«Մենք մեր ուժերը գնահատում ենք` հաշվի առնելով բոլոր անձանց եւ տարբեր տիպի մասնակցություններ: Եվ այդ առումով մենք այլընտրանք չենք տեսնում, եւ կարծում եմ, եթե Սերժ Սարգսյանն ինքը համաձայնի առաջադրվել, ապա այլընտրանք չի ունենա»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը:
Վերջինիս հավաստմամբ` նախագահական ընտրությունների շուրջ ընթացող քաղաքական բանակցությունները կարծես մոտենում են ավարտին. «Ես պատկերացնում էի, եւ իմ համար գոնե ցանկալի էր, որպեսզի ձեւավորվեին երկու, ինչո՞ւ չէ, նաեւ երեք բեւեռ, որոնք կմիանային բացառապես գաղափարական դաշտում, եւ հանրությանը կներկայանային իրենց ծրագրերով, մոտեցումներով, եւ հանրությունն իր ընտրությունը կկատարեր»,- ասաց նա: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը` դատելով քաղաքական գործիչների հայտարարություններից, բոլորովին այլ կանխատեսումներ ունի. «Այդպիսի առանցքներ չեն ձեւավորվի: Ենթադրում եմ, որ չորս-հինգ ընդդիմադիր թեկնածուներ կառաջադրեն իրենց թեկնածությունները: Իսկ դա նշանակում է` ընդդիմադիր հոգեբանություն ունեցող լսարանի աղճատում, եւ այդ դեպքում դեռեւս պարզ չէ` ընդդիմադիր հոգեբանության զանգվածից մի հատվածն իրոք իրենց ձայն կտա՞, թե՞ ոչ: Այդ դեպքում այդ լսարանը կարող է հիասթափվել եւ այլ մոտեցում ցուցաբերել»,- ասաց Կարեն Կարապետյանը` ընդգծելով, որ հենց այդ պատճառով էլ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն այլընտրանք չի ունենա: «Մենք տանելու ենք շատ համոզիչ հաղթանակ»,- հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը: Իսկ հարցին, թե ՀՀԿ-ն ինչ է մտածում իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի մասին, որը բազմիցս հայտարարել է, թե իր սեփական թեկնածուով է մասնակցելու ընտրություններին, որն էլ լուրջ մրցակից է լինելու իրենց թեկնածու Սերժ Սարգսյանին, Կ. Կարապետյանը` հիշեցնելով հետեւյալ օրինակը, պատասխանեց. «Ժողովրդի մեջ մի այսպիսի արտահայտություն կա. ասում են` ինձ բան ասող կա՞: Ասում է` հա: Ասում է` ինձ ու իրան բան ասող կա՞, ասում է` չէ: Այդպես է, սեփական կշիռը բարձրացնելու համար միշտ փորձում են համեմատվել ուժեղի հետ: Ես ճիշտ չէի հասկանա իրենց, եթե իրենք զուգահեռվեին մեկ այլ ուժի հետ: Այնպես որ` ես ըմբռնումով եմ մոտենում իրենց ծրագրերին»: Ավելին, ՀՀԿ-ին, ըստ Կ. Կարապետյանի` չի հուզում ՀՅԴ-ի` սեփական թեկնածուով հանդես գալու մտադրությունը, որովհետեւ ՀՀԿ ուժերը «լրիվ բավարար» են հաղթանակ ապահովելու համար: «Մենք պատկերացնում ենք այն քաղաքական ուժերին, որոնք մեզ աջակցելու են, մենք ենթադրում ենք, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչո՞ւ չէ` նաեւ ժողովուրդ, մեզ լուրջ աջակցություն են ցուցաբերելու, եւ մեր հաջողությունը շատ տպավորիչ է լինելու. դուք դրանում կհամոզվեք»:
Կ. Կարապետյանը վստահ է, որ այլեւս ուշ է նոր լիդերներ առաջ քաշելու համար. «Ամեն ինչը պետք է նայել բնականոն ընթացքի դեպքում եւ տեսնել, թե մարդն ինչպիսի դրսեւորումներ է ունեցել: Երբեմն խոսում են լիդերներ, կամ իրենց անվանում են լիդերներ: Լիդերն իրենք չեն որոշում, կամ իրենք չեն իրենց ճանաչում լիդերներ: Ցանկացած արհեստածին բան դատապարտված է: Լիդերն, իմ պատկերացմամբ, նա է, ով ունի ժողովրդի ռեալ աջակցությունը: Հնարավոր չէ, որ ներկայում ծնվեն ու ձեւավորվեն նոր լիդերներ, որովհետեւ ժամանակը շատ քիչ է, որպեսզի այս շրջանում ի հայտ գան այդ նոր լիդերները: Այն լիդերները, որոնց հիմնական փորձաքարը եղել է խորհրդարանական ընտրությունները, իրենք այդ ժամանակ պետք է ապացուցեին իրենց լիդեր լինելու հարցը»:
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀԿ թեկնածուի հեղինակության վրա որեւէ ազդեցություն չի՞ թողնում այն հանգամանքը, որ նա հոկտեմբերի 27-ին` լինելով ԱԱԾ ղեկավար, չկարողացավ կանխել այդ ահաբեկությունը, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակության վրա վատ ազդեցություն են թողնում «մութ ու ցուրտ» տարիների հիշողությունները, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես չէի ցանկանա, որպեսզի Լ. Տեր-Պետրոսյանին նման սուր մեկնաբանություններ ներկայացվեն: Կարծում եմ` մենք պետք է որոշակի տրադիցիա ձեւավորենք, որովհետեւ նրանք ի պաշտոնե տարիներ շարունակ պատասխանատու են մեր պետության համար: Ինչպես ցանկացած նորմալ երկրում, այնպես էլ մեզ մոտ բոլոր նախագահների նկատմամբ պետք է ճիշտ վերաբերմունք ունենանք, որտեղ դրոշը համարվում է երկրի կարեւորագույն սիմվոլը: Ոչ առողջ քննադատությունը ճիշտ չէ: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանին, ապա, կարծում եմ` մեր պետական ինստիտուտները կայանալու մեծ շրջան պետք է անցնեն: Այդպիսի դեպքեր լինում են նաեւ զարգացած երկրներում, եւ նրանք էլ կանխարգելման հնարավորություններ չեն ունենում: Դրա վառ օրինակը Սեպտեմբերի 11-ն էր ԱՄՆ-ում: Երբ մի պետություն, որն ունի ֆինանսական լուրջ ռեսուրսներ, այդքան խոցելի էր, ապա առավել եւս փոքր եւ թույլ բազիս ունեցող երկրներն ավելի խոցելի են: Ամեն ինչ պետք է դիտարկել ընդհանրության մեջ»: