Փրկիչների շարքերը ստվարանում են

06/09/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Եվ այսպես, Վազգեն Մանուկյանը ցանկանում է փոխել Հայաստանի մոդելը։ Նրան քաղաքական գործիչների վարկանիշները չեն հետաքրքրում. կարեւորը մոդելը փոխելն է։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ մոդելով են այսօրվա իշխանությունները պատրաստվում հաղթել առաջիկա ընտրություններում։ Որեւէ մեկի համար դա գաղտնիք չէ։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ «ընդդիմադիր լիդերներ» հայտարարեն, որ միայն իրենք են ի վիճակի փոխել Հայաստանի կառավարման մոդելը։ Այնպես որ, Հայաստանի «մոդելը փոխելու» մասին Վազգեն Մանուկյանի եւ մյուսների հայտարարություններն, ըստ էության, ընդամենը նպաստում են նրան, որ ոչ մի մոդել էլ չփոխվի։

Փետրվարին Հայաստանում նախատեսված է նախագահի հերթական ընտրությունը, որը 3-րդ Հանրապետության պատմության մեջ կլինի թվով 5-րդը:

Իսկ մինչ օրս կայացած ՀՀ նախագահի չորս ընտրություններին ամենաշատը մասնակցել է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը (նա թեկնածուի կարգավիճակով չի մասնակցել միայն 1991 թվականի ընտրություններին), ընդ որում, ամեն հաջորդ ընտրության ժամանակ Վ. Մանուկյանը ստանում է անհամեմատ ավելի քիչ թվով ձայներ, քան նախորդ անգամ: Եվ եթե 1996-ին ԱԺՄ ղեկավարը ստացել էր մոտ 42% ձայն, ապա 2003-ին այդ թիվն արդեն մեկ տոկոսի էլ չէր հասնում: Ու չնայած ոչ այնքան հուսադրող այս վիճակագրությանը, Վ. Մանուկյանը որոշել է անպայման մասնակցել նաեւ ՀՀ նախագահի առաջիկա ընտրությանը: Խոստովանելով, որ 2003-ին ինքն իսկապես շատ քիչ ձայն էր ստացել, ԱԺՄ ղեկավարը երեկ «Փաստարկ» ակումբում նշեց, թե վարկանիշներն էական բան չեն ու իրեն չեն հետաքրքրում: «Կան ստանդարտ վարկանիշներ, ամեն մեկն ինչ-որ տոկոսներ ունի: Կարեւորն այն է, դու ունե՞ս խնդիր, դու կարողանո՞ւմ ես մարդկանց համոզել, այդ խնդրի հետեւից տանել: Կան մարդիկ, որ ունեն վարկանիշ «իքս» տոկոս, մնացած հարյուրից հանած «իքս»-ը նրան ատելով ատում է»,- վարկանիշների անկարեւորության մասին իր տեսակետն այսպես հիմնավորեց Վ. Մանուկյանը: Վերջինիս խոսքերով, եթե հիմա ավելի բարձր վարկանիշ ունեցող մեկն իրեն ասի՝ «Վազգեն, իմ վարկանիշն ավելի բարձր է, արի միացի, միասին կգանք», ինքը կպատասխանի. «Քո վարկանիշն ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Դու ի՞նչ սկզբունք ես առաջ տանում»: Այսօր, ըստ նրա, կարեւորը վարկանիշները չեն, այլ այն մոդելի փոփոխությունը, որով վերջին տարիներին շարժվում է Հայաստանը: ԱԺՄ ղեկավարի համոզմամբ՝ պայքարը պետք է լինի մոդելը փոխելու համար: Իսկ մոդելը, որը նրա խոսքերով՝ ձեւավորվել է 1994-ին՝ պատերազմի ավարտից հետո, հետեւյալն է. այս պետության մեջ կա ընտրյալների մի հատ խումբ, որն իրավունք ունի զբաղվել ցանկացած բիզնեսով (անօրինական եւ ոչ անօրինական), ունի արտոնություններ (ընդհուպ անպատիժ սպանություններ անելը) եւ փոխհատուցում է իշխանություններին՝ ընտրությունների ժամանակ նրանց օգտին ամեն գնով կեղծելով: Ըստ Մանուկյանի, անգամ այս համակարգը, ինչպես ցանկացած համակարգ, կարող է զարգանալ, բայց այս մոդելի վատն այն է, որ այն արդյունավետ չէ, մեր երկիրը դրանով անընդհատ աշխարհից հետ է ընկնելու, եւ, բացի այդ, այն ուղղված չէ քաղաքացու, ժողովրդի կարիքները բավարարելուն: Այս համատեքստում Վազգեն Մանուկյանի համար հասկանալի չէ, երբ Արտաշես Գեղամյանն ասում է, թե երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ «մենք ու իշխանությունները պետք է լինենք նույնը»: «2003 թվականից ի՞նչ է փոխվել մարտահրավերների տեսակետից: Ո՛չ պատերազմ են մեզ հայտարարել, ո՛չ մի բան չի եղել: Ինչո՞ւ 2003-ին սուրը ճոճելով պետք էր գնալ առաջ, իսկ հիմա ասել, թե՝ եկեք իրար հետ լեզու գտնենք»,- հարցնում է ԱԺՄ ղեկավարը: Նրա համար անհասկանալի են նաեւ Հայաստանի առաջին նախագահի հավանական առաջադրման շուրջ խոսակցությունները: «Լեւոն Տեր-Պետրոսյանը ձայն չի հանում, բայց ես համոզված եմ, որ նա իր թեկնածությունը չի առաջադրելու: Բայց իր կողմնակիցներն անընդհատ ինչի՞ մասին են խոսում: Որ այդ ընտրյալ խավի մի մասը նոր տեր է ուզում տեսնել: Եվ այդ նոր տերը կարող է լինել Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա կարող է հաղթել եւ նրա շուրջ պետք է համախմբվել: Դա կեղծ մտածողության ձեւ է: Իսկ եթե նույնիսկ ճիշտ լիներ, հետո ի՞նչ, եթե այդ մոդելի մեջ տեղավորվում է»,- շարունակեց նա: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանն, ըստ Վ. Մանուկյանի, չի առաջադրվի, որովհետեւ «նրան բացարձակապես պետք չէ առաջադրվել»: Միաժամանակ Վ. Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Քիչ անց էլ հավելեց, թե սկզբունքորեն որեւէ հանդիպման դեմ չէ ու Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու պրոբլեմ էլ չի տեսնում: Սակայն հանդիպել, նրա խոսքերով, չի նշանակում՝ «համաձայնության գալ կամ համաձայնության չգալ»: Նա տեղեկացրեց, թե ԱԺՄ-ն հանդիպում է որոշ ուժերի հետ, սակայն «քաղաքական դաշտի հանդիպումներն ընդհանրապես ավելի շատ կամուրջները պահելու համար են»: Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն այնուամենայնիվ առաջադրի իր թեկնածությունը, Վ. Մանուկյանը կսատարի՞ նրան: Ի պատասխան՝ ԱԺՄ առաջնորդը հարցրեց. «Իսկ ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը»: «Ես մինչեւ 1998 թվականը ճանաչում էի մի հատ Լեւոն Տեր-Պետրոսյան, որը պետության նախագահն էր, որի հետ մենք քաղաքական պայքարի մեջ էինք հանուն մի ինչ-որ գաղափարական սկզբունքի: Դրանից հետո, տասը տարի է, այն Լեւոն Տեր-Պետրոսյանը չկա, նոր Լեւոն Տեր-Պետրոսյան չկա»,- շարունակեց նա: Վ. Մանուկյանը երեկ նաեւ նշեց, թե անկախ նրանից՝ Լ. Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ, ինքն անպայման առաջադրվելու է: Ըստ ԱԺՄ ղեկավարի, իր թեկնածության շուրջ կմիավորվեն, ինչպես ինքը նշեց, «չափարից այս կողմ գտնվողները»: Ըստ նրա, բնական է, որ «չափարից այս կողմ գտնվողներն» իրար հետ կմիավորվեն, «չափարից այն կողմ գտնողներն»՝ իրար: «Իսկ ովքե՞ր էին չափարից այն կողմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկը՝ հիմա իր կուսակցությունով, Վազգեն Սարգսյանի թիմը՝ հիմա Արամ Սարգսյանի խմբով: Հիմա նույնն է, չափարի այս կողմն ու այն կողմը մնացել է. 1996 թվականից հետո չափարը չի կոտրվել: Այ, ես եթե նախագահ դառնամ, այդ չափարները հանելու եմ»,- արդեն ասուլիսից հետո որոշ լրագրողների հետ զրույցում նշեց Վ. Մանուկյանը: