Անցած շաբաթ սպանվեց Չեչնիայի վարչապետ եւ ապստամբների առաջնորդ Ասլան Մասխադովը։ Շաբաթվա վերջին ռուսական անվտանգության ուժերը Չեչնիայում սպանեցին Քանթաշ Մանսարովին։ Նա, ինչպես հաղորդվում է, ձերբակալվելիս դիմադրել է։ Չեչենական դիմակայությունը չի ընկրկում քաղաքական սպանություններից։ Նրա ահաբեկչական թեւն իր վրա է վերցնում ամենաչարամիտ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը։ Այսուհանդերձ, դա Ռուսաստանի իշխանություններին եւ նրա դաշնակիցներին ոչ մի իրավունք չի տալիս գործելու միեւնույն միջոցներով։ Չի կարելի հաղթել ահաբեկչությանը՝ լինելով ահաբեկիչ։ Սա դատարկ հումանիզմ չէ, այլ` տրամաբանության հարց։
Ասլան Մասխադովի սպանությունը Ռուսաստանի ղեկավարությունը ներկայացնում է որպես խոշոր հաղթանակ եւ որպես Չեչնիայում` պատերազմին ու ռուսական հողում` ահաբեկչությանը վերջ տալու ուղղությամբ կատարված կարեւոր քայլ։ Այսուհանդերձ, շատ ռուսաստանցիներ իրենց անվտանգ չեն զգում եւ չեչեն ապստամբների կողմից սպասում են վրիժառության ակտերի։ Շատերը վախենում են, որ Տոլստոյ-յուրտ բնակավայրի բետոնե թաքստոցում Մասխադովի դաժան սպանությունն առիթ կդառնա նոր գործողությունների։
«Հիմա չեչենների ղեկավարներն ավելի կհակվեն ծայրահեղականության»,- ասում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին, ով կտրուկ դեմ է Չեչնիայում Կրեմլի վարած քաղաքականությանը։
Մասխադովը մյուսների, ասենք օրինակ՝ Բեսլանի արյունալի ահաբեկչության կազմակերպիչ Շամիլ Բասաեւի համեմատ ավելի չափավոր առաջնորդ էր։ Լինելով Խորհրդային բանակի նախկին գնդապետ, նա այն դեմքն էր, ում հետ Կրեմլը կարող էր խաղաղության շուրջ բանակցել, ինչպես դա եղավ 1996-ին։ Իսկ հիմա, եթե անգամ Կրեմլը նման ցանկություն ունենա, տասնամյա պատերազմն ավարտելու հարցով ո՞ւմ հետ պիտի բանակցի։ Իսկ եթե պատերազմը շարունակվի եւ ռուս ընտրողները պահանջեն խաղաղություն, Կրեմլը կափսոսա, որ սպանել է Մասխադովին։
Կենդանության օրոք ռազմիկներին գնահատում են ռազմի դաշտում ցուցաբերած քաջությամբ, իսկ մահից հետո` նրանով, թե ինչպես է զոհվել։ Ռուսական հատուկ ծառայությունները` շրջապատելով Մասխադովի թաքստոցը, առաջարկել էին հանձնվել։ Նա հրաժարվել էր, եւ ֆեդերալները պայթեցրել էին բետոնե թաքստոցը։
Անհնազանդության այս վերջին դրսեւորումն էականորեն փոխեց Մասխադովի հեղինակությունը։ Տարիներ շարունակ նախկին զինակիցների զգալի մասն արհամարհում էր նրան՝ համարելով թույլ քաղաքական առաջնորդ։ Ռուսաստանից անջատվելու համար մղվող հաղթական պատերազմից հետո, 90-ականների կեսերին նա թույլ էր տվել բանդիտներին ու կրոնական ֆանատներին վերահսկողություն ունենալ Չեչնիայում։ Արմատականները դատապարտում էին ռուսների հետ բանակցելու նրա ձգտումները։ Բազմաթիվ հասարակ չեչեններ նրան համարում էին իրենց դժբախտությունների աղբյուրը։ Մասխադովը դեմ էր ահաբեկչությանը եւ կողմ խաղաղ բանակցություններին, ինչի համար Բասաեւն էլ էր արհամարհում նրան։
Իսկ հիմա Մասխադովը դարձել է Իսլամի եւ իր ժողովրդի նահատակը։ Նրա մահը կարող է ավելի սրել հակամարտությունը։ Եվ չնայած` կրեմլյան որոշ պաշտոնյաներ կանխագուշակում են չեչենական պարտիզանական շարժման դանդաղ մահը, Մասխադովի մահից հետո Բասաեւի ազդեցության մեծացումը շատ հավանական է։