Օգոստոսի 24-26-ն Արգենտինայի մայրաքաղաքում անցկացված կարատեի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականը չորրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով նվաճել է 15 ոսկե, ութ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, ինչպես նաեւ արժանացել է Ոսկե գավաթի: Կարատեի միջազգային ասոցիացիայի ղեկավարությունը գնահատելով հայկական թիմի անընդմեջ չորս հաղթանակները` 2000թ.՝ ԱՄՆ-ում, 2003թ.` Կանադայում, 2005թ.` Իտալիայում եւ 2007թ.` Արգենտինայում` որոշում է ընդունել 2009 թ. աշխարհի գավաթի առաջնությունն անցկացնել Հայաստանում: «Սա մեզ համար բացառիկ երեւույթ է, կանխատեսումներ չանենք, սակայն կարծում ենք, որ ամենաքիչը 50-55 երկիր անպայման կժամանի: Մեր հաղթանակների գնով այնպիսի համակրանք ենք ստեղծել, որ շատերը ցանկություն ունեն այցելել մեր երկիր: Կարծում եմ, որ սա շատ մեծ առիթ կլինի ներկայացնելու մեր ազգն ու մշակույթը»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը: Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով, այս հաղթանակը խորհրդանշում է, թե որքան զորեղ է «հայոց մարտական ոգին»: «Մրցման գնալիս երիտասարդներն օրհնություն էին ստանում, խաչակնքվում եւ նոր միայն մտնում «մարտի դաշտ»: Հոգեւոր եւ բարոյական ներուժը տվեց իր բարի պտուղները. չորս անգամ անընդմեջ պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը` համաշխարհային ռեկորդ է»,- ասել է նա: Այն, ինչի մասին 1970-1980-ական թվականներին միայն կարելի էր երազել, սրբազանի խոսքով, իրականություն դարձավ ցանկության, աշխատանքի, հավատի ու կամքի շնորհիվ: «Արեւելյան մարտարվեստը պահանջում է մեծ կամք, ոգի եւ, ամենակարեւորը` հավատ հաղթանակի նկատմամբ: Եթե դու հոգուդ մեջ հաղթանակ ես տանում հակառակորդի նկատմամբ` մարմինը գնում ու իր կնիքն է դնում: Մեր մարզիկները հոգու հաղթանակն արդեն Հայաստանում էին ձեռք բերել»,- ասել է պատվավոր նախագահը: Հայաստանի հավաքականը, Պարգեւ սրբազանի ներկայացմամբ, ի տարբերություն այլ երկրների հավաքականների` «շատ մաքուր, վարպետորեն եւ կոռեկտ է խաղացել ու հաղթանակ տարել»: Հայաստանի կարատեի ֆեդերացիան ցանկություն ունի Երեւանում անցկացվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը հրավիրել նաեւ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին: Հոլիվուդյան նախկին գերաստղի անմիջական մարզիչը Կարատեի միջազգային ասոցիացիայի ղեկավար, ճապոնացի լեգենդար վարպետ, 10-րդ դան Սոկեկու Բոտանին է: Նա մարզել է նաեւ հոլիվուդյան դերասաններ Թոմ Կրուզին, Ջիմ Քերիին, Պիրս Բրոսնանին եւ այլոց: «Աշխատելու ենք անել հնարավորը, որպեսզի Սոկեկու Բոտանին իր հետ Հայաստան բերի նաեւ Շվարցենեգերին»,- ասաց Գ. Միքայելյանը: