Հայերը կգնան Բաքու

14/09/2007

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է մեկնել Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 17-ին մեկնարկող աշխարհի առաջնությանը: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են, եւ դեռեւս խնդիրներ չեն ծագել: «Ազատություն» ռ/կ-ին այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Վարդանյանը: Հայկական պատվիրակությունը երկու խմբով մեկնելու է Թբիլիսի, այնտեղից էլ՝ Բաքու: Լեւոն Վարդանյանի խոսքերով՝ տոմսերն արդեն գնված են, իսկ մուտքի արտոնագրերը պատվիրակությունը պետք է ստանա Բաքվի օդանավակայանում: Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներով տարածված այն տեղեկություններին, թե Հայաստանի հավաքականը կարող է չմասնակցել աշխարհի առաջնությանը, քանի որ մասնակցության հայտ դեռեւս չի ներկայացրել, Վարդանյանը նշել է, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինետին պաշտոնական նամակով Հայաստանի հավաքականին տեղեկացրել է մրցաշարին մասնակցելու իրավունք ստանալու մասին եւ հաջողություն է մաղթել: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ հավաքականն աշխարհի առաջնությանը լրջորեն է մոտենում՝ տարբեր ուսումնամարզական հավաքներ է անցկացրել, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Այս օրերին էլ հայ ըմբիշները վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Երեւանում: «Մեր հավաքականը Բաքու է մեկնում ուժեղագույն կազմով: Հավաքականի առաջատար ըմբիշներն այս պահին լավ մարզավիճակում են: Նրանց առջեւ դրված հիմնական խնդիրն աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն է, ինչը թույլ կտա ստանալ օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ»,- ասել է Լեւոն Վարդանյանը: