Այս հրապարակումը պատրաստելիս, գիտեինք, որ խաղատների մասին լուրջ տեղեկատվություն ստանալը դյուրին չի լինելու: ՀՀ Ֆինանսների նախարարությունում եւ Հարկային պետական ծառայությունում երբեք էլ պատրաստակամ չեն եղել, երբ խոսքը խաղատներին է վերաբերել:
Այդուհանդերձ, ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարի լիցենզիա է ստացել 2 խաղատուն եւ մեկ խաղատան կազմակերպչի նկատմամբ կիրառվել է 1 մլն դրամի չափով տուգանք: Անցած ութ ամիսներին խաղատների գծով գանձվել է 200մլն դրամ: Ներկայումս լիցենզավորված գործունեություն է իրականացնում 14 խաղատուն, իսկ 2005թ. դրանց թիվը եղել է 20: Սակայն 2005 թվին խաղատների մասով գանձած պետտուրքը գրեթե կրկնակի է 2007թ. համեմատ: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` կազինոների թվի նվազումը պայմանավորված է սեփականատերերի կողմից լիցենզիայից հրաժարվելով: Ու այս «անհեռանկար» բիզնեսում առաջիկայում պատրաստվում է աստղաբաշխական ներդրումներ անել ռուսական «Storm International» խաղային հոլդինգը:
Այս ընկերությունը ստեղծվել է 1992թ. եւ իր գործունեության ընթացքում նպաստել է ռուսական զվարճանքի ինդուստրիայի կայացմանը: Այնուհետեւ «Storm International» հոլդինգի մեջ են ներառվել «Սուպեր սլոտ», «Շանգրի Լա», «Կառնավալ», «Ջազ թաուն», «Նյու Յորք» ռուսական ընկերությունները: Հոլդինգն ունի մոտ 5 հազար աշխատող: Ռուսական «Storm International» խաղային հոլդինգը մտադիր է Հայաստանում Լաս Վեգասի նմանությամբ համալիր կառուցել: Սա՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելեց խոշոր քաղաքներում խաղատների գոյությունը: Համաձայն նոր օրենքի՝ 2007թ. հուլիսից պետք է ստեղծվեն խաղատների համար հատուկ գոտիներ, իսկ օրենքը լիիրավ ուժի մեջ է մտնելու 2009 թվին: Օրենքը նպատակ ունի նաեւ խիստ կրճատել խաղատների քանակը: Հետաքրքիր է, որ խաղատների սեփականատերերն իրենց պարտաճանաչ հարկատուներ են համարում, իսկ ՌԴ նախագահ Վ. Պուտինին ոչ թե պետական բյուջեն է հուզում, այլ` խաղային մոլուցքին կուլ գնացող եւ այլասերվող երիտասարդությունը:
Հայաստանում այս «ռեֆորմը» մի քանի տարի առաջ է իրականացվել, եւ երեւանյան խաղատներն արդեն վաղուց տեղակայվել են հանրապետական նշանակության մայրուղիների վրա: Բայց Ռուսաստանը Հայաստան չէ, եւ խաղատունն էլ մայրաքաղաքից 10 կմ հեռավորության վրա չէ, որ պետք է գտնվի: Արդեն այս տարեսկզբին «Storm»-ը ստիպված է եղել փակել Սանկտ Պետերբուրգի իր նորակառույց «Շանգրի Լա» խաղատունը, որի վրա կատարած նախնական ներդրումները մոտ 500 մլն ռուբլի են կազմել: «Storm International»-ը հույսը չի կորցրել եւ պատրաստվում է Հայաստանում փորձել իր բիզնեսը` ներդնելով մոտ 300մլն դոլար: Նոր համալիրը կոչվելու է «Շանգրի Լա-Երեւան»: Համալիրն իր մեջ ներառելու է խաղատուն, 5 աստղանի հյուրանոց, բազմաֆունկցիոնալ դահլիճներ, կրուպյեների դպրոց, առեւտրի կենտրոն, ռեստորաններ, գիշերային ակումբներ: Այս գործը պետք է գլուխ բերեն Ռուսաստանից հրավիրված 150 մասնագետներ: Սակայն մինչ տարածաշրջանում նմանը չունեցող զվարճանքի համալիրը կյանքի կոչելը՝ «Storm»-ն արդեն Հայաստանում է: Ընկերությունը կառավարման է վերցրել Երեւան-Աբովյան ճանապարհին գտնվող «Կլեոպատրա» խաղատունը: «Storm»-ը չի նշում, թե ով է տեղացի իր գործընկերը, սակայն կարծում ենք՝ Գագիկ Ծառուկյանն առիթ չունի թաքցնելու, որ «Կլեոպատրան» իր բիզնեսն է: «168 Ժամը» ժամանակին անդրադարձել է «Կլեոպատրայի» առեղծվածին»: Բանը նրանում է, որ մի քանի տարի առաջ ՀՀ Ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում պարզվել էր, որ «Կլեոպատրայի» խաղային մեքենաների շահման հավանականությունը չի համապատասխանում սահմանված նորմերին: Գործը հասել է դատական մարմիններին, իսկ «դիվանբաշին» էլ որոշել է «Կլեոպատրա» խաղատան նկատմամբ հետախուզում հայտարարել: Ինչեւէ, ՀՀ Ֆինանսների նախարարությունը խաղատների նկատմամբ դատական գործերում տանուլ տալու նման նախադեպեր շատ ունի: Տեղական խաղատները հարկվում են հաստատագրված վճարով եւ երբեք էլ չեն դիտարկվել որպես խոշոր հարկատուներ: Մինչդեռ քիչ չեն այն միամիտ այցելուները, ովքեր խաղատանը կորցրել են ոչ միայն իրենց վերջին շապիկը, այլեւ տունն ու ունեցվածքը: Խաղատան այցելուն, որպես կանոն, ապահովված մարդն է: Խաղատունը շռայլություն-հաճույք է, ինչպես կղզու վրա առանձնատուն ունենալը: Բայց սա չի նշանակում, որ խաղատները կարող են աշխատել անօրինական դաշտում` չապահովելով շահման հավանական շեմը: «Տեղական խաղատներում երբեք «բոնուսներ» չեն լինում, նույնիսկ խաղատներից մեկում շահման դրված մի շատ թանկարժեք մեքենա անգամ մաքսազերծված չէր: Այդ մեքենան ինչպես եկել էր Հայաստան, այնպես էլ ետ ուղարկեցին` հայտարարելով, թե մեքենան շահել են»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է գործից տեղյակ պետական մի պաշտոնյա: Ի՞նչ կտա Հայաստանին փոքրիկ Լաս Վեգասը: Ինչո՞ւ է ռուսական կապիտալը գերադասում հայկական շուկան: Մի՞թե Հայաստանը խաղատնային բիզնեսի համար ռիսկային չի համարվում: Մի պարզ տրամաբանություն հուշում է, որ գուցե ռուսական անվան տակ Հայաստան է վերադառնում հենց հայկական կապիտալը: Բազմիցս է հիշատակվել, որ, օրինակ, մոսկովյան հայտնի «Կրիստալ» խաղատան մասնակի սեփականատեր է համարվում նաեւ տեղացի օլիգարխներից մեկը: Նման մի քանի օրինակներ էլ կարելի է հիշել: Սա, իհարկե, այսբերգի միայն երեւացող մասն է: Կարեւորը՝ «աշխատատեղ» կունենանք: