«Հայփոստի» խմորը շատ ջուր կտանի

06/09/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայփոստ» ՓԲԸ-ն շարունակում է իր բացահայտումների շարքը: Ընկերությունը ներքին ստուգումների արդյունքում մոտ 2մլրդ դրամի չարաշահումներ է հայտնաբերել ավտոտնտեսության (բենզինի գնման ու օգտագործման, մեքենաների վերանորոգման ու սպասարկման) շահագործման արդյունքում:

Պարզվել է նաեւ, որ 2007թ. ապօրինաբար տպագրվել եւ վաճառվել են 51 անուն նամականիշեր, ինչի արդյունքում ընկերությունը նույնպես էական վնասներ է կրել: «Հայփոստի» երրորդ բացահայտումն արդեն կոնկրետ հասցեատերեր է նշում` ի դեմս ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության պաշտոնյաների: Ընկերությունը շարունակել է ներքին ստուգումները եւ պարզել, որ 2001-ին «Հայփոստն» Իրանից եւ Վրաստանից դեպի Մեղրի եւ Սադախլո փոստային փոխադրումների համար վարձակալել է մի քանի բեռնատարներ: Փոխադրումների պայմանագիր է կնքել նաեւ «Կոճոռ տելեկոմ», «ՀՍԳ տրանս», «Արաքս էլեկտրոնիկս» ՍՊԸ-ների հետ, որոնց տերերը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այս ոչ տնտեսվար պայմանագրերի արդյունքում «Հայփոստը» կրել է մոտ 167մլն դրամի վնաս: Հետաքրքիր է, որ «Հայփոստն» իրեն վերապահել է անուններ տալ` մտնելով իրավապահների տիրույթը:

2006թ. նոյեմբերին է «Հայփոստի» կառավարումը ստանձնել հոլանդական «Հայփոստ թրաստ մենեջմենթ» ընկերությունը, եւ այս գործարքի «քավորներ» կարելի է համարել Կապի եւ տրանսպորտի նախարարությանը եւ ԿԲ-ին: ՀՀ օրենսդրության համաձայն՝ կառավարման հանձնվող ընկերությունում նախ պետք է աուդիտ անցկացնի միջազգային անկախ մի կազմակերպություն: «Հայփոստում» էլ բնականաբար միջազգային մի N կազմակերպություն է անցկացրել այս աուդիտը, որի արդյունքում դժվար է ասել՝ բացահայտվե՞լ, թե՞ չեն բացահայտվել չարաշահումներ, բոլոր դեպքերում, նոր կառավարիչը սուսուփուս անցել է իր պարտականություններին: «Հայփոստի», «Կապի եւ տրանսպորտի», «Պետգույքի կառավարման» լրատվական ծառայություններում նախնական աուդիտի մասին տեղեկատվություն չունեին: Մեր տեղեկություններով՝ գործին առնչվող պետական պաշտոնյաներին հրահանգվել է տեղեկատվություն չտրամադրել` մինչեւ հարցը չքննարկվի Կառավարությունում: Սրանով է պայմանավորված կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի` «մի քիչ հետո կասեմ» հայտարարությունը:

«Հայփոստի» նախկին տնօրեն Վրույր Առաքելյանը, ով ներկայումս Կապի եւ տրանսպորտի փոխնախարարն է եւ հիմնականում նրան են ուղղված վերոնշյալ մեղադրանքները, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ներկայացված չարաշահումները զուրկ են հիմքերից: «Թող գործն իրավապահները քննեն եւ տեսնեն: Ես ոչ մի մտավախություն էլ չունեմ: Սա նույնն է, որ կինն ամուսնուն ասի` կոշիկ մի հագի, այն շուտ է մաշվում»,- ահա այսպես պատկերավոր ներկայացրեց գործը Վ. Առաքելյանը: «Ի՞նչ «սեւ կատու» է անցել այդքան խոստումնալից հարաբերություններ սկսած հոլանդացի կառավարչի եւ նախարարության միջեւ» հարցի պատասխանը կրկին փողային վեճն է: Պարզվում է, որ հինգ տարի ժամկետով «Հայփոստի» կառավարումը ստանձնածները որոշակի ներդրումային պարտավորություններ ունեն, որի մասին «բարաթը յոթ փակի տակ» Պետական գույքի կառավարման վարչության տիրույթում է: «Մենք «Հայփոստի» ներդրումների պարտավորությունների մասին տեղեկատվություն ստանալու համար դիմել ենք Պետգույքի կառավարման վարչությանը, սակայն որեւէ պատասխան չենք ստացել»,- ասում է Կապի եւ տրանսպորտի փոխնախարարը: Այստեղից կարելի է ենթադրել, որ նախարարությունը «Հայփոստին» հավանաբար հիշեցրել է ներդրումների մասին, որին էլ հետեւել է բումերանգի օրենքը` հրապարակվել են պետական շահերը պաշտպանողների կողմից կատարած չարաշահումները: Ինչպես տեսնում ենք, գործը լրջացել է եւ հասել կառավարության մակարդակի, որտեղ վերջին խոսքը վարչապետինն է լինելու: Կանխատեսելի է, որ առժամանակ «Հայփոստը» կմոռանա նորանոր բացահայտումների մասին: Արդեն իսկ մեր բոլոր հարցերին «Հայփոստից» պատասխանում են, որ գլխավոր տնօրենը Հայաստանում չէ, եւ նոր տեղեկատվությունը կլինի վերջինիս վերադարձից հետո միայն: