Խեղճ Հայրիկյանն էլ ջուր ու լույս չունի

12/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Պարույր Հայրիկյանը Կոտայքի մարզի Գողթ գյուղում ամառանոց ունի: Ոմանք ասում են՝ տունն իրենն է, մյուսները, թե՝ «քրոջ անունով ա»: Գողթի այն թաղում, որտեղ Հայրիկյանի ամառանոցն է, հիմնականում երիտասարդ, «նոր բաժանված ընտանիքներ են», ովքեր դեռ չեն էլ հասցրել տուն կառուցել ու շատերը դեռ «դոմիկների» մեջ են ապրում: Այս թաղը գյուղից բավականին կտրված է. «Մեր երեխեքը մոտ երկու կիլոմետր պետք ա ոտքով քայլեն՝ մինչեւ դպրոց հասնեն»: Հայրիկյանի նորակառույց առանձնատան հարեւանությամբ, արդեն 10 տարի, «դոմիկի» մեջ ապրում է Նավասարդյան Եսթերը՝ երկու երեխաների հետ: «Բարի մարդ ա Հայրիկյանը, որ գալիս ա՝ սաղիս հետ էլ զրուցում ա, հարցուփորձ ա անում»,- պատմում է Եսթերը: Եսթերենց ու Հայրիկյանենց թաղում ջուր չկա: Թաղի բնակիչները ջուր բերում են Գառնիից, որովհետեւ այս թաղը Գառնիին ավելի մոտ է, քան բուն գյուղին: «Արդեն գիտենք՝ Գառնիում ժամը քանիսից են ջուր տալիս, գնում ենք վեդրոներով բերում»,- պատմում է Եսթերը: Այս թաղի լույսն էլ է Գառնին տալիս: «Հեռախոսի կաբելների վրայով են բերել լարերը, օրումեջ պոկվում-ընկնում են ու անլույս ենք մնում»,- շարունակում է Եսթերը:

Եսթերի ամուսինը մահացել է, նրա երկու երեխաներին 1500 մետր տնամերձն է պահում ու պետության տված նպաստը: «Ես մեր պետությունից շատ դժգոհ եմ,- լացակումած ասում է Եսթերը,- խի մենակ հողը գյուղացուն տալո՞վ ա, բա չեն մտածո՞ւմ, որ էդ հողն անջուր ո՞ւմ ա պետք»: Եսթերը Գողթի գյուղապետից դժգոհ չի, ասում է՝ «Էդ խեղճ մարդն ինչով կարողանում օգնում է, որ չի էլ կարողանում՝ ամաչում է, որ ձեռը ճար չկա»: «Պետությո՛ւն չկա, պետությո՛ւն»,- համոզված է Եսթերը: