Այն, որ Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ հարուցված իբր «քրեական գործն» իրականում քաղաքական դրդապատճառներ ուներ, հայտնի էր նրա ձերբակալության առաջին իսկ օրվանից: Դա լավագույնս ապացուցվեց նախօրեին, երբ երեկոյան Ալեքսանդր Արզումանյանն անսպասելիորեն ազատ արձակվեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ դատարանը նրա կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու որոշում էր կայացրել` առանց որեւէ հիմնավորման: Երեկ էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ըստ էության, խոստովանել է, որ Արզումանյանին ազատությունից զրկել էին իշխանությունների պատվերով: «Արզումանյանին կալանքի տակ պահելը ես այլեւս նպատակահարմար չգտա»,- երեկ ասել է Աղվան Հովսեփյանը` ուղղակիորեն հաստատելով, որ Արզումանյանի «գործի» հիմքում դրված է (նա շարունակում է մնալ որպես մեղադրյալ եւ ազատ է արձակվել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ) բացառապես նպատակահարմարությունը: Քաղաքական նպատակահարմարությունը: