Սեպտեմբերի 4-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը Սեդրակ Զատիկյանին սպանող Արսեն Առուշանյանի գործն ուղարկել է Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդուն՝ 26-ամյա Սեդրակին սպանել էին 2006թ. հունիսի 22-ին իր սեփական «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Գլխավոր դատախազությունը պարզել է, որ սպանության մեջ, Ա. Առուշանյանին աջակցել են Լուսինե Ղեւոնդյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Կոնկրետ Ա. Առուշանյանի նկատմամբ առաջադրվել է գողության, գողության փորձի, սպանության եւ մի շարք այլ մեղադրանքներ: Սպանության պատվիրատուները եղել են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդի Ստեփանը եւ նրա ընկեր Նարեկ Խաչատրյանը: Պատվիրատուները հետախուզման մեջ են: Գլխավոր դատախազությունը Ս. Հակոբյանի եւ Ն. Խաչատրյանի գործն առանձնացրել է եւ Ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել նրանց հետախուզման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ս. Զատիկյանի վրա արձակած կրակոցներից սպանվել էր նաեւ պատահական անցորդ, երեխաների մայր Կարինե Սարգսյանը: