Այս վերնագրով 2006թ. Մոսկվայում երկրորդ հրատարակությամբ լույս է տեսել փիլ. գիտ. թեկնածու, փոխգնդապետ Վ. Կրիվոպուսկովի գիրքը: Այնտեղ հրապարակված են հեղինակի` ռուս սպայի օրագրային գրառումները, որը 1990-1991թթ. եղել է ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ ՆԳՆ Օպերատիվ-հետախուզական շտաբի պետը:
Գրքում փաստագրական ճշգրտությամբ տեղեկություններ կան ղարաբաղյան շարժման առաջնորդների եւ ընդհատակի, նաեւ՝ ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների, սպաների ու շարքային զինվորների մասին: Կրիվոպուսկովին հաջողվել է իրապես նկարագրել Լեռնային Ղարաբաղի դրամատիկ, երբեմն էլ՝ ողբերգական իրադարձությունները, ինչը հատկապես արժեքավոր է, եթե նկատի ունենանք, որ այն օրերին ԶԼՄ-ները, ենթարկվելով Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար, ԼՂԻՄ-ի հարցերով Հանրապետական կոմիտեի նախագահ Վիկտոր Պոլյանիչկոյին, որն իր անփառունակ վախճանը գտավ Հյուսիսային Օսիայում, եւ ԼՂՀ պարետ, գեներալ Սաֆրոնովին, գրեթե ամեն ինչ խեղաթյուրված էին ներկայացնում կամ ընդհանրապես լռում էին այդ մասին:
Կրիվոպուսկովը նպատակ է դրել ընթերցողին ծանոթացնել ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների, սպաների, շարքային զինվորների հետ, որոնք ծառայության բերումով հայտնվել էին Ղարաբաղում եւ որոնք ոչինչ կամ շատ քիչ բան գիտեին այդ երկրի, նրա պատմության, մշակույթի ու մարդկանց մասին: Նրանք ստիպված էին ղեկավարվել անիմաստ արտահայտությամբ. «Մենք կաջակցենք ցանկացած որոշման, որ կկայացնեն հակամարտող կողմերը»: Ուրեմն ո՞րն էր նրանց դերը:
Կրիվոպուսկովի գրառումները պատմում են քիչ հայտնի իրադարձությունների ու մարդկանց մասին: Նա օբյեկտիվորեն, հաճախ՝ նույնիսկ հակառակ ղեկավարության կարծիքի, որոշումներ է կայացրել` համատեղելով զինվորականի պարտքն ու մարդկային խիղճը` երբեմն անգամ իրեն վտանգի ենթարկելով: Կրիվոպուսկովի ամենամեծ արժանիքներից մեկն այն է, որ նա կարողացել է ոչ միայն անաչառ գնահատել իրադարձությունները, այլեւ ձգտել է շրջապատողներին ցույց տալ իրերի իրական դրությունը: Նա չափազանց լավ է բնութագրում իր գործընկերներին` գնդապետներ Գուդկովին, Շեւելյովին, Տկաչին, գեներալներ Կովալյովին, Նեկրիլովին, շատ սպաների: Կարեւոր է նաեւ այն, որ հեղինակը հաճախ թռուցիկ անդրադառնում է նաեւ տեղի բնակչության վերաբերմունքին ռուս զինվորների նկատմամբ: Նշենք, որ Կրիվոպուսկովը կարճ ժամանակում կարողացել է հասկանալ, թե ինչո՞ւ հայերը չեն ուզում ապրել Ադրբեջանի կազմում: Դա նշանակում է, որ հակամարտությունը պետք է լուծել սահմանադրական ճանապարհով, ոչ թե արտակարգ դրություն հայտարարելով ու «Կոլցո» օպերացիան սկսելով, ինչին դեմ էր արտահայտվում Կրիվոպուսկովը, սակայն, ավաղ, նրա ուժերը բավարար չէին:
Երկրորդ հրատարակության մեջ Կրիվոպուսկովն ընդգրկել է նաեւ ղարաբաղյան դեպքերի ականատեսների վկայությունները: Գրքում բացահայտ երեւում է խնդրի պատմական կողմը. ԼՂՀ-ի տարածքում են գտնվում ավելի քան 1600 հայկական հուշարձաններ` եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, եւ ընդամենը երկու մզկիթ: Ահա եւ դատեք ինքներդ, թե ում հողն է սա: Կրիվոպուսկովի գրքի նյութերն արժեքավոր են նաեւ այս առումով: Եվ ուզում ենք հուսալ, որ Կրիվոպուսկովը` Հայաստանի հետ բարեկամության Ռուսաստանյան ընկերության նախագահը, դեռ կլրացնի իր գրքի նոր հրատարակությունը, ինչն արժեքավոր ձեռնարկ կդառնա խռովարար Ղարաբաղի իրադարձությունները լուսաբանելիս: Կրիվոպուսկովի գրքի գնահատականն ամբողջական չէր լինի, եթե իբրեւ վերջաբան չմեջբերեինք Անդրեյ Նույկինի «Շնորհակալություն քեզ, Ղարաբա՛ղ» հետգրությունից մի հատված. « Կրիվոպուսկովը Ղարաբաղում ապրել է մի տարի: … Սակայն այդ կարճ ժամանակը նրա կյանքում դարձել է շատ կարեւոր ու նշանակալից: 1990թ. հոկտեմբերին Ղարաբաղ է գալիս մի մարդ` խաղաղ, շատ հարցերում միամիտ պետական ծառայող, կոմերիտական «ապարատչիկ», կարգապահ, հրամաններին ենթարկվող, իսկ այնտեղից հեռանում է համարյա ընդդիմադիր, համարյա խռովարար մեկը, որը մի տեսակ ընդհատակյա պայքար է ծավալում նրանց դեմ, ում նախկինում լուռ ենթարկվում էր…»:
Մ.ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան-Ռուսաստան» ընկերության նախագահ