«Armenia Sacra»-ի վերադարձը

14/09/2007

Այսօր Երեւանի Պատմության թանգարանում կբացվի «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը, որը մի քանի ամիս շարունակ ներկայացվել է Փարիզի հանրահայտ Լուվր թանգարանում: «Սուրբ Հայաստան` Armenia Sacra» ցուցահանդեսը Հայաստանի գանձերի ամենախոշոր ու տպավորիչ ցուցադրումներից է, որը երբեւիցե կազմակերպվել է արտասահմանում: Պատմության թանգարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Մատենադարանի ավելի քան 200 ցուցանմուշներն ամբողջացնում են մեր ժողովրդի քրիստոնեական պատմությունը: Ցուցանմուշների մաս են կազմել խաչքարերը, քանդակները, ձեռագիր գրքերն ու եկեղեցական պարագաները: Լուվրն այդ ցուցահանդեսի համար տրամադրել էր իր ամենամեծ սրահներից մեկը, որի հատակի ու պատերի հարդարանքը կարծես նախշազարդ խաչքարերի շարունակությունը լինեին: Մեր խաչքարերի եւ գանձերի հետ Ֆրանսիայում օրական մի քանի հազար զբոսաշրջիկ էր ծանոթանում: Հիմա այդ գեղեցիկ ու հստակ թեմատիկ կառուցվածք ունեցող ցուցադրումը կբացի իր դռները Հայաստանի բնակիչների ու հյուրերի համար: Այն կլինի փարիզյան ցուցադրության ճիշտ կրկնօրինակը: «Armenia Sacra»-ն առաջին ցուցադրումն է, որը Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում ցուցադրվելուց հետո Հայաստան է վերադարձել եւ ներկայացվելու է հայրենիքում: Դրան կհաջորդի Այվազովսկու կտավների ցուցադրումը: