Հայաստանի ամենախոշոր գործարանները նախկինում գտնվում էին Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասում: Պատահական չէ, որ այդ տարածքը Մետրոպոլիտենն անվանել է «Գործարանային»:
Այսօր, սակայն, ժամանակին հազարավոր մարդկանց աշխատատեղերով ապահովող քաղաքի այդ հատվածն ավերակ է դարձել, քանի որ գործարանների «կաղապարները» կան, իսկ ներսում դատարկություն է: Նկարում պատկերված հսկայական այս տարածքը նախկին «Պոլիվինիլացետատ» գործարանինն է, որը 2001-ին Տնտեսական դատարանի որոշմամբ՝ սնանկ է ճանաչվել, ապա մասնավորեցվել է: Հսկայական տարածքը վաճառվել է մի քանի մարդկանց, որոնց թվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, իրեն պատկանող ընկերություններից մեկի միջոցով: Նկարում պատկերված անավարտ շինությունը՝ հարակից մի քանի շենքերով հանդերձ, որոնք, ի դեպ, բավականին մեծ տարածություն են զբաղեցնում, պատկանում է Ս. Ալեքսանյանին: Անավարտ շինության մերձակայքում սուրճի եւ օղու արտադրություններ են: Մեր այցելության ժամանակ գործարանների ղեկավարությունից մարդ չկար, հետեւաբար փորձեցինք ինչ-որ հարցեր ճշտել հսկիչներից: Վերջիններս միայն տեղեկացրին, որ հսկայական այդ անավարտ շինությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանին: Շինությունը կառուցվել է խորհրդային տարիներին` «Պոլիվինիլացետատ» գործարանն ընդլայնելու նպատակով, սակայն մասնավորեցման գործընթացից հետո այն վերածվել է, այսպես ասած, բուտաֆորիայի: Այն, որ մեր չինովնիկները ջրի գնով մասնավորեցնում են հսկայական գործարաններ եւ ունեցվածքն ապահովագրելու համար դրանք թողնում են իբրեւ անշարժ գույք՝ բոլորիս է հայտնի: Սակայն, հետաքրքիրն այն է, որ մասնավորեցնելուց հետո անավարտ շինության արտաքին տեսքը մնացել է անփոփոխ: Մենք փորձեցինք ճշտել, թե «Պոլիվինիլացետատ» գործարանը մասնավորեցնելիս, ըստ պայմանագրի՝ գնորդը պարտավորվե՞լ է արդյոք վերագործարկել այն: Պետգույքի կառավարման վարչությունից տեղեկացրին, որ «Պոլիվինիլացետատ» գործարանը հսկայական պարտքեր է ունեցել եւ Տնտեսական դատարանի որոշմամբ՝ սնանկ է ճանաչվել: Պետական պարտքերը մարելուց հետո, բնականաբար, մասնավորեցվել է, սակայն ո՞ւմ եւ ի՞նչ պայմաններով՝ Պետգույքի կառավարման վարչությունն այդ տեղեկատվությանը չի տիրապետում: Ի դեպ, գործարանի հսկիչները մեզ տվել էին տնօրենի հեռախոսահամարը: «Տարածքը մասնավորեցնելուց հետո ըստ պայմանագրի պարտավորվե՞լ եք շինությունները վերագործարկել» հարցը լսելուց հետո վերջինս միայն ասաց. «Ես արտադրամասի պետ եմ», ապա խոսափողը ցած դրեց: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Արդյունաբերության վարչության պետ Արմեն Միրզոյանի պատասխանը նույնն էր՝ «Շենգավիթի առաջին ատյանի դատարանը նախկին «Պոլիվինիլացետատ» գործարանը սնանկ է ճանաչել: Մենք չգիտենք, թե ինչ պայմանագիր է կնքվել, դա կարող եք իրենցից ճշտել: Ես չգիտեմ, գնորդն ինչ-որ պարտավորություններ ստանձնե՞լ է, առողջացման ծրագիր եղե՞լ է, թե՞ ոչ: Դա միայն դատարանը կարող է ասել»: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն էլ մեզ խոստացավ պարզել, թե ո՞ր դատավորի վարույթում է եղել այս գործը, եւ գործարանի սնանկ ճանաչելու, ինչպես նաեւ՝ գնորդի պարտավորությունների մասին տեղեկատվություն տրամադրել: Մեր թերթի առաջիկա համարներից մեկում կներկայացնենք «Պոլիվինիլացետատ» գործարանի մասին ուշագրավ տվյալներ: