Չգիտեմ՝ ընթերցողներից քանիսն են եղել արտասահմանում, սակայն եղածները կհաստատեն, որ շատ հաճախ իրենց վատ են զգացել՝ «Իսկ դուք որտեղի՞ց եք» հարցին պատասխանելիս։
Երբ պատասխանում եք՝ «Armenia», սովորաբար հնչում է երկրորդ հարցը՝ «Ալբանիա՞»։ Հետո, երբ տառ առ տառ ճշտում ես, պարզվում է, որ դիմացինդ ոչինչ չգիտի քո երկրի՝ նրա հազարամյա պատմության, 1700-ամյա քրիստոնեության եւ այլնի մասին։ Երբեմն հարց տվողն «Armenia» պատասխանը լսելուց հետո բազմանշանակ ասում է՝ «Աաա՜», սակայն դա ոչ թե նշանակում է, որ նա «տեղը բերեց» քո երկիրը, այլ ուղղակի՝ չի իմանում եւ առանձնապես մեծ ցանկություն էլ չունի լսել այդ երկրի եւ նրա փառահեղ անցյալի մասին։
Միգուցե շատերը կասեն՝ նորմալ երեւույթ է, փոքր երկիր ենք, այդպես էլ պիտի լիներ։ Ասենք, ի՞նչ պարտադիր է, որ անգլիացին իմանա Հայաստանի մասին։ Սակայն ի՞նչ կասեք, երբ ձեր զրուցակիցը, փորձելով այնուամենայնիվ հասկանալ, թե դուք որտեղից եք, մի ստուգողական հարց է տալիս՝ «Հայաստան… Դա Վրաստանին մո՞տ է»։ Համաձայնեք, որ դա շատ ավելի վիրավորական է, քան երբ ընդհանրապես ոչինչ չգիտեն։
Այսինքն, երկրի տարածքի կամ բնակչության մեծությունն այնքան էլ մեծ նշանակություն չունի։ Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ կոնկրետ Վրաստանի մասին ավելի շատ գիտեն, քան Հայաստանի, այն դեպքում, երբ այդքան խոսում ենք մեր բազմամիլիոնանոց Սփյուռքի մասին։
Պատճառը պարզ է դառնում, երբ փորձում ես պատասխանել այս պարզ հարցին՝ շարքային եվրոպացին որտեղի՞ց պիտի լսի Հայաստանի անունը։ Առաջին հերթին՝ լուրերից։ Իհարկե, ոչ թե «Հայլուրից», այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից։
Իսկ միջազգային մամուլում Հայաստանը, մեղմ ասած, կորել է։ Հայաստանի մասին խոսվում է դեպքից դեպք։ Հայաստանը հիշատակվում է, երբ երկրի առաջին կամ երկրորդ դեմքը հարցազրույց է տալիս որեւէ եվրոպական թերթի, կամ էլ երբ խոսք է գնում Ռուսաստանի մասին։ Ու վերջին դեպքում Հայաստանը միշտ նշվում է՝ որպես Ռուսաստանի մեծապետական նկրտումները բացահայտող վառ օրինակ։ Ասենք, Հայաստանի էներգետիկայի 80%-ը վերահսկում են ռուսները եւ այլն։
Հայաստանի մասին առավել հաճախ խոսվում է մարզական թեմաներով՝ շախմատ, բռնցքամարտ, ծանրամարտ։ Թեեւ այս դեպքերում էլ վերաբերմունքը հաճախ արհամարհական է։ Օրինակ, Հայաստան-Պորտուգալիա խաղին անդրադառնալիս գրեթե բոլոր անգլիական թերթերը որպես գոլի հեղինակ նշում են ոչ թե Ռոբերտ Արզումանյանին, այլ Արտավազդ Քարամյանին։ Այն, որ այդքանն էլ են նշել եւ չեն բավարարվել միայն հաշիվը գրելով, ունի պարզ բացատրություն։ Պատասխան գոլի հեղինակը Կրիշտիանու Ռոնալդուն էր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կուռքը։ Նրա գոլի մասին հիացմունքով խոսել են, ու ձեռքի հետ էլ նշել Արտավազդ Քարամյանի՝ չեղած գոլի մասին։
Եթե սա համարում եք թեթեւ խնդիր, ապա կան ավելի լուրջ օրինակներ։
Այսպես, ԼՂՀ նախագահական ընտրություններին անդրադառնալիս BBC-ն գրել էր՝ Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղում անցկացվել են նախագահական ընտրություններ։ Չգիտեմ, արձագա՞նքն էր պատճառը, թե՞ մեկ այլ բան, որ հաջորդ օրը նախադասության սկզբում ավելացավ «դե յուրե» բառը։ Հոդվածը գրված էր ռուսերեն, եւ Վարդան Օսկանյանն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող որեւէ մեկին մեղադրել սխալ թարգմանության մեջ։ Եվ ընդհանրապես, BBC-ի այդ էջը կարծես ադրբեջանական պրոպագանդա լինի՝ ադրբեջանցի փախստականների նկարներով եւ այլն։
Եթե սա էլ բավարար չի, եւ կասեն՝ լրատվամիջոցին չենք կարող ասել՝ ինչպես ձեւակերպի իր ասելիքը, խոսենք մեկ ուրիշ փաստի մասին։
Միջազգային ասպարեզում Հայաստանն առավել հաճախ հիշատակվում է տարբեր կառույցների եւ կազմակերպությունների զեկույցներում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտ, «Freedom House», «Transparency International» եւ այլն։ Որպես կանոն, դրանցում բացասական երանգները միշտ շատ վառ են արտահայտված՝ մեկում խոսվում է թրաֆիկինգի, մյուսում՝ կոռուպցիայի կամ մարդու իրավունքների ոտնահարման մասին։
Այդուհանդերձ, կա մի կազմակերպություն, որին մեր իշխանությունները շատ են սիրում։ Դա «Heritage Foundation»-ն է։ Այս կազմակերպության կողմից ամեն տարի հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքսում» Հայաստանը վերջին տարիներին միշտ բարձր տեղ է գրավում։ Մերոնք էլ անթաքույց ուրախությամբ նշում են, որ 2007թ. զեկույցում Հայաստանը գրավում է 32-րդ տեղը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, Պորտուգալիայից եւ Իսրայելից։ Մի կողմ թողնենք, որ այս զեկույցում խոսք է գնում տնտեսական ոլորտի բացասական երեւույթների՝ կոռուպցիայի, պետության միջամտության, սեփականության իրավունքների անպաշտպանվածության եւ այլնի մասին։
Ավելի մեծ ուշադրության է արժանի զեկույցի այն մասը, որտեղ համառոտ ներկայացվում են մեր երկրի վերջին տարիների զարգացումները։ Այդտեղ կա մի նախադասություն, որի մասին ոչ ոք չի խոսում, «մոռացել» են։ Ահա այն. «1988 թվականից ի վեր Հայաստանը՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություն, հակամարտության մեջ է գտնվում հարեւան Ադրբեջանի հետ՝ օկուպացնելով Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը եւ հարեւան տարածքները» (հետաքրքրվողները կարող են անգլերեն բնօրինակը կարդալ http://www. heritage.org/index/ country.cfmգid=Armenia ինտերնետային հասցեում՝ «Background» բաժնում)։ Ինչ է, չե՞ն նկատել այս ձեւակերպումը։ Դժվար է հավատալ։ Պարզապես իրենց ձեռնտու չէ։
Իսկ Վարդան Օսկանյանը՝ Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպելուց հետո ասում է՝ բովանդակային նորություն չունենք: Մինչդեռ գլխավոր նորությունը հենց այն է, որ մեզ՝ որպես երկրի, միջազգային մամուլը եւ միջազգային հանրությունը շատ ավելի վատ են վերաբերվում, քան առաջ։ Ավելի ճիշտ, նրանք մեզ ընդհանրապես չեն վերաբերվում, այլ պարզապես անտեսում են՝ մեր փառապանծ անցյալով, վագրանման ներկայով ու լուսավոր ապագայով հանդերձ։ Ասենք, դա էլ է վերաբերմունքի ձեւ։