Փարիզում ապրող նկարչուհի Սիլվա Առաքելյանը, ով հանդես է գալիս Ասիլվա անվան տակ, ցանկանում է իր քանդակների, փորագրությունների, գեղանկարչական եւ պլաստիկ աշխատանքների միջոցով ոչ թե զարմացնել կամ հիացնել հանդիսատեսին, այլ պարզապես խորհելու առիթներ տալ:
Թուրքիայում ծնված նկարչուհին խոստովանում է, որ ներքուստ ամուր կապեր ունի Հայաստանի հետ եւ ուզում է ուրախություն ու վառ գույներ բերել մեր երկիր: Նրա ավանգարդիստական գործերի ցուցադրությունը բացվելու է այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսի անվանումն է՝ «Ուղեւորություն արտաշխարհից դեպի ներաշխարհ»:
Ասիլվան Սորբոնի համալսարանում մաթեմատիկա ու փիլիսոփայություն է ուսումնասիրել եւ սկսել է նկարել արդեն հասուն հասակում: Իր նկարներում նա ցանկանում է փոխկապակցել մաթեմատիկական թվերն ու փիլիսոփայական հայացքը: Ասիլվան մի քանի աշխատություն է հրապարակել, որտեղ ուսումնասիրել է «ոսկե հատման» սկզբունքի օգտագործումը Ռեմբրանդտի եւ Սեռայի կտավներում: «Ոսկե բաժանման կամ հատման գծերը մեկ ամբողջություն են դարձնում այն տարածքը, որտեղ նկարներ են կախված: Ես ուսումնասիրել ու Ռեմբրանդտի կտավների կառուցվածքի մաթեմատիկական հաշվարկներն եմ արել: Այդ աշխատությունները գնել է Լուվրը, եւ հիմա դրանք գտնվում են այդ թանգարանի արխիվում: Լուվրի արխիվը միշտ բաց է երիտասարդ նկարիչների եւ արվեստաբանների համար»,- ասում է նա:
Երեւանում ցուցադրություն կազմակերպելիս էլ Ասիլվան փորձել է մեկ ամբողջական գեղանկարչական տարածք ստեղծել: «Իմ աշխատանքները պարզապես կողք կողքի դրված առանձին նկարներ չեն, այլ` մեկ ամբողջություն: Ես ուզում եմ, որ ցուցասրահ մտնողը բոլորն իրար հետ տեսնի: Դա է իմ փափագը»,- ասում է նա եւ ամբողջականության պատրանքը ստեղծում է հայելիների օգնությամբ:
Նա նկատել է, որ մենք հաճախ անկեղծ չենք լինում սեփական անձի գնահատականը տալու պահին եւ հակված ենք ինքներս մեզ խաբել: Այդ դիտարկումն օգտագործելով, նա իր գեղանկարչական կտավների շարքում հայելիներ է տեղադրել, որպեսզի ցուցահանդեսի այցելուներն իրենց կողքից նայելու հնարավորություն ունենան: «Հայելին ռիթմ է ստեղծում: Եվ հետո էլ հայելին ինքներս մեզ ճանաչելու միջոց է: Ինձ համար նկարչությունը սկսվեց այն ժամանակ, երբ փորձեցի հասկանալ` թե ո՞վ եմ ես իրականում: Ամեն անգամ, երբ նայում էի հայելու մեջ ու տեսնում էի դեմքիս արտացոլումը, մտածում էի, որ կուզեի ավելի գեղեցիկ ու երիտասարդ լինել: Այն դեմքը, որն ինձ էր նայում հայելու միջից, հեռու էր իմ փափագած կերպարից: Ես զգացի, որ պետք է աշխատեմ` ինքս ինձ հավանելու համար: Ստացվում է այնպես, որ հայելու մեջ նայելու ժամանակ մենք համապատասխան ձեւեր ենք ընդունում եւ քամելեոնի ենք նմանվում»,- ասում է նա: Ասիլվան մեջբերում է Լեոնարդո դա Վինչիի խոսքերը, ով ասում էր, որ ավարտված գործը միշտ պետք է ճշգրտել հայելու միջոցով: «Կարեւորն այն է, որ իրականը լինի նույնը, ինչ արտացոլվածը»,- ասել է Լեոնարդոն:
Ասիլվան, ով տարբեր միջազգային ցուցադրումների է մասնակցել, ցանկանում էր, որ մարդիկ պարզ, սթափ ու մաքուր հայացքով իրենց նայեն հայելու մեջ: Եվ դրան հասնելու համար իր գործերում օգտագործում է խճճված ֆորմաները, հստակ գույներն ու հայելապատ մակերեսները: