Էպիզոդներ «զարգացող» տուրիզմից

06/09/2007 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հայաստանում տուրիզմը զարգացնելու նպատակով մեկ տարի առաջ ՀՀ իշխանությունները որոշեցին գովազդային տեսահոլովակ նկարահանել եւ ցուցադրել հանրահայտ CNN ամերիկյան հեռուստաալիքով: Դա մոտավորապես նույն բանն է, եթե, օրինակ, այսօր հայաստանյան հեռուստաալիքներով սկսեն ցուցադրել «ՄաքԴոնալդսի» գովազդային տեսահոլովակը, այսինքն՝ այն, ինչ Հայաստանում պարզապես գոյություն չունի: Մերոնք դեռ չեն հասկացել, որ գովազդը տուրիզմի զարգացման աշխատանքների շղթայում վերջին օղակներից մեկն է: Այնպես որ, չի կարելի գործը վերջից սկսել: Իսկ իշխանությունների այն հայտարարությունները, թե Հայաստանում տուրիզմը զարգանում է, պարզապես բլեֆ են: Սա ապացուցելու համար առանձնապես մեծ ճիգեր պետք չեն: Անգամ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները կհաստատեն, որ հայերը վերջին տարիներին գերադասում են հանգստանալ որտեղ պատահի` Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Խորվաթիայում, Իսպանիայում, բայց ոչ երբեք Հայաստանում: Եվ իսկապես, ի՞նչը պետք է ստիպի շարքային քաղաքացուն՝ գերադասել հայաստանյան հանգստի գոտիները վերոնշյալ արտասահմանյաններից: Սեւանի, բառիս բուն իմաստով, քոսոտ տնակների գինը մի քանի անգամ գերազանցում է Քոբուլեթիում վարձով տրվող շատ ավելի ցիվիլ սենյակներին, իսկ իրենց հանգստյան տներ կոչող շինությունների սեփականատերերը կամ չեն եղել Անթալիայի

4-5 աստղանոց հյուրանոցներում, կամ մեզ բոլորիս էշի տեղ են ուզում դնել: Եվ եթե այսպես շարունակվի, ապա վստահ կարելի է ասել, որ բոլոր հանգստյան տները շատ շուտով կվերածվեն այդ հանգստյան տների սեփականատերերի անձնական ամառանոցների, քանզի, բացի նրանց ընտանիքներից, այդտեղ ոչ ոք չի գնա հանգստանալու: Տուրիստն այդ գներն իմանալով` կգերադասի այլ երկրում հանգստանալ:

Տուրիզմն, առաջին հերթին, ծառայություն է, սերվիս: Իսկ ծառայությունը մուննաթով չեն մատուցում: Ու թեեւ ասում են, որ մուննաթը թուրքական բառ է, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ այն ունենար հայկական ծագում: Քանզի միայն Հայաստանում կարող է մատուցողը կամ հյուրանոցի աշխատողը, վարսավիրը կամ տաքսիստը մուննաթ գալ «կլիենտի» վրա: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ օտարազգի զբոսաշրջիկների թիվն այս տարի ավելացել է, ապա կարող եմ ասել, որ բոլորին էլ կարելի է մեկ անգամ խաբել: Բայց համոզված եմ, որ մեր ճանապարհները, հյուրանոցների եւ հանգստյան տների գները, սպասարկման որակը մեկ անգամ տեսնողն այլեւս այստեղ չի վերադառնա, եթե, իհարկե, էքստեմալ տուրիզմի սիրահար չէ: Սովորաբար, ցիվիլ երկրներում ընդունված է, որպեսզի ճանապարհների վրա, բացի երթեւեկության նշաններից, լինեն նաեւ ցուցանակներ, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, թե ո՞ւր են գնում: Սակայն, օրինակ, Հայաստանի ամենալավ հանգստավայրերից մեկի` Աղվերան տանող ճանապարհին դուք չեք հանդիպի գոնե մեկ ցուցանակի: Երեւի տուրիզմի զարգացման գործով զբաղվող մեր չինովնիկներին թվում է, որ յուրաքանչյուր հայաստանցի, սփյուռքահայ կամ օտարերկրացի պարտավոր է անգիր իմանալ Աղվերան տանող բոլոր ասֆալտապատ, կիսաասֆալտապատ եւ հողածածկ ճանապարհները: Համարյա նույն իրավիճակն է Հայաստանի այցեքարտ համարվող Ջերմուկի պարագայում: Այստեղ մի բացառություն կա միայն` Երեւան-Գորիս հիմնական մայրուղուց դեպի Ջերմուկ թեքվող ճանապարհահատվածում Աղասի Խանջյանի ժամանակներից մնացած մի վահանակ կա, որը զբոսաշրջիկին հուշում է ճիշտ ճանապարհը:

Նոր բիզնեսի ձեւ են գտել նաեւ որոշ տուրիստական կազմակերպություններ: Իբր տնտեսության այլ բնագավառներում մենաշնորհները մեզ քիչ էին, հիմա էլ՝ սրանք: Օրինակ, «Բագրատ-տուր» կոչվող տուրիստական կազմակերպությունը փաստորեն մենաշնորհել է Երեւան-Անթալիա չվերթը: Եվ ստացվում է այնպես, որ չորս անձից բաղկացած ընտանիքը իր 14-օրյա հանգստի համար Անթալիայի 4-աստղանի հյուրանոցներում վճարում է ընդամենը 1600-1900 ԱՄՆ դոլար, իսկ միայն ինքնաթիռի տոմսերի համար ստիպված է վճարել 2000 դոլարից ավելի (ի դեպ, Երեւան-Անթալիա չվերթի տոմսերի գինը 175.000 դրամ է, իսկ Երեւան-Քյոլն չվերթի տոմսերն արժեն 150.000 դրամ, այն դեպքում, երբ Քյոլն հասնելու համար անհրաժեշտ է երկու անգամ ավելի ժամանակ), որովհետեւ այդպես է որոշել «Բագրատ-տուրը», որը, հերիք չէ, «պապու» գներն է սահմանել ավիատոմսերի վրա, հետն էլ իր չինովնիկ հովանավորների օգնությամբ պատրաստ է բոլոր խոչընդոտները դնել, որպեսզի ոչ միայն ինքնաթիռով, անգամ ավտոբուսով ուրիշ ոչ մեկը չկարողանա զբաղվել զբոսաշրջիկների տեղափոխությամբ: Սա, իհարկե, հակամենաշնորհային հանձնաժողովի խնդիրն է, բայց ինչպես ասում են` խիղճ էլ լավ բան է: Այնպես որ, եթե այս մանրուքներին ուշադրություն չդարձնենք, ապա չի բացառվում, որ շատ շուտով հայերը, բացի Վրաստանից եւ Թուրքիայից, սկսեն իրենց հանգիստն անցկացնել նաեւ Ադրբեջանում, իսկ Անթալիա կմեկնեն, ասենք, վրացական կամ ռուսական ավիաընկերություններով: