Եզակի օրենքներից մեկը

14/09/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ մեկնարկեց գրեթե նորընտիր Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Եվ երեկ հայկական պառլամենտարիզմի վերջին շրջանի այն եզակի օրերից էր, երբ վաստակած հանգստից վերադարձած գրեթե բոլոր օրենսդիրները բարեհաճել էին գալ խորհրդարան: Իսկ այդ մասին վկայում էին ոչ այնքան մի կերպ դահլիճում նստած պատգամավորների խղճահարույց դեմքերը, որքան Դեմիրճյան փողոցում կուտակված շքեղ մեքենաները: Իհարկե, նրանք այսօր էլ ստիպված են լինելու ներկայանալ խորհրդարան` կոճակ սեղմելու նպատակով: Ազգային ժողովը գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու է Աղվան Հովսեփյանին:

Ազգային ժողովի երեկ մեկնարկած աշնանային նստաշրջանի առաջին օրը անցած եւ գալիք նիստերից տարբերվում էր միայն պատգամավորների առատությամբ: Դրա պատճառը ոչ միայն «օրվա հանդիսավորության» զգացումն էր, այլեւ այն, որ ԱԺ-ում սպասվում էր գլխավոր դատախազի թեկնածության քննարկում-հաստատումը, քանի որ Ռոբերտ Քոչարյանն առաջադրել է գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածությունը:

Սակայն այդ հարցի քննարկումը հետաձգվեց եւ տեղի կունենա այսօր, ու այդ ընթացքում, անկասկած, գովասանքի խոսքեր կհնչեն ինչպես Հովսեփյանի, այնպես էլ նրա թեկնածությունն առաջադրելու խոհեմություն ցուցաբերած Քոչարյանի մասին: Քանի որ, ինչպես երեկվա ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, Ռոբերտ Քոչարյանը գլխավոր դատախազի պաշտոնում վերստին առաջադրել է Ա. Հովսեփյանին` հաշվի առնելով Դատախազությունում ընթացող բարեփոխումները: Իսկ այն դիտարկմանը, թե նրա պաշտոնավարության ընթացքում մեծ թվով աղմկահարույց սպանություններ են կատարվել, Տ. Թորոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, Դատախազությունում սկսվել է կարեւոր բարեփոխումների մի շրջան, հատկապես Սահմանադրական փոփոխություններից հետո, եւ շատ կարեւոր է, որ այդ բարեփոխումները շարունակվեն եւ ունենան արդյունավետ ավարտ: Ինչ վերաբերում է այդ դեպքերին, ապա ես ավելի քան համոզված եմ, որ խորհրդարանի դահլիճում պարոն Հովսեփյանի թեկնածության քննարկման ժամանակ հարցեր են հնչելու այդ դեպքերի հետ կապված, եւ հուսով եմ` Ա. Հովսեփյանը սպառիչ պատասխաններ կտա այդ խնդիրների հետ կապված»: Ըստ Տ. Թորոսյանի` Ա. Հովսեփյանն այսօր խորհրդարանում սպառիչ պատասխան կտա նաեւ այն հարցին, թե ինչու որոշեց ազատ արձակել արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին այն բանից հետո, երբ դատարանն ընդամենը մի քանի օր առաջ Ա. Արզումանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց եւս երկու ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել: «Կարծում եմ, առաջիկայում, երբ մենք քննարկենք գլխավոր դատախազի նշանակման հարցը, համոզված եմ` այդ հարցը տրվելու է, եւ բոլորս կլսենք պարոն Հովսեփյանի մեկնաբանությունն ու կարող ենք եզրակացություններ անել»,- ասաց ԱԺ նախագահը:

Երեկվա ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն ավելի արդյունավետ չլինելու դեպքում ՀՅԴ-ն կարող է առաջ քաշել ԼՂՀ-ն Հայաստանի հետ միավորելու տարբերակը: Ըստ Տիգրան Թորոսյանի` նման զարգացումները կարող են վտանգավոր լինել ԼՂՀ հակամարտության կարգավորման համար: «Ես հարգում եմ ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ մյուս կուսակցությունների եւ խմբակցությունների տեսակետները, բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ միակ տարբերակը, որով մենք կարող ենք ապահովել ԼՂՀ իրավական ճանաչումը միջազգային հանրության կողմից` անկախությունն է, որովհետեւ անկախության ճանաչման համար ինքնորոշման իրավունքի կիրառմամբ կան բոլոր իրավական, պատմական, քաղաքական հիմքերը: Ճիշտ է` ընդհանրապես աշխարհում, մասնավորապես` Եվրոպայում, լուրջ պրոբլեմ կա այս իրավունքի կիրառման տեսակետից, եւ մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք ԼՂՀ իրավական ճանաչման համար` միջազգային հանրության կողմից: Բայց սա միակ, ճիշտ եւ իրողություններին համապատասխանող տարբերակն է այն խնդիրների լուծման համար, որոնք մենք հետապնդում ենք ԼՂՀ հարցի հետ կապված: Հակառակը հղի է լուրջ հետեւանքներով,- ասաց Տիգրան Թորոսյանը` նկատելով,- Հիշեցնեմ 1416 բանաձեւի այն ձեւակերպումը, որտեղ ասվում էր, որ ԼՂՀ-ն կարող է անջատվել Ադրբեջանից ժողովրդավարական մեխանիզմներով եւ ԼՂՀ բնակչության ժողովրդավարական աջակցության, այսինքն` հանրաքվեի միջոցով: Այնուհետեւ ասվում էր, որ Հայաստանին միանալու դեպքում այն ճանաչվելու է որպես ԵԽ անդամ երկրի ագրեսիա մեկ այլ անդամ երկրի նկատմամբ: Մենք իրավունք չունենք միջազգային իրավունքի նորմերն անտեսել: Այո, մենք մեկ ժողովուրդ ենք, ունենք մեկ հայրենիք, տվյալ հարցում մեկ նպատակ, սակայն կարեւոր է տեսնել, որ այդ նպատակին հասնելու համար մենք պետք է ունենանք երկու անկախ հանրապետություն»: