«Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը երեկ գործարար հանրությանը ներկայացրեց իր կողմից մշակված տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման նոր ծառայությունների փաթեթը:
Ընկերությունը «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի» միջազգային, մասնագիտական ցանցի անդամ է: «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլը» ներկայացված է մոտ 113 երկրներում: «Գրանթ Թորնթոն Ամիօն» խորհրդատվական ընկերություն է, որն իր 521 գրասենյակներով՝ 10 տարուց ավելի է, ինչ գրանցված է Հայաստանում եւ միավորում է մի շարք ոլորտների մասնագետների` աուդիտորների, ֆինանսական, հարկային մասնագետների, իրավաբանների եւ այլն:
Ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասիի խոսքերով` ՏՏ կառավարման նոր ծառայությունների փաթեթի շնորհանդեսը մեկ տարի առաջ սկսված աշխատանքի արդյունքն է. «Այս գործընթացի շրջանակներում առաջին հերթին մենք կապվել ենք միջազգային հաստատությունների հետ, որոնք պատասխանատու են ՏՏ աուդիտի եւ կառավարման գործածության զարգացման միջազգային չափանիշների համար: ՏՏ ոլորտի զարգացման նպատակով կապեր ենք հաստատել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, ՀՀ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Հայաստանյան բանկերի միության, ինչպես նաեւ Արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի հետ»:
«Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը հաշվապահական, աուդիտորական եւ խորհրդատվական առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում եւ մասնագիտական ծառայություններ տրամադրող ամենախոշոր ընկերությունն Անդրկովկասում: Ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը նշում է, որ սա նոր ոլորտ է ՀՀ մասնագիտական ծառայությունների ոլորտում, դրա զարգացումը հնարավոր կլինի միայն բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսության դեպքում. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման եւ խորհրդատվական ծառայությունների այս նոր փաթեթի ստեղծումն առաջին հերթին պայմանավորված է դրա պահանջարկով: Մեկ տարի առաջ մենք ձեռնամուխ եղանք այս ծառայությունների զարգացմանը, եւ մեր ընկերությունում էլ այս ոլորտը սկսեց զարգանալ: Այսօր հայաստանյան տնտեսությունը որոշակի փոփոխություններ է ապրում, ինտեգրվում է միջազգային տնտեսությանը, Հայաստանը միանում է մի շարք կոնվենցիաների: Բացի դրանից, ընկերություններում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ պահանջը սկսում է փոխվել: Սրանք նույնպես ազդեցին ծառայության ստեղծման վրա: Հետո, մեր հաճախորդները, որոնք օգտվում են մեր այլ ծառայություններից, հնարավորություն կունենան դրանց մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալ: Եվս մեկ ոլորտի համար մեզ կդիմեն: Մեր առաջնային թիրախը հանդիսանում են կառավարությունը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ինչպես նաեւ՝ տնտեսության այլ ճյուղերի ներկայացուցիչները: ՏՏ կառավարման եւ խորհրդատվության ծառայությունների նմանատիպ փաթեթ առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում: Այսօր ամբողջ աշխարհում այս ոլորտը բավական զարգացած է, իսկ մենք մի քիչ հետ էինք մնում այդ պրոցեսներից: «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլն» այս ոլորտում մեծ փորձ ունի եւ այլ երկրներում բավական երկար տարիներ տրամադրում է նման ծառայություն: Մենք կարեւորում ենք նաեւ մասնագետների պատրաստումը: ՏՏ կառավարումը համակարգ է, եւ այն պետք է ավանդույթներ ունենա, ինչպես ցանկացած համակարգ, իր տեղն ու դերը պետք է գտնի մեր հասարակությունում»: