Թեժ գիծ են բացել

06/09/2007

Աֆրիկյան ժանտախտի առկա կամ կասկածելի դեպքերում ահազանգելու համար ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում գործում է թեժ գիծ` 45-74-21 հեռախոսահամարով: Այն, ի դեպ, գործում է նաեւ թռչնագրիպի կասկածելի դեպքերի համար: Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքերին անմիջապես արձագանքելու նպատակով թռչնագրիպի դեմ պայքար իրականացնելու համար ստեղծված հատուկ շտաբը վերակազմավորվել է ժանտախտի դեմ պայքարի շտաբի, դրանում ընդգրկվել են նոր մասնագետներ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը երեկ ասուլիսում հայտարարել է, որ կառավարության կողմից ամեն ինչ արվում է` հանրապետությունում վարակի հետագա տարածումը կանխելու համար: Հիշեցնենք, որ մինչ օրս հայտնաբերվել է վարակի 7 օջախ` Տավուշում եւ Լոռիում, եւ ոչնչացվել է հիվանդ կամ կասկածելի հիվանդ 1700 գլուխ խոզ:

Գ. Բաղյանը նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանում թռչնագրիպի տարածման լուրի հաստատվելու դեպքում կդադարեցվի Ռուսաստանից թռչնամթերքի ներկրումը Հայաստան: Ըստ նրա, սակայն, դեռեւս ՌԴ Կրասնոդարի երկրամասի Բրյուխովեցկի շրջանի ֆերմաներում թռչնագրիպի հայտնաբերման եւ թվով 22.000 հավերի ոչնչացման մասին պաշտոնական հայտարարություններ չեն արվել: Գ. Բաղյանի հավաստմամբ` չնայած Հայաստանում թռչնագրիպի դեպքերի բացակայությանը, հանրապետության մասնագետները շարունակում են նույն տեմպերով աշխատել: Հայաստանում ներկայումս առկա են թռչնագրիպից պաշտպանության եւ դրա կանխարգելման բոլոր միջոցները, գործում է թռչնագրիպի դեմ պայքար իրականացնելու համար ստեղծված հատուկ շտաբ: Նշենք, որ համաձայն ազգային վիճակագրական տվյալների, Ռուսաստանից Հայաստան թռչնամթերքի ներմուծման ծավալները համեմատաբար մեծ չեն: 2006-ին ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 4.5 տոննա միս եւ մսից ենթամթերքներ (այդ թվում նաեւ՝ թռչնամիս)` 71.7 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: