Իշխանությունը թող չմոռանա, որ իշխանավորը ծառայող ա, ոչ թե ժողովրդի տերն ու տիրակալը: Չէ՞ որ, ահել-ջահել վախի մթնոլորտում էր, ու բոլորս էլ հոգեբանական վատ ապրումներ ունեցանք: Մենակ «27»-ն ա՞, բա էն Հովասափյանի գործը, բա էն Զատիկյանի գործը… Էդ սպանությունները ջրվեցին-գնացի՞ն, բա դրա հետեւանքների համար ոչ մեկը պատասխանատվություն չի՞ կրելու: Հիմա էլ Վանաձորի դատախազի գործն են ջրում, օրումեջ ձերբակալություններ են անում, բայց ձեւի համար, որ ցույց տան, թե ուզում են գործը բացել: Քույրս Վանաձորում ա ապրում, ասում ա՝ ինչքան ջահել-ջուհուլ կա, վախենում ա փողոց դուրս գա, անկապ բռնում-տանում են: Իրանք գիտեն, չէ՞, որ էդ երեխեքը հնարավոր չի խառնված լինեն էդ գործին, բայց տանում են, որ ցույց տան, թե գործ են անում: Միառժամանակ ստից ձերբակալություններ կանեն, կթողնեն, մինչեւ որ կամաց-կամաց մոռացվի էդ գործը, որովհետեւ լավ էլ գիտեն ով ա ու լավ էլ չեն ուզում իրական մարդասպանին գտնեն: Էդ սպանությունն էլ «27»-ի ու մյուսների պես կմոռացվի: Ոնց որ հիմա «27»-ը մեր համար հանելուկ մնաց: Դե՛, եթե իրանք մեր վրա թքած ունեն, ուրեմն՝ մենք էլ… Ընտրությունների ժամանակ թող ձայնի չսպասեն»,- խոսքը եզրափակում է վարորդ Լեւոնը:

Օրը կգա, բարին հետը

«Էդ մարդը հըլա բան չի ասել, սաղ էդ են խոսում` կդնի՞, թե՞ չէ: Բայց գիտե՛ք, էս ազգին Սերժ Սարգսյանի նման նախագահ ա պետք, որ վախենան, զգաստանան: Հա՛մ հարց ա լուծում, հա՛մ սաղի վախը բռնում ա, ի՞նչ վատ ա: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դաժե չկարողացավ իրա շրջապատի հախից գա, իրա ընկերներն իրան գահից գցեցին: Էլ ի՞նչ ասես: Ճիշտ ա, ինտելիգենտ մարդ ա, կարդացած ա, բայց իրա ժամանակն էլ անցավ,- ասում է վարորդ Սարգիսն ու հիշում Արտաշես Գեղամյանին,- Ես սկզբում հավատում էի, ձենս իրան տվեցի, բայց հիմա ինչ-որ փիլիսոփայության գիրկն ա ընկել: Ուղղակի ինքը փորձ ունեցող մարդ ա, էդ Րաֆֆիի ու Դեմիրճյանի նման չի: Հիշում եմ, որ Քոչարյանի ու Դեմիրճյանի նախընտրական հեռուստաեթերի ժամանակ Քոչարյանն իրան ասաց` փորձ չունի, պատասխանեց, թե՝ ես ձեր պես նախագահ չեմ աշխատել, կաշխատեմ` փորձ կունենամ: Էրեխա ոնց որ լինի»:

Մեկին ասում են, մյուսին՝ ընտրում

Վարորդ Վարդանն անտարբերությամբ ասում է. «Օրը կգա, բարին հետը: Դուք էլ էս վարորդների ասածները շատ լուրջ եք ընդունում: Անկապ-անկտուր խոսում են, է՛լի: Մեր սերվիսում մի մարդ կար, որ ամբողջ տարին սաղին ստիպում էր, որ ընտրությունների ժամանակ ընտրեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ընտրությունների ժամանակ սաղ իրանց ձայները տվեցին «Բարգավաճին», իսկ ինքը գնաց «Ժառանգությանն» ընտրեց: Էդքանից հետո ո՞նց եք իրանց ասածը հալած յուղի տեղ ընդունում: Իրանց գրածն էլ որ թերթերում տեսնում են՝ լրիվ էքստազի մեջ են ընկնում, ամբողջ գիշեր մտածում են, թե ինչ են խոսալու, որ թերթում գրեք: Նենց որ, եթե հիմա ասեմ՝ էսինչ թեկնածուին եմ ընտրելու՝ կարող ա վաղն իմ որոշումը փոխվի»,- ասում է Վարդանն ու ծիծաղում գործընկերների վրա: «Մի հատ Գեւորգ ունենք, մի անգամ իրա ասածները գրել եք, էդ թերթը քիչ ա մնում դնի ռամկի մեջ ու պատից կախի: Ամբողջ օրը ձեռքը բռնած մարդկանց ցույց ա տալիս ու հպարտանում ա, թե ո՜նց ա քննադատել էս իշխանություններին: Ես էլ ասում եմ՝ ախպեր, եթե տենց ռիսկով ճշմարտությունն ասող ես, բա ինչի՞ չես թողել, որ իսկական անունդ գրվի»: