Այս շաբաթ քաղաքային տրանսպորտը համալրվեց 18 նոր տրոլեյբուսներով, որի համար պետական բյուջեից հատկացվել էր 600մլն դրամ: Երեւանի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի վերազինման ծրագրերով նաեւ նախատեսվում է 2007-ին ներկրել մոտ 100 «Բոգդան» տիպի ավտոբուս, որից 60-ն արդեն մայրաքաղաքում բարեհաջող ուղեւորափոխադրումներ են իրականացնում:
Հասարակական տրանսպորտի ոլորտի կարգավորմամբ լուրջ զբաղվել են իրար հաջորդող բոլոր քաղաքապետերը, եւ, որպես կանոն, ամեն մեկն իր ուրույն լուծումն է առաջարկել: Վերջ մեծ գաբարիտներին. այս կարգախոսը երթուղիներից հանեց տարողունակ ավտոբուսներին: Իրավասուները պատճառաբանում էին, որ երեւանյան նեղ փողոցներում ավտոբուսները դժվարացնում են երթեւեկությունը: Այսօր էլ, պարզվում է, եկել է գաբարիտների ժամանակը, եւ այլեւս տեղ չունեն մանր-մունր միավորները: Մայրաքաղաքի համար ծրագրեր կազմողները համակարծիք են եղել միայն մի` լուսանցքում հայտնված «Երեւանի մոտրոպոլիտենին» ուղեւորներ ապահովելու հարցում: Այստեղ էլ տարբերակներ կային. ոմանք պնդում էին, որ երթուղայինները չպետք է անցնեն քաղաքի կենտրոնով, իսկ արդի «ռազմավարությունը» նախատեսում էր կրճատել միկրոավտոբուսների թիվը: Փաստն այն է, որ քաղաքացի-ուղեւորը 100 դրամանոց ավտոբուսը գերադասում է 50 դրամանոց, էկոլոգիապես մաքուր մետրոյից: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտի համբավը չփրկեց տրամվայներին, որոնք շատ ավելի ուղեւորներ ունեին եւ շատ ավելի արագաշարժ ու ապահով փոխադրող էին համարվում, սակայն որպես էկոլոգիապես մաքուր տրանսպորտ՝ կանաչ լույս է վառվել տրոյեյբուսների համար: Արդեն երկրորդ տարին է, «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն տարեկան 276մլն դրամի փոխհատուցում է ստանում պետական բյուջեից: «Նախկինում ձեռնարկությունն աշխատել է մեծ վնասներով, որով էլ պայմանավորված չենք կատարել ներքին ցանցի, մալուխների, շարժակազմերի վերանորոգման աշխատանքներ: Աշխատավարձի գծով պարտքեր ունենք 2002-ի համար, որից արդեն կատարել ենք մասնակի վճարումներ: Եթե պետությունը դոտացիա է տալիս, սա դեռ չի նշանակում, որ այն փոխհատուցում է մեր կրած բոլոր վնասները: Մեր միջին աշխատավարձը չնչին` 40 հազար դրամ է կազմում»,- ասում է «Էլեկտրատրանսպորտի» տնօրեն Հարություն Երեմյանը: Տրոլեյբուսների պարկն ունի շահագործման ենթակա մոտ 90 շարժակազմ, եւ ներկայումս երեւանյան փողոցների քանդուքարափ վիճակով պայմանավորված՝ բավականին նվազել են երթերը: Ի՞նչ կտան այն նոր շարժակազմերը ձեռնարկությանը. մեր հարցի պատասխանը խիստ ինքնատիպ է: «Որքան ավելանում են վազք կատարող տրոլեյբուսները, այնքան ավելանում է ձեռնարկության կրած վնասի չափը: Ամբողջ աշխարհում է էլեկտրատրանսպորտը վնասով աշխատում: Բացի այս էլ, տրոլեյբուսների վերացումը մեծ հարված կլիներ հանրապետության անապահով խավի համար: Նրանց մշտականները միայն տրոլեյբուսում են անցնում»,- մանրամասնում է պրն Երեմյանը: Այս դեպքում հարց է առաջանում. եկող տարվանից կենսաթոշակի 60 տոկոս բարձրացման պարագայում մեր երկրում պաշտոնապես անապահով խավ չի մնալու, ինչո՞ւ է պետությունը էլեկտրատրանսպորտի պահպանման համար նման ահռելի ծախսերի գնում: Կամ գուցե նպատակահարմար է սուբսիդավորե՞լ անապահովներին: Ունե՞ն արդյոք էլտրանսպորտի հետագա զարգացման համար տնտեսական հաշվարկներ: «Եթե դուք նման կարծիք ունեք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի այս տեսակի մասին, ես ոչինչ չեմ կարող ասել»,- սրտնեղեց պրն Երեմյանը:
Կիսադատարկ, կրիայի դանդաղությամբ եւ այն էլ մշտական հանած ուղեւորների համար անխոնջ աշխատող այս միավորների համար պետական մի ծրագիր էլ կա: Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության երթեւեկության կառավարման բաժնի պետ Հարություն Մելքումյանից տեղեկացանք, որ Լինսի միջոցներով նախատեսվում է վերանորոգել Կոմիտաս եւ Տիգրան Մեծ փողոցներով անցնող մոտ 20 կմ տրոլեյբուսի հաղորդագծերն ու հանգույցները:
Իսկ ահա «Բոգդան» ավտոբուսների ճակատագրի վերաբերյալ առաջիկայում լինելու է կառավարության համապատասխան մի որոշում: «168 Ժամն» անդրադարձել է այս խնդրին, նշելով, որ Երեւանի քաղաքապետարանը մասնավոր հատվածին` գծի տերերին պարտադրում է գնել ներկրած ավտոբուսները: Հավելենք, որ մեզ հետ զրույցում երթուղին շահագործողները նշել էին, որ արդեն չորս տարի շահագործվող մեկ ավտոբուսի համար պահանջում են 30.500 դոլար, մինչդեռ քաղաքապետարանն այդ ավտոբուսները գնել է 28.000 դոլարով: Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը խուսափեց մեկնաբանություններ տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Միայն նշենք, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն 2003թ. կարողացել է մարել «բոգդանների» առաջին` 14 խմբաքանակի ոչ միայն վարձակալության վճարը, այլեւ դառնալ ավտոբուսների սեփականատերը: Դժվար է հասկանալ քաղաքապետարանի՝ «բոգդաններից» ազատվելու հեռահար նպատակները: Սակայն ակնհայտ է, որ քաղաքապետարանի այս գործունեությունն առաջիկայում կօրինականացվի կառավարության համապատասխան մի որոշմամբ: