Արժեքային համակարգի դեգրադացիան

06/09/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Երբ որեւէ միջազգային կազմակերպություն Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է իրականացնում, որպես կանոն, առաջին հերթին ուշադրության կենտրոնում են հայտնվում քաղաքական գործիչների կամ կուսակցությունների վարկանիշները։ Ըստ այդ վարկանիշների էլ քաղաքական գործիչներն արձագանքում են։ Եթե իրենց վարկանիշը բարձր է նշված, տվյալ կազմակերպությանն անվանում են «հեղինակավոր», իսկ եթե ցածր է՝ «ծախված»։ Իրականում քաղաքական ուժերի վարկանիշները երկրորդական են։ Շատ ավելի կարեւոր է հասարակության ընդհանուր արժեքային համակարգը, եւ միջազգային կազմակերպություններն էլ, մեր մեջ ասած, առաջին հերթին հենց դա են ուսումնասիրում։

Վերջերս «Գելափ» սոցիոլոգիական կենտրոնը նմանօրինակ մի հետազոտություն էր անցկացրել Հայաստանում, եւ արձանագրված արդյունքները, մեղմ ասած, բավականին տարօրինակ էին։ Մասնավորապես, այն հարցին, թե «Ո՞րն եք համարում Հայաստանի առջեւ կանգնած թիվ մեկ խնդիրը», հարցվածների 40 տոկոսը պատասխանել էր՝ գործազրկությունը, 30 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական վիճակը, եւ միայն 16 տոկոսը՝ ղարաբաղյան հարցը։ Փաստորեն, հարցվածների 70 տոկոսն իրեն նեղություն չի տվել մտածել, թե ինչո՞ւ է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր, եւ ինչո՞ւ է գործազրկության մակարդակն այսքան բարձր։ Եթե մի քիչ իրենց նեղություն տային եւ մտածեին, կհասկանային, որ բուն պատճառը հենց ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելն է, հետեւաբար՝ հենց ղարաբաղյան հարցն է Հայաստանի թիվ մեկ հիմնախնդիրը։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. փողոցը քարուքանդ արված է, եւ մարդիկ ամեն օր ընկնում են փոսերն ու ջարդվածքներ ստանում։ Բայց երբ «տուժածների շրջանում» հարցում են անցկացնում, պարզվում է, որ 40%-ի կարծիքով՝ թիվ մեկ խնդիրը գիպսի եւ վիրակապի թանկությունն է, 30%-ի կարծիքով՝ բժիշկների կոպիտ վերաբերմունքը, եւ միայն 16%-ն է կարծում, որ պետք է պարզապես փողոցները կարգի բերել։ Նրանց, ովքեր այս համեմատությունը կոռեկտ չեն համարի, խորհուրդ կտանք պարզապես զրուցել ցանկացած տնտեսագետի կամ գործարարի հետ։ Կարող եք վստահ լինել՝ բոլորը միաբերան կպնդեն, որ Հայաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի հիմնական պատճառը ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելն է։ Եվ իհարկե՝ շրջափակումը, որը, մեծ հաշվով, նույնպես կապված է ղարաբաղյան խնդրի հետ։

Անցնենք առաջ։ «Ի՞նչ պիտի անեն իշխանությունները, որպեսզի վայելեն ժողովրդի աջակցությունը» հարցին հայաստանցիները պատասխանել են այսպես. 37% – պիտի բարձրացնեն աշխատավարձերն ու թոշակները, 31% – պիտի նոր աշխատատեղեր բացեն, եւ միայն 9% – պիտի ժողովրդավար լինեն։ Սրանք նույնպես շատ հետաքրքիր արդյունքներ են։ Փաստորեն, հասարակության բացարձակ մեծամասնությանն ավելի շատ իր սոցիալական վիճակն է հետաքրքրում, քան երկրի ժողովրդավարության մակարդակը։ Սա, իհարկե, ինչ-որ տեղ հասկանալի է։ Տարօրինակն այն է միայն, որ հարցվածների բացարձակ մեծամասնությունը որեւէ կապ չի տեսել ժողովրդավարության եւ, ասենք, թոշակների բարձրացման միջեւ։ Ի վերջո, ժողովրդավարություն՝ նշանակում է նաեւ ազատ տնտեսություն, տնտեսական մրցակցություն, օրենքի իշխանություն, հետեւաբար նաեւ՝ տնտեսական աճ, եւ որպես արդյունք՝ աշխատավարձերի ու թոշակների աճ։ Իսկ Խորհրդային Միությունում, օրինակ, թոշակները քչից-շատից նորմալ էին, գործազրկություն ընդհանրապես չկար, բայց չկար նաեւ ժողովրդավարություն։ Դժգոհներն էլ լրացնում էին Սիբիրի «կադրային բացը»։ Ու հիմա ստացվում է, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համար այդ մոդելն ավելի հոգեհարազատ է, քան ժողովրդավարությունը։

Հարց է ծագում. այսքանից հետո որեւէ նշանակություն ունի՞ արդյոք, թե մոտավորապես այսպիսի արժեքային համակարգի կրող հարցվածներն «ում կընտրեին ՀՀ նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի»։ Կամ ինչո՞ւ պիտի ընդհանրապես ընտրություններ տեղի ունենան, եթե հասարակությունն ինքը ժողովրդավարությունը համարում է երրորդական-չորրորդական խնդիր։ Թող «իրենց միջից» մեկնումեկին «նախագահ դնեն», պրծնեն։ Կարեւորը՝ որ ընտրությունների փուլում հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի։ Թեկուզ՝ միանվագ։