Ծիրանը Հայաստանի համար վալյուտա է

12/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Հայաստանի նման փոքր երկրին իր հողը կարո՞ղ է կերակրել։

– Իհարկե: Օրինակ, Բուլղարիան, Հունգարիան, կամ Ֆինլանդիան, որի բնակչության ընդամենը 14%-ն է զբաղվում գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսական ապրանքի մոտ 60%-ն արտահանում է: Ինչ-որ տեղ մենք այդ հնարավորությունն ունենք, բայց դրա համար պետք է ճիշտ ծրագիր մշակել, այդ ոլորտի ողջ տեղեկատվությանը տիրապետել, վիճակագրությունն ուսումնասիրել:

– Բայց գյուղացին, որ ընդամենը մի քանի հեկտար հող ունի, չի կարող այդ խնդիրները լուծել:

– Խնդիրն այստեղ պետական մոտեցումն է: Պետությունը պետք է կարգավորող դեր ունենա: Մենք հարուստ երկիր չենք, պետք է հաշվի առնել յուրաքանչյուր դրամը եւ յուրաքանչյուր մետր հողը: Գյուղացին ինչ ուզում եւ ինչքան ուզում է, այդպես էլ ցանում ու տնկում է: Ասենք, մեր հանրապետությանը տարեկան 300.000-400.000 տոննա կարտոֆիլ է անհրաժեշտ, նա արտադրում է կրկնակի ավել եւ կանգնում է փաստի առաջ: Կարտոֆիլն էժան ապրանք է եւ արտահանելու համար հարմար չէ՝ տեղափոխման ծախսն իր գնին կգերազանցի: Այն հողը, որ օգտագործեցինք ավելորդ կարտոֆիլ, պոմիդոր ստանալու համար, կարելի էր օգտագործել սոխ ստանալու համար, որպեսզի սոխը շատ չթանկանա: Կամ մի տարի ելակը թանկ է լինում, հաջորդ տարի բոլորը ելակ են աճեցնում: Սա շատ պարզ ու սխալ մոտեցում է: Պահանջարկի ու առաջարկի խնդիր է, այսինքն` պետք է խիստ հաշվարկով աշխատել: Այստեղ է, որ պետությունը պետք է օգնի ժողովրդին:

– Խորհրդատո՞ւ պետք է լինի, թե՞ գյուղացուց գնի ավելացած ապրանքը:

– Երկուսն էլ: Պետք է ստեղծի լուրջ օղակներ, լծակներ, որ հողի մշակին օգնեն կողմնորոշվելու, թե որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ պետք է աճեցնել: Հետո, գյուղացին պետք է երաշխավորված եկամուտ ստանա: Այսինքն` պետությունը պետք է պատվիրատու դառնա, գնի ապրանքը եւ իրացնելու ձեւեր մշակի: Ոչ մի գյուղացի իր 5-10 տոննա բերքը չի արտահանի, 4 գյուղացի էլ հաստատ միասին չեն հավաքվի: Կամ գյուղացին այսօր աշխատում է իր վերարտադրած սերմերով: Վատ սերմ ցանելու դեպքում մի քանի անգամ պակաս բերք կստանա:

– Ձեր ընկերությունը նաեւ հողագործությամբ է զբաղվում, դա եկամտաբե՞ր բիզնես է:

– Քանի որ մեր ընկերությունը թռչնաբուծությամբ է զբաղվում, մենք խնդիր ունենք հատիկավոր թռչնակերը էժան ձեռք բերել, որովհետեւ մեկ տոննայի միայն տեղափոխելու արժեքը մոտ 100 դոլար է: Մեր հաշվարկով` մենք միայն տեղափոխման ծախսով այստեղ կարող էինք արտադրել այդ կերը ու գրեթե չսխալվեցինք: Սակայն մենք ունենք նաեւ այլ խնդիր. Պետք է հիմնադրենք 2000 հեկտար այգի, հիմնականում` ծիրանի, որովհետեւ հողագործությունից առավելագույն արդյունք միայն մրգի արտադրությունից կարելի է ստանալ: Նպատակ ունենք ամբողջ արտադրանքը արտահանել: Մի տարուց ավել է, մենք փորձեցինք հայկական միրգը արտահանել ու զգացինք, որ պահանջարկը մեծ է: Ուզում ենք հայկական մրգի արտահանման ճանապարհը բացել։

– Եթե ծիրանի ու մնացած տեսակի մրգերի արտահանումը գնալով ավելանա, կարո՞ղ է վտանգ ստեղծվի, որ հայը հայկական միրգ չի կարողանա ուտել: Ինչպես անցած տարի ծիրանի դեպքում ստացվեց:

– Մեզ մոտ տարեկան արտադրվում է մոտ 40-50.000 տոննա ծիրան։ Սեզոնի տեւողությունը մոտ մեկուկես ամիս է: Այդ ընթացքում հնարավոր չէ ամբողջը արտահանել, եւ հետո` անցած տարվա ապրիլյան սառնամանիքն անակնկալ էր: Ճիշտ է, անցած տարի պատկերը մի քիչ այլ էր, բայց դա մարդկանց ստիպեց, որ նոր այգիներ տնկեն: Ծիրանը Հայաստանի համար վալյուտա է: