Իրանի քաղաքացի Փարվիզ Նոսրաթի Ալամդարին իր ասելով Հայաստան է եկել 1993 թվականին Իրանի Լորիստանի մարզի Խորամաբադ քաղաքից: Իսկ մամուլում հրապարակումներ կան, որ նա Իրանի արեւմտյան Ադրբեջանի Ալամդարի գյուղի նախկին բնակիչ է, ազերի. այդ գյուղում ապրում են ազերիներ:
Հայաստանում Փարվիզը զբաղվել է մի քանի բիզնեսով: Խոսակցության ժամանակ նա իր գործունեությունը շատ կցկտուր ներկայացրեց: Մի փոքր պարզ խոսեց միայն «Շահաբ» քիմմաքրման ընկերության մասին: Իսկ Իրան-Հայաստան «առեւտրային» մյուս գործարքներին վերաբերող հարցերին պատասխանում էր միայն գլխի համաձայնական շարժումով: Հայաստանում առեւտրային գործունեություն սկսելուց մի քանի տարի հետո ու մինչեւ օրս նա «աշխատանքի» հետ միասին շատ ակտիվորեն մասնակցում է դատական տարբեր պրոցեսների: Մինչ օրս բոլոր դատերը շահել է, համենայն դեպս, Փարվիզ Նոսրաթին ինքը վկայում է, որ դեռ պարտություն չի ունեցել: Մինչդեռ արդյունքում ձեռնարկություններ են սնանկացել, մարդիկ են ունեցվածքից ու առողջությունից զրկվել, իսկ Փարվիզը տարածքներ ու գումարներ է ձեռք բերել: Կհարցնեք՝ ինչպե՞ս: Պատմենք հերթով:
Գործ 1: «Լուլուշոկ» ՍՊԸ
Երեւանի Գ. Լուսավորիչ 2 հասցեում գտնվող նախկին 229 ճաշարանը 1999թ. սեփականացրել է «Լուլուշոկ» ՍՊԸ-ն, կառավարությունն այդ տարածքը գնահատել է 91 միլիոն 513.585 դրամ: ՍՊԸ-ն վճարել է գումարի մի մասը ու որոշ չափով պարտք է մնացել պետությանը: Հետո գտնվելով ֆինանսապես վատ վիճակում՝ ընկերության սեփականատերեր մայր եւ որդի Ջեմմա Ստեփանյանը եւ Կարեն Հովհաննիսյանը որոշել են այն վաճառել: Այստեղ Փարվիզ Նոսրաթին իր «Շահաբ» քիմմաքրման ընկերության համար տարածք էր վարձակալել: Տեղեկանալով, որ սեփականատերերը ցանկանում են վաճառել տարածքը, Փարվիզն ինքն է ցանկանում տեր դառնալ: Տարբեր մեքենայությունների արդյունքում՝ նա ի վերջո հասնում է իր նպատակին: ՀՀ Տնտեսական դատարանը վճիռներով հայցը բավարարում է հօգուտ Փարվիզ Ալամդարի Նոսրաթիի եւ վերջինիս հետ տարածքի սեփականատեր է ճանաչում Տիգրան Սեդիկյանին: Փաստորեն, այս երկուսը մոտ 55.000 դոլարով տիրանում են պետականորեն 91 մլն դրամ գնահատված տարածքին եւ դառնում սեփականատերեր: Տիկին Ջեմմայի տեղեկություններով` նրան հովանավորում են եղբայրներ, ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանը եւ Երեւան քաղաքի դատախազի օգնական Վահագն Մուրադյանը: Տեղեկություններ կան, որ այդ տարածքը Փարվիզը 200.000 դոլարով արդեն վաճառել է: Տիկին Ջեմման դիմել է նաեւ Վճռաբեկ դատարան, բայց այստեղ էլ Տնտեսական դատարանի վճիռը թողել են անփոփոխ: Տուժողը դիմել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հույս ունենալով, թե գործը նորից կքննվի ու արդար ընթացք կստանա: Նույն հույսով այս գործի մասին տեղեկացվել են նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը: Սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:
Գործ 2: «Երեւանճանշին»
1999թ. «Շահաբ» ֆիրման «Երեւանճանշին» ընկերության հետ 44.250 դոլար արժողությամբ 295 տոննա բիտումի մատակարարման պայմանագիր է կնքում: «Ճանշինը» վճարում է 26.250 դոլար եւ պարտք է մնում 18.000 դոլար: Ի դեպ, «Շահաբ» ֆիրման «Երեւանճանշինին» առաջարկում է գումարը փոխանցել մեկ ուրիշ՝ «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ի (հիմնադրված 30.03.1999թ.) հաշվեհամարին: Պայմանագրով՝ վճարի ուշացման դեպքում յուրաքանչյուր օրվա դիմաց սահմանված է մատակարարված ապրանքի արժեքի 1%-ի չափով տուգանք: Պետբյուջեից «Երեւանճանշինի» ֆինանսավորումն ուշանում է, եւ ընկերությունն ընկնում է պարտքերի տակ: «Շահաբը» գումարի պահանջով դիմում է դատարան, հետո` Վճռաբեկ դատարան, եւ ընկերության տնօրեն Վահան Առաքելյանի հավաստմամբ («Հայկական ժամանակ»,- 19.07.2003թ.)` պահանջում «բռնագանձել եւ՛ մայր գումարի մնացորդը, եւ՛ աստղաբաշխական տուգանք»: Ալամդարին, նպատակ ունենալով տիրանալ «Երեւանճանշինի» գույքին, մի անգամ էլ է դիմում Տնտեսական դատարան` արդեն «Երեւանճանշինին» սնանկ ճանաչելու հայցով: Դատարանն այս անգամ էլ բավարարում է իրանցի գործարարի պահանջը, եւ Հայաստանում հայտնի ճանապարհաշինական ընկերությունը սնանկ է ճանաչվում: Ավելացնենք նաեւ, որ «Երեւանճանշինի» տնօրեն Վահան Առաքելյանը Կարեն Դեմիրճյանի ազգականն է, եւ մամուլի հրապարակումներից երեւում է, որ «արշավն» այս ընկերության վրա սկսվել է 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: Այս եւ այլ դատական քաշքշուկներից հետո պարոն Առաքելյանը կալանավորվել է եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման:
Գործ 3: «Արտաշատճանշին»
Մեջբերում Երեւան քաղաքի դատախազի օգնական Ա. Ստեփանյանի 12.05.2003թ. որոշումից.
«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված «Արտաշատճանշին» ՓԲԸ խորհրդի նախագահ Յու.Մալխասյանի դիմումում նշվել է, որ «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ տնօրեն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Փ.Ալամդարին՝ օգտագործելով 15.10.1999թ. իր ընկերության հետ կնքված 70 տոննա բիտումի մատակարարման վերաբերյալ կեղծ պայմանագիրը, հարկերը վճարելուց խուսափելու նպատակով՝ 26.11.2001թ. «Տոմպակ» ՍՊԸ հետ կնքված մեկ այլ կեղծ պայմանագրով վերջինիս է զիջել «Արտաշատճանշին» ՓԲԸ նկատմամբ առաջին պայմանագրով առաջացած 3,2 մլն դրամի պահանջի իրավունքը, որից հետո «Տոմպակ» ՍՊԸ նշված երկու պայմանագրերի հիման վրա հայցով դիմել է Տնտեսական դատարան «Արտճանշինի» գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով»: Այս գործի հետ կապված որոշ փաստաթղթեր ցույց են տալիս, որ «Արտաշատճանշին» ընկերությունը նախորդների նման լուծարվել է, բնականաբար, այստեղ նորից շահել է Փարվիզ Ալամդարին: «Արտաշատճանշինի» տնօրեն Յուրի Մալխասյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ այդ իրանցու եւ հայրենական իրավապահ կառույցների հետ պայքարում ինքն ու կինը կորցրել են իրենց առողջությունը եւ այդ մասին այլեւս չեն ուզում խոսել: Ի դեպ, պարոն Մալխասյանը նույնպես բարձրաստիճան պաշտոնյաններին դիմում-բողոքներ է գրել, որպեսզի գործը նորից քննվի: Դիմումներից մեկում, որն ուղղված է գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանին, նշվում է, որ իրանցի գործարարը` օգտվելով «տանիքների» հովանավորություններից, «հասավ անօրինական վճռի կայացմանը ու այդպես խարդախության ճանապարհով ցանկանում է տիրանալ ուրիշի գույքին»:
Գործ 4: Քաղաքացի Վ.Սահակյան
1999թ. Փարվիզ Նոսրաթին 12.000 դոլար պարտք է վերցնում Վլադիմիր Սահակյանից եւ փոխատվության պայմանագրով պարտավորվում է վճարել նույն թվականի ապրիլի 15-ին: Ժամկետը լրանալուց հետո Վ.Սահակյանը պահանջում է գումարը վերադարձնել: Փարվիզը խնդրում է մի փոքր էլ սպասել, էլի սպասել, ու այսպես` մինչեւ երեք տարի: Վ.Սահակյանը դիմում է դատարան՝ պահանջելով վճարել մայր գումարը վնասների հետ միասին: Այս անգամ դատական վեճերը լուծվում են հօգուտ հայցվոր կողմի: Բայց այստեղ էլ Փարվիզը դիմում է խորամանկության. պարտքը վերադարձնելու համար նա հարկադիր կատարողներին առաջարկում է կալանք դնել իր 13 տոննա կաուչուկի վրա, որն ինքը գնահատում է 25.000 դոլար: Հետո պարզվում է` կաուչուկը ժամկետանց է ու արժեք չունի: Սակայն Փարվիզը փորձում էր մեզ համոզել, որ այդ պարտքից առաջ Վ.Սահակյանի եղբայրը՝ Վրեժ Գասպարյանը, իրենից վերցրել է նույնքան գումար ու չի վերադարձրել: Մինչդեռ Վ. Գասպարյանը Ալամդարիի պնդումը որակում է այսպես. «Ես դա դիտում եմ որպես զրպարտչական բարբաջանք, եւ պատվիրատուներն ինձ հայտնի են: Հուսով եմ, պատկան մարմիններն արժանի գնահատական կտան զրպարտչին եւ նրա «տերերին»: Այս դատաքննության ընթացքում պարտքերից խուսափելու համար Փարվիզը, սովորության համաձայն, սնանկացնում է «Շահաբ» ընկերությունը եւ ստեղծում է «Նյու Շահաբ» քիմմաքրումը՝ միաժամանակ դատարանում պարտվելով իր, ասում են, արդեն գործակից-ընկեր Ա.Եդոյանին 58.000 դոլար:
Գործ 5: Հայաստանի Հանրապետություն
2002թ. Փարվիզ Ալամդարիի «Կանաչ ճանապարհ» ՍՊԸ-ն ինքնասնանկացման նպատակով դիմում է ՀՀ Տնտեսական դատարան եւ նույն թվականի հունիսին կայացված վճռով ճանաչվում անվճարունակ: Հավանաբար, Ալամդարին այդ քայլին դիմել է հարկային պարտավորություններից խուսափելու համար, որի արդյունքում պետությանը հասցրել է մոտ 20.000 դոլարի վնաս: Կարծում ենք, որ «Կանաչ ճանապարհ» ընկերության նախկինում ծավալած տնտեսական գործունեությունն արժանի է հատուկ ուսումնասիրության:
Այս գործերի ուսումնասիրություններից պարզ երեւում է, որ Իրանի գործարար Փարվիզ Ալամդարին Հայաստանում պարբերաբար գործարքի մեջ է մտել տարբեր ընկերությունների կամ անհատ ձեռներեցների հետ ու ամեն անգամ նույն սցենարով տիրացել է գործընկերների սեփականությանը: Իսկ ինքը՝ խուսափելով հարկային եւ պայմանագրային պարտավորություններից, անընդհատ ինքնասնանկացրել է իր ընկերությունները: Հարց է առաջանում. ինչպե՞ս է նա կարողանում ՀՀ դատական համակարգն օգտագործել իր շահերի համար: Բոլոր տուժողներն էլ վերին ատյաններին ուղղված իրենց դիմում-բողոքների մեջ ուղղակի կամ անուղղակի նշում են, որ Փարվիզին հովանավորում եւ նրա հետ եկամուտները կիսում են Դատախազության համակարգում աշխատող Վարդան եւ Վահագն Մուրադյան եղբայրները: Ավելին, մեկը նույնիսկ կատակով ավելացրեց, որ դատական-դատախազական համակարգում կարեւոր աթոռներ զբաղեցրած բոլոր պաշտոնյաներն իրար հետ կապված են քավոր-սանիկ-բարեկամ-ընկեր-կուրսեցի կապով եւ գործի բերումով իրար միշտ օգնում են։ Մեկ ուրիշ հետաքրքիր փաստ. «Օրինաց երկիր» թերթում տպված նյութի մեջ պարսիկ գործարարը նշել է, որ ինքը ունի Վ. Գասպարյանի հեռախոսային խոսակցությունների մասին վկայող «ԱրմենՏելից» ստացած տեղեկանքներ, տարբեր զրույցների ձայնագրություններ, ինչպես նաեւ` փաստեր դատավորի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունների մասին: Նշենք, որ Վրեժ Գասպարյանը նախագահի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետն է: Նշանակում է, իրանցի ազերի գործարարը գաղտնալսե՞լ է նախագահի աշխատակազմի հեռախոսահամարները: «ԱրմենՏելն» ի՞նչ հիմքով է տրամադրել իր բաժանորդի խոսակցությունն արտասահմանյան քաղաքացուն: Այդ մասին գիտե՞ն նախագահի եւ մեր Ազգային անվտանգության ծառայությունները: Տանյան, որի հետ կենակցել եւ որին խաբել է այդ իրանցին, այսպես է պատմում. «Փարվիզն իմ փողը չէր տալիս, ես վիճեցի նրա հետ, իսկ նա կագեբեշնիկների կանչեց ինձ վրա: Շատ ստոր մարդ է, օգտագործում է նաեւ հայ աղջիկներին»: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը տեղյա՞կ է իր երկրի քաղաքացու «քաջագործություններին»: Ինչո՞վ են մեր Արդարադատության ու Անվտանգության ծառայությունները վստահ, որ իրանցի ազերի գործարարը Հայաստանում լրտեսությամբ չի զբաղվում: Տեղեկություններ կան, որ նա որոշ գործունեություն է իրականացնում եւ ազատ ելք ու մուտք ունի նաեւ ազատագրված տարածքներում:
Մաքսային կոմիտեի տվյալների համաձայն` Փարվիզ Ալամդարիին պատկանող «Տոմպակ» ընկերությունը միայն 2004թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանից Իրան է արտահանել մոտ 3.000 տոննա մեծ տրամաչափի մետաղյա խողովակներ: Ի դեպ, ասում են, որ Հայաստանից խողովակների արտահանման մեծ մասն իրականացնում է այս գործարարը: Այս գործի մեջ էլ, ասում են, Ալամդարիին հովանավորում եւ իրենց մասն ունեն Դատախազության աշխատակիցներ Վարդան եւ Վահագն Մուրադյանները: Փարվիզին խողովակ վաճառող ընկերությունների մեջ նշվում է Արմենակյան 125 հասցեում գտնվող «Ոռոգում-Ջրառ» ընկերության անունը: Մեր ոռոգման համակարգում կամ ընդհանրապես Հայաստանում այդ խողովակներն անհրաժեշտ չե՞ն, թե՞ հիմա կվաճառեն, գումարը կգրպանեն, հետո ահռելի գներով նոր խողովակներ կներմուծեն: Ասում են, Փարվիզն ում հետ գործարքի մեջ է մտնում, անմիջապես տեղեկացնում է Մուրադյան եղբայրներին, եւ միասին սկսում են «զոհի վրա գործ սարքել»: Սա ի՞նչ է. կոռուպցիա՞ դատախազության համակարգում, արտասահմանյան գործարարին խրախուսելու մեթո՞դ, թե՞ նաեւ սեփական գրպանը լցնելու հայկական շատ սովորական գործելակերպ: Ոչինչ, որ արդյունքում հայկական ձեռնարկություններ են սնանկանում: Փոխարենը՝ Փարվիզ Ալամդարին շրջում է Հայաստանում աշխատած գումարով գնած արտասահմանյան 80.000 դոլարանոց «Բրաբուս» մեքենայով: Ու իբր թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Մուրադյան եղբայրների անօրինական հովանավորչական գործունեության մասին լավ չգիտի: