Վարչապետը հրաժարական է տվել

14/09/2007

Երեկ հրաժարական է տվել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության հրաժարականը եւ խնդրել Միխայիլ Ֆրադկովին՝ կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները՝ մինչեւ նոր վարչապետի թեկնածության՝ Պետդումայի կողմից հաստատումը: «Ես կարծում եմ, որ իմ կողմից ճիշտ կլիներ հանդես գալ կառավարության նախագահի պաշտոնն ազատելու նախաձեռնությամբ, որպեսզի Ձեզ մոտ գալիք քաղաքական իրադարձությունների հետ կապված իշխանական կառուցվածքի կազմավորման որոշումների ընդունման ժամանակ չլինի որեւէ սահմանափակում»,- Պուտինին իր հրաժարականը ներկայացնելիս հիմնավորել է Ֆրադկովը: Իր հերթին, Պուտինը Դումային է առաջարկել Ռոսֆինմոնիտորինգի ղեկավար Վիկտոր Զուբկովի թեկնածությունը: Դուման Զուբկովի թեկնածությունը քննարկելու է սեպտեմբերի 14-ին: Քաղաքագետները Ֆրադկովի հրաժարականը եւ Զուբկովի նշանակումը բացատրում են իշխանությունը «պուտինյան խմբին» փոխանցելու շարժառիթով: Այդ փոխանցման արդյունքում, ըստ ուկրաինացի քաղաքագետ Իգոր Բուրակովսկու, Պուտինն իր նախագահական ժամկետի ավարտից հետո եւս կշարունակի վերահսկել Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական իրավիճակը: