Ինչո՞ւ կալանավորեցին, ինչո՞ւ ազատեցին

10/09/2007

Նախօրեին, ուշ երեկոյան ազատ է արձակվել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով արդեն 4 ամիս կալանավորված էր «փողերի լվացման» մեղադրանքով: Այս գործում առկա անհեթեթություններին բազմիցս անդրադարձել ենք:

Ա. Արզումանյանի ազատ արձակումը փաստորեն եւս մեկ անգամ փաստեց, որ մեր երկրում «դատական համակարգ» ասվածն ուղղակի խայտառակ վիճակում է, կարելի է ասել՝ գոյություն չունի, իսկ համապատասխան գործերով որոշումները կայացվում են այլ մարդկանց կողմից՝ բոլորովին այլ դրդապատճառներով: Հիշեցնենք, որ «դատարանն» ընդամենը մի քանի օր առաջ էր, առանց որեւէ հիմնավորում նշելու, «չորով» որոշել եւս երկու ամսով՝ մինչեւ նոյեմբերի 7-ը երկարաձգել Ա. Արզումանյանի կալանքը, որ այդ ընթացքում քննչական խումբը մի տեղից կեղտոտ փողեր գտներ ու փորձեր կապել Արզումանյանի անվան հետ: Նախօրեին պարզապես փոխվել է Արզումանյանի խափանման միջոցը (ստորագրություն՝ քաղաքից չբացակայելու մասին): Պաշտոնապես նշվում է, թե խափանման միջոցը փոխելու ցուցումը տվել է անձամբ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ այն բանից հետո, երբ Մոսկվա գործուղված քննչական խումբը զեկուցել է նյութերի մասին: «Ցուցումը պայմանավորված էր նրանով, որ ես համոզվեցի, որ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում քրեական գործի շրջանակներում մեր իրավապահ մարմինների կողմից ամեն ինչ արվել է, բոլոր քննչական գործողություններն իրականացվել են,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ ասել է Ա. Հովսեփյանն ու հավելել,- Մենք սպասում ենք մեր հանձնարարականին, իրավական միջնորդության պատասխանին Ռուսաստանի Դաշնությունից, որը, երեւի թե, տեւական ժամանակ կպահանջի: Այս պայմաններում Արզումանյանին կալանքի տակ պահելը ես այլեւս նպատակահարմար չգտա»: Հովսեփյանն ընդգծել է, որ առաջադրված մեղադրանքը նույնությամբ մնացել է, եւ նախկին արտգործնախարարը՝ որպես քրեական գործով մեղադրյալ: Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Մարկոսի նկատմամբ Հայաստանի Գլխավոր դատախազության հայտարարած հետախուզումն ուժի մեջ է. գործն ուղարկված է Ռուսաստանի Դատախազության վարույթ: Սկզբնական փուլում տվյալներ էին ձեռք բերել, թե գումարները Հայաստան փոխանցվել էին Մարկոսի միջոցով, սակայն հետագայում, Հովսեփյանի բնորոշմամբ՝ «ի հայտ եկավ մի անձ, որը խոստովանեց գումարների փոխանցումն իր միջոցով»: Խոսքը մոսկվաբնակ Սաշիկ Աղազարյանի մասին է: «Քրեական գործից ակնհայտորեն երեւում է, որ այդ անձը եւ Լեւոն Մարկոսը համատեղ ձեռնարկություն են ունեցել եւ աշխատել են միասին»,- ասել է գլխավոր դատախազը: Հիշեցնենք, որ Ա. Արզումանյանը կալանավորվել էր Լ. Մարկոսի՝ «ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու» համար, սակայն հետագայում պարզվել էր, որ Լ. Մարկոսը չի եղել Ա. Արզումանյանին գումար փոխանցողը, իսկ փոխանցված գումարն էլ, դեռ չեն էլ պարզել՝ «կեղտո՞տ փող է», թե՞ ոչ: Եվ այս պայմաններում «դատարանը» երկարացրեց Ա. Արզումանյանի կալանքը: Իսկ թե իրականում ինչո՞ւ են իշխանությունները որոշել ազատ արձակել Արզումանյանին, առայժմ դժվար է ասել: Մեր տեղեկություններով՝ երեւանյան մի շարք խոշոր բուհերի ուսանողներ համաբուհական դասադուլ կազմակերպելու մտադրություն են ունեցել՝ փորձելով այդկերպ իրենց բողոքը հայտնել նախկին արտգործնախարարի դեմ հարուցված գործում իշխանությունների կամայականությունների դեմ: Գուցե այս մտադրություններն իսկապես շատ լուրջ են եղել, ու «վերեւներում» իմացե՞լ են այս մասին, եւ փորձել ՀՀ նախագահի ընտրությունից առաջ մեղմել ուսանողության այդ հատվածի ցասումը: