«Նույնիսկ փողոցի անտեր շներին եմ կարոտում»

10/09/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սեր նվագող դուդուկը

Ջիվան Գասպարյանը հայկական դուդուկը լեգենդ դարձրեց, ցույց տվեց աշխարհին, որ փայտից պատրաստված երաժշտական այդ փոքրիկ գործիքը կարող է հնչել սիմֆոնիկ, ջազային եւ ռոքային նվագախմբերի հետ, ֆիլմերին ու մշակումներին խորություն եւ նոր երանգներ հաղորդել: Նրա շնորհիվ աշխարհը (մենք էլ այդ աշխարհի հետ) սկսեց հպարտությամբ լցված ծափահարել նրան: «Դուդուկով կարելի է յուրաքանչյուր ոճի երաժշտություն նվագել, ամեն ինչը կախված է նվագողի վարպետությունից»,- ասում է նա: Նրան ամենից շատ գրավում են դուդուկի իմպրովիզացիաները, որոնք շարունակում են ուրիշ գործիքի եւ ուրիշի ձայնի միջոցով սկսված զրույցը:

Ջիվան Գասպարյանը բազմաթիվ կոչումներ ունի` նա ժողովրդական արտիստ է, UNESCO-ի քառակի չեմպիոն, պրոֆեսոր, տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր, սակայն այդ կոչումները կարելի է հանգիստ սրտով մի կողմ դնել ու ասել, որ նա մեր «քեռի» Ջիվանն է: Որտեղ էլ որ նա ելույթ ունենա, նրա նվագն ամենաբարի ու ազնիվ մտքերն է արթնացնում ու կարծես թե հիշեցնում է, որ ունայն այս աշխարհում շտապել ու իրար հրմշտել հարկավոր չէ, որ պարզ ապրելն ամենագեղեցիկ եւ շնորհակալ բանն է: Փիլիսոփա դուդուկն ու դժվար մանկություն ունեցող եւ փառքի գագաթին հասած վիրտուոզ դուդուկահարն ամեն անգամ աշխարհին են ուղարկում իրենց երաժշտական ուղերձը, որտեղ ռոմանտիզմը, կարոտը, հիացմունքն ու թախիծն իրար են խառնված: Այդ ուղերձը աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար վաղուց սպասված հայտնության է նմանվում:

Ալեհեր Ջիվան Գասպարյանի դեմքին միշտ բարի ու խորամանկ ժպիտ կա, կարծես թե նա հասկացել է երջանկության գաղտնիքը եւ շատ է զարմանում, որ նույնը չեն հասկանում դիմացինները: Հարցնում ենք` ինչո՞ւմն է երջանկությունը: Պատասխանում է. «Սիրո մեջ է: Տկլոր գալիս ենք այս աշխարհ ու տկլոր էլ հեռանում ենք աշխարհից: Այս կյանքում մենք ոչ մի սեփականություն չունենք, բոլորս վարձով` արենդայով ենք ապրում: Ժամանակդ լրացավ, պետք է ցտեսություն ասես, թողնես ու գնաս: Այդպես սերունդներ են անցնում-գնում, մնում է միայն մի բան. դա քո անունն է: Քո սեփականությունը միայն քո ապրած կյանքն է: Մի մոռացեք, ես 80 տարեկան եմ դառնում եւ ինչ-որ բաներ հասկացել եմ այս կյանքում: Երբեք փողի ետեւից չեմ ընկել, պարզապես սիրով արել եմ իմ գործը: Եվ այդ գործն ինձ փող է բերել»:

Դուդուկը կարողանում է փոխանցել եւ՛ ոգու տագնապալի սպասումը, եւ՛ արբեցնող սերը, եւ՛ հազարամյակների միջով անցած ու կոփված զինվորի քաջությունը: Ինչի մասին ուզում ես, կարող ես պատմել դուդուկով: Հարցնում ենք` իսկ ինչո՞ւ միայն դուդուկն է ներդաշնակորեն մտել համաշխարհային երաժշտական դաշտ, իսկ ոչ թե, ասենք` զուռնան: Պատասխանում է. «Չեմ կարող ասել, որ զուռնան հայկական գործիք է, հայերը նվագել են զուռնա շատ ազգերի նման: Ես ինքս զուռնա նվագել եմ Ավետ Տերտերյանի սիմֆոնիայում, «Գլադիատոր» ֆիլմում: Զուռնան պարի եւ պատերազմի կանչող գործիք է, այն չունի դուդուկի ռոմանտիզմը: Դուդուկը սիրային գործիք է: Ճիշտ է, դուդուկը տխրության, տխուր արարողությունների ժամանակ են նվագում, բայց ես միշտ ուզել եմ, որ դուդուկը սեր նվագի»:

Դուդուկը UNESCO-ի կողմից ճանաչվել է որպես ազգային արժեք, եւ Հայաստանում մի քանի տարի է, ինչ որոշվել է հավերժացնել մեր «ծիրանափողը» հուշարձանի տեսքով: Դեռ պարզ չէ, թե որտե՞ղ է այն տեղադրվելու եւ ի՞նչ տեսք է ունենալու: Թերեւս այն կպատկերի հենց Ջիվան Գասպարյանին, ով պատմեց, որ արձանի մի քանի տարբերակների հետ ծանոթ է. «Մի անգամ Մոսկվայում սարքած մի արձան ցույց տվեցին: Պատկերացրեք, բեղերով, կոպիտ մի մարդ էր պատկերված, որը սուլթան Համիդին էր նման: Ասացի` այս քանդակը պետք է գերեզմանատա՞նը դնեք, թե՞ Կոնսերվատորիայի առջեւ` Բախի, Մոցարտի կողքին: Ինչո՞ւ եք կարծում, որ դուդուկիստը մեծ, «մունդառ» ձեռքերով, կեղտոտ եղունգներով, երկար բեղերով, անգրագետի մեկը պիտի լինի: Ինչո՞ւ չեք պատկերացնում, որ դուդուկիստը կարող է ֆրակ հագնել, «բաբոչկա» կապել ու սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթներ ունենալ: Հիմա էլ` «դուդուկ նվագող» են ասում ու «մեռել թաղող» են պատկերացնում: Մոռացեք այդ համեմատությունը: Ախր, դուդուկը ռոմանտիկ ու նուրբ գործիք է, նրան ճիշտ հասկանալ է պետք»: Հարցնում ենք` ո՞ր ազգն է ավելի լավ հասկանում մեր դուդուկը: Պատասխանում է. «Ճապոնացիները: Համերգներ ունեի Տոկիոյում` բացօթյա հսկայական դահլիճում: Վերջին համերգը դեռ չէր սկսվել, մեկ էլ սարսափելի անձրեւ սկսվեց, մտածեցի, որ համերգ չի լինի, քանի որ ոչ ոք չի գա: Բայց եկան-ասացին, որ բոլոր տոմսերը վաճառված են: Վարագույրը բացվեց ու տեսա, որ հազարավոր մարդիկ` սպիտակ անձրեւանոցներ հագած, ոտքի վրա կանգնած՝ ինձ են սպասում: Եվ այդպես ոտքի վրա էլ, ուժեղ անձրեւի տակ ողջ համերգը լսեցին: Երեւանում նման բան լինել չէր կարող, հինգ րոպե հետո բոլորը կթողնեին ու կփախնեին»:

Վիլյամ Սարոյանի համար դուդուկի նվագը աղոթքի էր նման: Մի անգամ, երբ Ջիվան Գասպարյանը Ֆրեզնո քաղաքում մի տարեց ամերիկահայի խնդրանքով կատարեց «Դլե յամանը», Եղեռնի դժոխքով անցած հայը երգի ավարտին գլուխը կախեց սեղանին, հոգոց հանեց ու մահացավ: Վիլյամ Սարոյանն ասաց Ջիվան Գասպարյանին. «Ջիվան, քո աղոթքը սպանեց այդ մարդուն: Նա երջանիկ է… Այն աշխարհ գնաց` աղոթքով»:

«Ամիսներով նույն մարդուն ցույց տալը զզվելի է»

Աշխարհի ամենահայտնի երաժիշտները, ովքեր աշխատել են Ջ.Գասպարյանի հետ` Պիտեր Գաբրիելը, Բրայան Մեյը, Սթինգը, Լայոնել Ռիչին, տարբեր առիթներով ասել են, որ հայ դուդուկահարը համեստագույն մարդ է:

«Էն, որ ինձ աշխարհում շատ են սիրում, փաստ է: Նույնիսկ լրագրողներն իմ մասին վատ բաներ չեն գրում: Դա ասում եմ ոչ թե զարմանալով կամ ինքս ինձ գովելով, ավելի շուտ ասում եմ` «քաշվելով»: Հայտնի լինելն ինձ համար սովորական բան է: Ես 20 տարեկանից սկսած պրեզիդենտների առջեւ եմ ելույթներ ունեցել»: Դեռ 1948 թվականին նա Ստալինից մրցանակ է ստացել: Եվ «Պոբեդա» ժամացույց է նվեր ստացել, որը հետո վաճառել է: «Դե, չէի հասկանում, որ պահել է պետք, փող չունեի, սոված էինք ապրում, ես էլ վաճառեցի»,- ասում է նա: Հայտնի լինելու ձգտող երաժիշտներին Ջիվան Գասպարյանը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ անընդհատ կրկնվող ելույթներով կարելի է հոգնեցնել հանդիսատեսին: «Ես երբեք թույլ չեմ տա, որ ինձ անընդհատ, օրական 24 ժամ հեռուստացույցով ցույց տան: Դա ինձ համար անպատվություն ու ամոթ կլիներ: Հիմա, երբ միացնում եմ հայկական ալիքները (սովորաբար գիշերները ուշ եմ քնում, դա բնավորությանս գիծն է), տեսնում եմ, որ նույն մարդիկ, նույն դեմքերն են երեւում, նույն երգերն ու կլիպերն են հնչում: Դա նույնիսկ զզվելի է, ինչպե՞ս կարելի է արտիստին այդ կերպ ներկայացնել: Նույնիսկ եթե նա լավ երաժիշտ ու երգիչ է, նրան անընդհատ լսել չի կարելի: Գնում եմ այլ երկիր, գալիս եմ, տեսնում եմ՝ նույն մարդիկ են երգում: Ես հասկացել եմ, որ պետք է զուսպ ապրել: Ամենահայտնի մարդը սովորական մարդու պես պիտի ապրի: Պրծավ-գնաց, ուրիշ ձեւ չկա»,- ասում է ամենասովորական ու ամենահայտնի հայ երաժիշտը: Հարցնում ենք` կա՞ն տաղանդավորներ, Ջիվան Գասպարյանը վայրկյան անգամ չհապաղելով` պատասխանում է. «Իհա՛րկե կան: Տաղանդավոր երգիչներ ու նվագողներ կան, բայց քիչ են, մեծ մասը անճաշակ են ու շեղված են: Շատերը կարծում են, որ եթե սկսեն անգլերեն երգեր երգել, մեծ բանի կհասնեն: Ուզում եմ ասել նրանց` սիրելիներս, անգլերեն երգողները երգում են Անգլիայում ու Ամերիկայում: Նրանք արդեն կան, դուք նրանցից լավ չեք երգի: Եթե մարդն ուզում է հաջողություն ունենալ աշխարհում, նախեւառաջ պետք է այդ հաջողությանը հասնի իր երկրում»: Նա համոզվել է, որ միանգամից ոչինչ չի կատարվում` աշխատել է հարկավոր. «Ես հեշտ չեմ դարձել այն Ջիվան Գասպարյանը, որը հիմա կա: Կար ժամանակ, երբ դուդուկը «ցածր» գործիք էր համարվում: Հիշում եմ, երբ պատրաստվում էի ամուսնանալ, զոքանչս ասաց, որ երբեք զուռնաչուն աղջիկ չի տա: Այդ ժամանակ դուդուկ նվագողը կշիռ չուներ, նույնիսկ պատկերացնել չէին կարող, որ դուդուկահարը կարող է սիմֆոնիկ օրկեստրի հետ նվագել»:

«Երկրորդ Ջիվան չունենք»

Մոտենում է Ջիվան Գասպարյանի հոբելյանը, եւ այդ առիթով գերմանացիներն արդեն իսկ նախատեսել են թողարկել նրա կատարումների ամբողջական հավաքածուն: «Անհավանական է, որ գերմանացիներն այդքան մտածում են իմ մասին»,- ասում է Ջ. Գասպարյանն ու նշում, որ հաջորդ տարի հոբելյանական համերգներ կունենա Եվրոպայում եւ Ամերիկայում: Ռուսաստանի հայերի միությունը նույնպես մեծ համերգ է կազմակերպելու: Իսկ Հայաստանում «կլոր ամյակը» նշելու համար նա դիմել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ով ասել է. «Անպայման կնշենք, մենք երկրորդ Ջիվան չունենք»: Հարցնում ենք վարպետին` լա՞վ է, թե՞ վատ, որ չունենք երկրորդ Ջիվանը: Նա պատասխանում է. «Ունենք երկրորդ Ջիվանը, ես իմ թոռնիկիս լավ սովորեցրել եմ նվագել, անունն էլ Ջիվան է: Այնպես որ, երկրորդ Ջիվանը ետեւիցս գալիս է: Ճիշտ է, նա ԱՄՆ քաղաքացի է, բայց գալու է Հայաստան ապրելու: Եվ ոչ միայն Ջիվանը, շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք թույլ չեն տա ինձ միակը լինել»: Կրկին հիշատակվում է դուդուկի դպրոցի թեման, որի ստեղծման գաղափարը վաղուց է հասունացել: Ջիվան Գասպարյանն ասում է. «Խանգարողներ կան, ավելի ճիշտ` գործը ձգձգողներ: Դպրոցը շենք չունի: Ես պատրաստ եմ շենքը նորոգել, բայց գնել չեմ կարող, ես միայն երաժիշտ եմ, Գյուլբենկյանը չեմ»:

Ջիվան Գասպարյանը Երեւանի մոտակայքում գտնվող Սոլագ գյուղում է ծնվել, մեծացել է որբանոցում: Որբ երեխաների խնդիրները նա մոռանալ չի կարող մինչ այսօր. «Մեր որբանոցի տնօրենին եմ հիշում, անունը խուլիգան Արշո էր: Թեեւ նրան «խուլիգան» էին ասում, բայց նա շատ կարգին մարդ էր, փորձում էր պատերազմական ծանր տարիներին օգնել մեզ` ինչով կարող էր: Դե մենք էլ այսպես սոված ապրում էինք: Ես փողոցներում մեծացած անտեր տղա եմ եղել: Հիմա, երբ ես փողոցային երեխաների եմ տեսնում` լացս գալիս է: Երբ նրանք ինձանից փող են ուզում, ասում եմ` տղա ջան, բա ամոթ չի՞, որ դու փող ես հավաքում: Չեմ ուզում, որ երեխաների մոտ մուրացկանի հոգեբանություն ձեւավորվի: Եթե փոքր հասակից մարդը մուրացկանի հոգեբանություն է ձեռք բերում, մեծանա՛, հարստանա՛ էլ, նա, միեւնույն է, մուրացկան կմնա, նրա մեջ կմնա այդ հոգեբանությունը: Աշխարհում այդպես է»:

Աշխարհի այդ դրվածքը փոխելու համար էլ նա ուզում է իր դպրոցի դռները բացել հենց որբ երեխաների առջեւ, հավաքել 100 տաղանդավոր երեխա եւ նրանց անվճար դուդուկ նվագել սովորեցնել: Ժամանակին հենց դուդուկն է Ջիվան Գասպարյանին կտրել փողոցից:

Ջիվան Գասպարյանը համաշխարհային մեծության երաժիշտ է ու թերեւս ամենահայտնի հայը, որը Հայաստանում է ծնվել ու շարունակում է ապրել Հայաստանում: «Ես անընդհատ ճամփորդում եմ, քիչ եմ լինում Հայաստանում, բայց եթե հայրենիքից մեկ ամսից երկար եմ բացակայում, սիրտս սկսում է նեղվել, կարծես ինչ-որ բան սեղմում է սիրտս ու բաց չի թողնում: Չեմ դիմանումգ Նույնիսկ փողոցի էն անտեր շներին եմ սկսում կարոտել»,- ասում է նա: Դուդուկի վիրտուոզ երաժիշտը համոզված է, որ իր համար ամենակարեւորն «այն պատիվն ու հարգանքն» են, որը նա ունի հայրենիքում. «Ճիշտն ասած, ճամփորդելուց շատ եմ հոգնել: Էնքան հրավերներ եմ ստանում, որ նույնիսկ պատկերացնել չեք կարող: Որոշել եմ հաջորդ տարվանից զբաղվել միայն դաստիարակչական աշխատանքով ու իմ դպրոցով»,- ասում է նա: