ՀԺԿ-ն էյֆորիայի մեջ չէ

06/09/2007 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– ՀԺԿ-ն, որն այսօր ընդդիմադիր առանցքային ուժերից մեկն է, պասիվ դիրքերում է, եւ սեփական որեւէ նախաձեռնությամբ հանդես չի գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ ՀԺԿ-ն պատրաստ է մասնակցել բոլոր այն հանդիպումներին, որտեղ իրեն հրավիրում են: Ինչո՞ւ ՀԺԿ-ն իր վրա չի վերցնում գործընթացների լիդերությունը:

– Հայաստանում վերջին տարիներին շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Այնպիսի տպավորություն է, որ ով առաջինը եւ բարձր ինչ-որ մի բան հայտարարում է, ուրեմն` նա առանցքային է, իր վրա է վերցնում լիդերությունը եւ այլն: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ ինչ-որ հանդիպում է կազմակերպում, ապա դա չի նշանակում, թե նա է լիդերը: Եվ եթե դու նախապես հայտարարել ես, որ կողմ ես, որպեսզի համագործակցություն լինի, ստեղծվի բեւեռ, որ փորձ արվի սկսել այդ գործընթացը, եւ մասնակցում ես դրան զուտ քո սկզբունքներից ելնելով, շատ ժամանակ արդեն հաշվի չես առնում այն առանձին ուժերի ներկայությունը, որոնք մասնակցում են այդ կոնսուլտացիաներին (խոսքը Պարույր Հայրիկյանի կազմակերպած հանդիպումների մասին է.- Լ.Ս.): Դրա համար այստեղ լիդերության խնդիր լինել չի կարող: Այդ հանդիպումներն այս պահին քաղաքական դաշտը, տարբեր ուժերի պատրաստակամությունը տեսնելու, անկեղծության չափը զգալու խնդիր ունեն: Որովհետեւ մենք երկար ճանապարհ ենք անցել, եւ շատ-շատերի հետ մենք միասին ենք անցել այդ ճանապարհը, եւ հրաշալի գիտենք` ով ով է, ով ինչի է ընդունակ եղել անցյալում: Եվ հնարավոր է ենթադրել` կարո՞ղ ես այդ քաղաքական ուժի կամ գործչի հետ շարունակել քո ճանապարհը, թե՞ ոչ: Բայց Հայաստանում գործընթացներ են տեղի ունենում, այն էլ` շատ արագ: Թվում է` պասիվ իրավիճակ է, բայց իրականում այդպես չէ: Շատ ակտիվ եւ արագ գործընթացներ են լինում եւ՛ Հայաստանի ներսում, եւ՛ Հայաստանի վերաբերյալ` նրա սահմաններից դուրս, որոնք գուցե շատերին այս պահին տեսանելի չեն: Այո՛, հասկանալով, որ մենք առանցքային քաղաքական ուժ ենք, որն ընտրություններին լուրջ քվե է ստացել, կարողանում ենք սթափ լինել: Մենք այնքան սթափ ենք մտածում այդ ամենի մասին, որ դա մեզ ո՛չ էյֆորիայի մեջ է գցում, ո՛չ էլ մեզ համար ինչ-որ արհեստածին ամբիցիաների հիմք է ծառայում: Մենք ուզում ենք ստեղծված իրավիճակից շատ սթափ, պրակտիկ ելք գտնել: Այն է` փորձել Հայաստանի ընդդիմադիր դաշտում ստեղծել ընդդիմադիր մի բեւեռ, որը կկարողանա նախագահական ընտրությունների ժամանակ լուծել իր թեկնածուի հաղթանակի խնդիրը:

– Արդեն ակնհայտ է, որ ընդդիմադիր մի քանի բեւեռներ են լինելու (Վազգեն Մանուկյանի շուրջ հավաքվող քաղաքական ուժեր, Պ. Հայրիկյանի նախաձեռնությունը, որը միասնական թեկնածու է ընտրելու, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման կողմնակիցները), եւ նորից միասնական թեկնածուով ընդդիմությունը հանդես չի գալու: Քանի որ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ ինքը նախագահ դառնալու ամբիցիաներ չունի, ՀԺԿ-ն կողմնորոշվե՞լ է, թե այդ բեւեռներից որում է լինելու:

– Այդպիսի ընդգծված հայտարարություն, թե` Ստեփան Դեմիրճյանն ամբիցիաներ չունի եւ չի առաջադրվելու, չի եղել: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, բնականաբար, ունի նման ամբիցիաներ: Մենք ընդամենը կարող ենք խոսել այդ ամբիցիաների ոչ առողջ լինելու մասին: Բայց այդ ամբիցիաները պետք է ուղղված լինեն կոնկրետ նպատակի: Իսկ նպատակը` ստեղծված իրավիճակը փոխելն է: Եվ եթե դրա համար պետք լինի զիջել թեկնածությունն ուրիշին, որի շուրջ տեղի կունենա համախմբում, որը կկարողանա այդ բեւեռի առջեւում կամ գլխին կանգնել, մենք պատրաստ ենք այդ պարագայում այդ զիջումն անել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ ուժի կողքին կկանգնենք, նման խոսք լինել չի կարող, որովհետեւ այդ կանգնել-չկանգնելը մեզ մոտ շատ սխալ են հասկանում: Բացի դրանից, Ստեփան Դեմիրճյանը շփվում է գրեթե բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընդգրկված են վերոնշյալ բեւեռներում: Որպես բեւեռ՝ դրանք դեռեւս ձեւավորված չեն, այնպես որ` շատ շուտ է խոսել այս կամ այն բեւեռում լինելու մասին:

– Ո՞ր դեպքում ՀԺԿ-ն միայնակ կմասնակցի ընտրություններին:

– Այդ հարցը դեռեւս չենք քննարկել: Բայց եթե սթափ գնահատենք իրավիճակը, ապա կարող ենք այսօր էլ ասել, որ որեւէ քաղաքական ուժ միայնակ չի կարող մասնակցել ընտրություններին, եւ նրանք, ովքեր հայտարարում են, թե միայնակ են գնալու ընտրություններին, էս եմ անելու, էն եմ անելու, էսինչ-էնինչ բացահայտումներն եմ անելու, թույլ տվեք չհավատալ: Շատ կուզենայի հավատալ, որ դա կարող է որակ փոխել, իրական ընտրական իրավիճակ ստեղծել, բայց, ցավոք, դա անհնար է: Միայնակ գնալու դեպքում յուրաքանչյուր քաղաքական ուժ, գործիչ փորձում է իր անձնական ինչ-ինչ խնդիրները լուծել` լավ, վատ, էգոիստական, կապ չունի: Միայնակ գնալով օրինականություն հաստատել հնարավոր չէ: Դա նաեւ հասարակությանը, ընտրողին շփոթության մեջ գցելու ճանապարհ է: Դրա համար մենք գտնում ենք, որ միայնակ անիմաստ է մասնակցել: Միավորման փորձն ու պահանջն արդեն կա: 1999թ.` ընդառաջ գնալով հենց այդ պահանջին, ստեղծվեց «Միասնություն» դաշինքը: 2003-ին էլ` նույն նպատակով, ստեղծվեց «Արդարություն» դաշինքը: Հիմա առավել եւս էլ ավելի ուժեղ բեւեռի, ինչ-որ ուժերի համախմբման պահանջ կա:

– Դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո Ստեփան Դեմիրճյանի մամուլում արտահայտած գնահատականից, կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀԺԿ-ն նրա առաջադրման դեպքում պաշտպանելու է հենց նրա թեկնածությունը:

– Քաղաքականությունը շատ ավելի բարդ է, քան շատերս պատկերացնում ենք: Եվ քաղաքականության մեջ «եթե»-ներով խոսելը ճիշտ եւ կոռեկտ չէ: Մենք նման ոչ կոռեկտությունը չենք կարող ցույց տալ նաեւ ինքներս մեր նկատմամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս որեւէ հայտարարություն չի արել, նա իր դիրքորոշումը չի հայտնել: Բացի դրանից, նա նույնիսկ իր վերաբերմունքը հրապարակավ չի արտահայտել այն գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում մեր երկրում: Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում ասել է միայն, որ ողջունում է այն աշխուժությունը, որն առաջին նախագահը դրսեւորում է հիմա: Խոսքը մարզեր կատարած նրա այցերի մասին է: Բացի այդ, Ս. Դեմիրճյանն ասել է այն, ինչն անժխտելի է: Այն փորձը, որը կուտակել է հանրապետության առաջին նախագահը, շատ մեծ է, եւ այդ պոտենցիալը բոլոր երկրներում` անկախ նրանից՝ առաջադրվե՞լ է նա, թե՞ ոչ, միշտ օգտագործվում է: Իսկ մնացած հարցերի պատասխանները կարող են քննարկվել եւ հնչեցվել միայն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր տրամադրվածությունների մասին:

– Իսկ ինչո՞ւ ՀԺԿ-ն չի մասնակցում Լեւոն Տեր-Պետրոսյանի մարզեր կատարած այցերին:

– Ինչո՞ւ պետք է մասնակցի:

– Այլ քաղաքական ուժերը, ովքեր դեմ չեն նրան նախագահի թեկնածուի կարգավիճակում տեսնել, միանում են նրա կազմակերպած այցերին: Իսկ դուք, ինչպես ասացիք` կարեւորում եք նրա պոտենցիալն ու քաղաքական փորձը:

– Իսկ ՀԺԿ-ի մասնակցությունն այդ այցերին ավելացնելո՞ւ է այդ պոտենցիալը: Որքան տեղյակ եմ` նեղ շրջանակով են մեկնում մարզեր: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է մենք մասնակցենք, մանավանդ, երբ խոսքը նախընտրական հանդիպումների մասին չէ: Երբ մենք գնում ենք մարզեր հանդիպումների, ոչ ոքի չենք հրավիրում: Նույնիսկ դաշինքային մեր գործընկերներին այն ժամանակ չէինք հրավիրում, քանի որ դրանք զուտ մեր հանդիպումներն էին: Նույնիսկ տեղյակ էլ չեմ, թե ինչ նպատակ ունեն այդ այցերը: Միայն կարող եմ ենթադրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է իր աչքերով տեսնել իրականությունը, քանի որ երկար ժամանակ նա կտրված է եղել դրանից ու ինֆորմացիա ստացել է միայն իր շրջապատից: Այսինքն` տեսական մակարդակով է եղել, որը հիմա փորձում է տեղափոխել պրակտիկ մակարդակի: Ես կարծում եմ` դրանք անձնական հետաքրքրությունները բավարարելու, իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելուն ուղղված այցեր են: Կամ` ՀՀՇ-ի: Բայց ոչ ՀԺԿ-ի: