Ջրմուղն էլ իր բաժինն է թալանում

06/09/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Միակ գործը, որ գրեթե հիմնովին կատարեց «Երեւան ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր գոյության 6-7 տարիների ընթացքում՝ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում ջրաչափերի տեղադրումն էր: Իսկ ջրամատակարարման որակը դեռեւս դոփում է նույն տեղում կամ էլ շատ աննշան է բարելավվել: Կորուստների մասին էլ չենք ասում, որովհետեւ դա շարունակում է մնալ նույն՝ 80 տոկոսի սահմաններում:

Երեւանի ջրամատակարարման համակարգը վարձակալության վերցրած օտարերկրյա ընկերություններն իրենց առաջին գործը համարեցին բաժանորդների մոտ ջրաչափեր տեղադրելը եւ նրանց հետ պայմանագրեր կնքելը, որպեսզի կարողանան ջրի սպառման վարձավճարները հավաքագրել: Սակայն արի ու տես, որ այս ընկերությունները ոչ բոլոր դեպքերում են շահագրգիռ եղել ջուր սպառողներին դարձնել բաժանորդ: Ջրամատակարար ընկերությանը որոշ դեպքերում հարմար է եղել մի ամբողջ շենքի բնակիչների հետ պայմանագրեր չկնքել եւ նրանց բնակարաններում ջրաչափեր չտեղադրել: Իհարկե, ասվածն առաջին հայացքից անտրամաբանական է թվում, սակայն այդպիսի դեպքեր եղել են, եւ դա բխել է ջրամատակարար, տվյալ դեպքում` «Երեւան ջուր» ընկերության շահերից:

Դավիթ Անհաղթի 6 շենքի բնակիչներն այս տարի նոր սկսել են ջրաչափեր տեղադրել, «Երեւան ջուր» ընկերությունը մի քանի ամիս առաջ է որոշել եւ արդեն բնակիչների մի մասին դարձրել է բաժանորդ: Բանն այն է, որ այդ շենքը տարիներ շարունակ գտնվում էր Զեյթունի թաղապետարանի հաշվեկշռում: Անցած տարի թաղապետարանն այդ շենքի բնակարանները որպես սեփականություն հանձնեց բնակիչներին: Մինչ այդ շենքի ջրի վարձը վճարել է թաղապետարանը: Իսկ անցած տարի թաղապետարանը մարեց բոլոր պարտքերը եւ Ջրմուղին առաջարկեց բնակիչներին դարձնել բաժանորդ: Ավելին, շենքի որոշ բնակիչներ դեռեւս անցած տարվանից են ջրաչափ տեղադրել եւ սպասում էին, որ ջրի մարդիկ գան, կապարակնքեն եւ իրենց հետ պայմանագրեր կնքեն: «Երեւան ջուր» ընկերության Արաբկիր-Զեյթուն տարածքային կառույցն էլ շենք մուտք գործող ջրատարի վրա ջրաչափ տեղադրեց, բայց բնակարաններում՝ ոչ: Աչալուրջ «ջրի մարդիկ» այն ժամանակ չէին պտտվում շենքում եւ բնակիչներին չէին զգուշացնում՝ «Ջրաչափ տեղադրեք, թե չէ ամեն ամիս 2000 դրամ վարձ եք վճարելու», ինչը հիմա են անում: Իհարկե, բնակիչները դեմ չեն ջրաչափ տեղադրելուն եւ բաժանորդ դառնալուն, սակայն նրանք դեմ են Ջրմուղի ներկայացրած պահանջին, այն է` նախապես անցած մեկ տարվա համար վճարել շատ կոնկրետ գումար՝ օգոստոսի 1-ի դրությամբ՝ մեկ շնչի հաշվով 11.250 դրամ: Այս գումարն իբր թե գոյացել է մեկ տարվա ընթացքում շենք մտնող ջրատարի վրա տեղադրված հաշվիչի ցուցմունքից: «Երեւան ջուր» ընկերությունում այդ ցուցմունքը բաժանել են շենքի բնակիչների թվի վրա եւ ստացել ինչ-որ մի գումար, ինչը ժամանակին չվճարելու դեպքում ամեն ամիս ավելանալու է 2000 դրամով: Սեպտեմբերին այդ գումարն արդեն կդառնա 13.250 դրամ: Առաջին հայացքից թվում է, թե դա մեծ գումար չէ, սակայն երբ հաշվարկում ես 4 կամ 5 անդամ ունեցող ընտանիքի համար, ապա կլորիկ թիվ է ստացվում՝ 53.000 կամ 66.250 դրամ: Ամսվա վերջում, երբ փոստի կամ բանկերի բաժանմունքներում բնակիչները վճարում են կոմունալ վարձերը, հետեւեցինք եւ պարզեցինք, որ 4-5 հոգանոց ընտանիքների մեծ մասն ամսական վճարում է մոտ 2000-2500 դրամ՝ տարեկան կտրվածքով՝ 24.000 դրամ: Իսկ Ջրմուղի հաշվարկած գումարը եռակի անգամ մեծ է այս թվից:

«Մենք դեմ չենք պարտքը մարել եւ դառնալ բաժանորդ, սակայն ինչո՞ւ այդքան շատ վճարենք,- դժգոհում է շենքի բնակիչներից մեկը: -Ջրմուղի համակարգում էլ 4-5 հոգանոց ընտանիք ունեցող աշխատողներ կան, թող նրանց հարցնեն, թե տարեկան 53-66 հազար կամ ամսական 5 հազար դրամ ջրի վա՞րձ են մուծում»:

Ընդ որում, Դավիթ Անհաղթի 6 շենքը նախկին հանրակացարան է, որտեղ դեռեւս ոչ բոլոր բնակարաններն ունեն կոմունալ նորմալ հարմարություններ: Բնակիչների մի մասը դեռեւս ընդհանուր սանհանգույցներից է օգտվում: Նման պայմաններում այս շենքի բնակիչները բազմաբնակարան մյուս շենքերի բնակիչների չափ ջուր չեն կարող օգտագործել: Եվ, իսկապես, այնպես է ստացվում, որ Ջրմուղի հաշված գումարը մի քանի անգամ ավելի շատ է, քան այս շենքի բնակիչները կարող էին օգտագործել: Բոլոր դեպքերում «Երեւան ջուր» ընկերությունն ինչո՞ւ անցած տարի այդ շենքի բնակիչներին չդարձրեց բաժանորդ, երբ շենք մուտք գործող ջրատարի վրա ջրաչափ տեղադրեց, ինչո՞ւ բնակիչների մոտ էլ չտեղադրեց, որ նման խնդիր չառաջանար: Բանն այն է, որ ընկերությունը վստահ չէր, որ բոլոր բնակարաններում կկարողանա միանգամից ջրաչափեր տեղադրել: Իսկ մասամբ տեղադրելու դեպքում էլ ջրի կորստի ծախսը չէր կարողանա այդ բնակիչներից հանել, ինչպես որ հիմա է անում: Այսինքն, «Երեւան ջուրը» խորամանկության է գնացել, որ բոլոր բնակիչները միասին պետք է վճարեն թե՛ օգտագործած ջրի, թե՛ կորստի համար: Ընկերությունն այս տարի էլ շենքում ջրաչափեր չէր տեղադրի, եթե Զեյթունի թաղապետարանը չբողոքեր, թե ինքն այլեւս ջրի փող մուծող չէ: Ջրմուղի այս գործելաոճը բոլորովին էլ նոր չէ: Արդեն 6-7 տարի է՝ ընկերությունը համակարգ է վերանորոգում, ջրաչափեր է տեղադրում, սակայն ցանցում ջրի կորուստը 80 տոկոսից չի նվազում: Կարծես թե ընկերությունը չի էլ ցանկանում պայքարել կորուստները պակասեցնելու համար: Ընկերությունն ավելի հեշտ տարբերակ է գտել՝ ամեն տարի թանկացնում է ջրի սակագինը: Այդպես ավելի հեշտ է, քան խոշոր ջրագողերի դեմ պայքարելը կամ ցանցը վերանորոգելը: Կոնկրետ Դավիթ Անհաղթի 6 շենքի բնակիչներից Ջրմուղը կրկնակի-եռակի ավելի գումար է պահանջում, քան այդ բնակիչները կարող էին ջուր օգտագործել: Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե խոսքն առանձնապես մեծ գումարների մասին չէ, բայց ո՞վ գիտի, թե ընկերությունն այս խորամանկությունը քանի շենքի կամ քանի բնակչի նկատմամբ է կիրառել, որպեսզի բնակիչներից գումարներ շորթելով համակարգի կորուստները փակի: