Արմավիրի դաժան հեքիաթը

06/09/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ուսումնական տարվա սկզբին Արմավիրում կատարվող իրադարձությունները միջնադարյան գռեհիկ անեկդոտ են հիշեցնում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր մարզի աշակերտներին պարտադրում է դպրոց ներկայանալ նույն համազգեստով: Մարզի բնակչությունը կանգնել է փաստի առաջ: Նրանց մի մասն ասում է, որ դպրոցական համազգեստի համար 17 հազար դրամ վճարելը վեր է իր ուժերից: Բայց տեղական ինքնակառավարման մարմինները լծվել են բնակչության դիմադրությունը ջարդելու հայրենանվեր գործին: Մարզպետարանի չինովնիկներից մինչեւ գյուղի գզիրը գովերգում են իրենց ղեկավարի որոշումը: Մարզպետն այնքան է ոգեւորված, որ հայտարարել է, թե մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին համազգեստի գումարը մարզպետարանն ու գյուղապետարանները կտրամադրեն: Պարզ է` ոչ իրենց գրպաններից, այլ պետական կամ համայնքային միջոցներից: Նույնիսկ համարյա պաշտոնապես հայտարարվել է համազգեստի գինը` 1-5-րդ դասարանների աղջիկների համազգեստն արժե 10 հազար 500 դրամ, տղաներինը` 11 հազար 500 դրամ, 5-8-րդ դասարանցիներինը` 14 հազար 500 դրամ, 8-րդից բարձր աղջիկներինը` 15 հազար 500 դրամ, տղաներինը` 16 հազար 500 դրամ: Գների այս հրապարակումից կարող է տպավորություն ստեղծվել, թե վերականգնվել է գների խորհրդային կոմիտեն: Վերականգնվել է ու միասնական գներ է հաստատել, անկախ այն փաստից՝ 7-րդ դասարանցի երեխան 40 չափսի զգե՞ստ է կրում, թե՞ 46: Տոտալ պարտադրանքի փաստից կարելի է եզրակացնել, որ այդ համազգեստներն արդեն կարված են: Ինչ-որ անհայտ գործարար իր արտելում արդեն կարել է անհրաժեշտ չափսերի ու անհրաժեշտ քանակության համազգեստներ: Մնում է միայն զարմանալ, թե ո՞վ է այդ գործարարը, որ այդքան միջոցներ է ներդրել այս ռիսկային գործարքում: Բայց այս գործարքը ռիսկային կհամարվի ամենուրեք, բացի Հայաստանից: Անհայտ գործարարը վստահ է, որ իշխանության միջոցով մարզի բնակչությանը կպարտադրի գնել իր արտադրած համազգեստը: Որովհետեւ սեպտեմբերյան առեւտուրն իր մասշտաբով զիջում է միայն դեկտեմբերյանին: Բայց նույնքան բազմազան ու բազմաբնույթ չէ: Ավելին` սեպտեմբերյան առեւտուրն իր տեսականիով խիստ սահմանափակ է: Այս շրջանում վաճառվում են միայն հագուստ, կոշիկ ու գրենական պիտույքներ: Հայաստանում մոտ 500 հազար աշակերտ ու ուսանող կա: Հայ գործարար միտքը վաղուց է առեւտրի այս սեզոնն առավել շահութաբեր դարձնելու բիզնես-պլաններ մշակում: Հո չի՞ կարելի թույլ տալ, որ յուրաքանչյուր ուսանող-աշակերտի ծնող զավակների համար գնի՝ ինչ հարմար է գտնում: Կամ` ինչ հարմար է իր գրպանին: Հայ գործարար միտքն արդեն կայացրել է իր վճիռը: Եվ փորձելու է մոնոպոլիա հաստատել այս ոլորտում: Այսինքն՝ հարկավոր է այդ 500 հազար աշակերտ-ուսանողների ծնողներին ստիպել գնել միայն իրենց առաջարկած նույն ապրանքատեսականին: Տոտալ ու ոչ ռիսկային բիզնեսի նոր ոլորտ հաստատելը վստահաբար նոր գերշահույթ կապահովի: Կապահովի գործարարների այն շերտին, որը սպառողին իշխանական լծակներով կպարտադրի գնել իր արտադրանքը: Հայ իրականության մեջ սա նորություն է: Մինչ այժմ մեր գործարարների դասը մոնոպոլիզացնում էր բիզնեսի կանխատեսելի, այսինքն՝ ոչ ռիսկային ոլորտները: Շատ հեշտ է հաշվարկել, թե որքան ալյուր, ձեթ, կարագ, ծխախոտ ու այլ արագ սպառվող ապրանքներ են իրացվում մեր ներքին շուկայում: Գործարարներն իրար հետ պայմանավորվել են, եւ մեկը բենզին է ներկրում, մյուսը՝ շաքարավազ, երրորդը՝ ծխախոտ: Յուրաքանչյուրը` իրեն հատկացված տեսականին եւ իրեն հատկացված չափաքանակով: Տնտեսական մրցակցության հանձնաժողով կոչվածն էլ ձեւացնում է, թե չի նկատում: Հիմա երեւի պատկերը փոխվել է: Հիմա նույն ապրանքատեսակը յուրաքանչյուրիս վրա նաղդելու պլաններ են մշակվում: Առաջին քայլն արվել է Արմավիրի մարզում: Մեկ առանձին մարզում պարտադրանքով զարգացող բիզնեսը հետո կընդլայնվի՝ ընդգրկելով ողջ երկիրը: Հանրապետության որոշ բնակավայրերում եւս արդեն այդ ուղղությամբ քայլեր են արվում: Արմավիրի մարզպետն ու տեղական մյուս իշխանավորներն այս ամենին, իհարկե, բացատրություն ունեն: Խոսում են ոչ այն է՝ սոցիալական արդարության, ոչ այն է՝ սոցիալական հավասարության մասին: Չգիտեմ՝ իրականում ո՞վ, կամ ովքե՞ր են այս նորամուծության հեղինակները, բայց նրանք շրջանառության մեջ ինքնատիպ տեսակետ են դրել: Բավական կասկածելի ու նույնքան վայրենի տեսակետ: Դրա համաձայն՝ միանման հագնված դպրոցականները չեն զգա սոցիալական այն շերտավորումը, որ կա մեր հասարակության մեջ: Բայց հագուստը ոչինչ չի որոշում: Այսօր ես, Արմավիրի մարզպետը, մարզի գյուղապետերը գնային առումով առանձին-առանձին շատ ավելի թանկ հագուստ ենք կրում, քան ՌԴ քաղաքացի Խոդորկովսկին: Վերջինս կրում է բանտարկյալին տրվող համազգեստ: Բայց մենք ունեցվածքային ցենզի տարբեր սանդղակներում ենք: «Կազյոննի» համազգեստ կրող Խոդորկովսկին միլիարդատեր է (դոլարով): Իսկ ես, Արմավիրի մարզպետը, մարզի գյուղապետերը` ոչ: Կարծում եմ, առայժմ միլիարդատեր չէ նաեւ դպրոցական համազգեստ կրել պարտադրող որոշման հեղինակը: Առայժմ միլիարդատեր չէ: 500 հազարանոց պարտադրված սպառող ունենալու դեպքում դա ժամանակի խնդիր է: Ինչ-որ տարիքից ես զարմանում էի, թե ինչու են աշակերտներին պարտադրում կարդալ «Կապույտ մորուքը», «Կռնատ աղջիկը», «Զանգի-Զրանգին» եւ այլ դաժան հեքիաթներ: Հիմա հասկացել եմ: Դրանք անհրաժեշտ են: Մեզ բոլորիս մանկուց է պետք պատրաստել լսելու այն մտքերը, որոնցով մեր չինովնիկները հիմնավորում են իրենց արարքները: