Շարունակելով տաքսու վարորդների հետ զրույցների մեր շարքը, այս անգամ նրանց հետ զրուցել ենք նոր ուսումնական տարվա եւ դպրոցների մասին: Ինչպես ՀՀ շատ քաղաքացիներ, այնպես էլ վարորդները կարծում են, որ մեր կրթական համակարգն «ինքնամաքրվելու» կարիք ունի:
«Ինչքան քիչ մարդ` էնքան քիչ դարդ»
Վարորդ Ռուբենը տարակուսած ասում է. «Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային որ ալիքը միացնում էիր` ասում էին, որ 1-ին դասարանցիների թիվն էապես կրճատվել է: Ես չեմ հասկանում՝ մեր իշխանություններին էդ փաստը չի՞ մտահոգում, դրանից հետեւություններ չե՞ն անում: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ գոյություն ունեին Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ դասարաններ, իսկ հիմա, լավագույն դեպքում, դասարանները հասնում են մինչեւ Գ: Հիմա էն օրը ռեպորտաժ տվեցին, որ որոշ դպրոցներում 1-ին դասարանի մենակ Ա-ն կա, իսկ դա նշանակում է, որ մեր աշակերտների թիվը շատ ա նվազել: Ախր խոսքը մի 5-6 երեխայի մասին չի, է, խոսքը տասնյակների մասին է, էլ չեմ ասում, որ գյուղերի դպրոցներում 5-6 հոգանոց առաջին դասարաններ են հավաքում: Էս փաստը մեր ղեկավարներին պիտի շատ մտահոգեր, բայց արի ու տես, որ բոլորը ծաղկեփնջերով, ժպիտները դեմքին բարեմաղթանքներ էին ասում: Էդ հեռուստատեսությունը, որ լուրերով հայտարարում էր 1-ին դասարանցիների թվի նվազման մասին, թող գոնե մասնագետների հետ հարցազրույց տա եթերով, որ հասկանանք, թե ինչո՞ւմն է խնդիրը,- զայրացած ասում է Ռուբենն ու քննարկում այդ երեւույթի պատճառները։ – Օրինակ` ես մտածում եմ, որ Հայաստանում ճգնաժամային տարիների հետեւանքները հիմա են բացահայտվում: Ծնելիությունը շատ-շատ է նվազել, հիմա, փաստորեն, էն մութ տարիների հետեւանքներն են ի հայտ գալիս: Մի օր դուք գնացեք մտավոր հետամնացների դպրոց ու հարցրեք` հիվանդ երեխաների թիվն ավելացե՞լ է, թե՞ պակասել: Կտեսնեք, որ հիվանդ երեխեքը շատացել են, իսկ նորմալ երեխեքի թիվը շատ է պակասել: Էն օրը մի կին ուղեւոր եմ տեղափոխում, որն երեխուն դպրոցից տուն է տանում: Հարցնում եմ` լավ, այ տիկին ջան, ինչի՞ մեր ղեկավարները պանիկայի մեջ չեն ընկնում, որ 1-ին դասարանցիների թիվն էսքան կրճատվել է: Ասում է` պանիկայի մեջ եթե ընկնեն՝ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու իրենց մեղադրի: Էդ կինը մի ուրիշ բան էլ ասեց, որ ծնողներից շատերը հիմա նախընտրում են իրենց երեխեքին մասնավոր դպրոցներ տանել: Բայց ես դրա վրա էդքան չեմ կենտրոնանում, որովհետեւ իրականում ծնելիություն չկա: Է հա, մի քանի հարուստներ թող իրենց երեխեքին վճարովի դպրոց տանեն, բայց էն սովորական ապրող մարդիկ հո պետական դպրոց են տանում, չէ՞: Օրինակ` ես 2 թոռ ունեմ, որոնք մանկապարտեզ են գնում: Մտնում ես մանկապարտեզ` արդեն երեխեքի աղմուկ էլ չես լսում, էնքան քիչ են: Հասկանո՞ւմ եք, սերունդը վտանգի տակ է, չնայած մեր կառավարությանը դա ձեռք է տալիս, ինչքան քիչ մարդ` էնքան քիչ դարդ»:
«Արդեն զզվում ենք բարեգործությունից»
Վարորդ Սարգիսն ասում է, որ Սեպտեմբերի 1-ը նման էր մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին. «Որովհետեւ նույն դեմքերը նույն ապրանքներով եկել էին կաշառք բաժանելու: Հիմա կմտածեք, թե ես հոռետես եմ, չէ՞, բայց դե փորձից ելնելով արդեն մարդկանց մտքերը կարդում եմ: Նույն խոդերն արեցին, ինչ անում էին ընտրությունների ժամանակ: Արդեն անգիր գիտենք մարդկանց փորացավը, դրա համար էլ գուշակ ենք դարձել: Ինչի չե՞նք հասկանում, որ նախագահական ընտրություններ են գալիս, մարդկանց պետք ա բարեգործություն ցույց տալ, փրկիչ երեւալ: Է, եթե բարեգործություն են անում` ինչի՞ են եթերով 2 րոպեն մեկ ասում, որ էսինչ չինովնիկը դպրոցականներին էսինչը բաժանեց: Ամոթ էլ ա, էլի, գոնե կրթական հաստատություններում թող ոտք չդնեն ու իրանց վատ սովորությունները չկիրառեն,- ասում է վարորդ Սարգիսն ու ավելացնում,- Եթե մեր պաշտոնյաներն ուզում են բարեգործություն անել, ապա թող հարկերը վճարեն պետբյուջե, որ կառավարությունը կարողանա գիրքն աշակերտի վրա վաճառելու փոխարեն` անվճար տրամադրել: Երեխեքի ձեռքից դասագրքերն էլ վերցրին ու պահանջում են կրթված սերունդ: Ամոթ էլ ա ախր, հո էշ չե՞նք, հասկանում ենք, որ մեր փողերով մեզ լավություն են անում ու բարերարի համբավ են ձեռք բերում: Պետությունից գողանում ու մատաղ սերնդին փչացնում են: Մի մատ երեխեն էլ ա արդեն հասկանում, որ հենց էնպես նվեր չի լինում, նվերի դիմաց տվողն ակնկալիք ունի: Ամեն հեռուստաալիք դրել իրա տիրոջ գովքն էր անում: Փոխանակ երեխեքին խոսացնեին` կաշառք բաժանողին էին խոսացնում: Դրա համար էլ մեր տոնական օրերի անուններն օրացույցերում պիտի փոխեն-դարձնեն` Կաշառքի օր: Եթե ես դպրոցական երեխա ունենայի` էդ 2 տետրը կշպրտեի տվողի երեսին ու կասեի, որ էդ տետրը տար հետ տուր ու փողը մուծի բյուջե: Օրինակ` Սովետի ժամանակ, եթե տենց բան լիներ` տուտ ժե կձերբակալեին կաշառք տվողին ու կնստացնեին, իսկ հիմա մարդը կաշառք ա տալիս, իսկ վերցնողը տվողին ծափահարում ա` հասկանալով, որ իրա հետ առեւտուր անելու պայմանագիր ա կնքում: Մենք հո գիտե՛նք, որ էդ երկու տետրի համար հոգեբանորեն մենք պարտք ենք, ձայն պիտի տանք: Օրինակ` Ծառուկյան Գագիկն ավելի լավ ա գրենական պիտույքներ նվիրելու փոխարեն՝ գնա Ազգային ժողովի նիստերին ու մի երկու բերան խոսա: Իրա պարտականությունն օրենք գրելն ա, ոչ թե տետր ու մատիտ բաժանելը: Հասկանո՞ւմ եք, արդեն մինչեւ կոկորդներս կուշտ ենք էդ «բարեգործություններից», արդեն զզվում ենք, երբ մեզ բարեգործություն են անում, որովհետեւ դրա մեջ շատ վիրավորական բան կա, ռուսերեն ա շատ լավ հնչում` աբիդնի ա: Մեր ինքնասիրության վրայով անցնում են»,- զայրացած ասում է Սարգիսը:
Դպրոցներում ալան-թալան ա
«Սեպտեմբերի 1-ին վարսավիրանոցների գործը լավանում ա: Դասատուները, տնօրենները առավոտից վարսավիրանոցներում են: Հըլա Երեւանի դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին ու դասատուներին մեկ-մեկ նայեք, ամոթ ա, էրեսներին 2կգ կոսմետիկա կա, իրանք էլ ոնց որ պարահանդես գնան: Էդ էրեխեքը դրանցից ի՞նչ կսովորեն: Դրան էլ գումարած դրամահավաքները: Երկու երեխա ունեմ, ամեն շաբաթ փող են հավաքում` տնօրենի ծնունդի համար, դասատուի ծնունդին նվեր առնելու համար, ռեմոնտի, դասագրքի, ջեռուցման, էսինչի հարազատի թաղման պսակի համար, Մարտի 8-ի, Ապրիլի 7-ի, Նոր տարվա համար…. ո՞ր մեկը թվարկեմ: Դպրոցների դիրեկտորները հիմա լավ հարստանում են, էդ գումարից էլ կիսվում են քաղաքապետարանի պաշտոնյաներին… Դրա համար էլ դպրոցի դիրեկտոր դառնալու համար գլուխ են ջարդում` ինչքան փող են մուծվում, որ էդ պաշտոնին գան: Բա պիտի էդ մուծված փողը էրեխեքի ջանից հանեն, չէ՞: Մի խոսքով` ալան-թալան ա ու մեջը գիտելիք չկա: Ամեն մի դպրոցի դիրեկտոր «կռիշ» ունի, թող հըլա փորձի ծնողը մի տեղ բողոքի: Մենակ իմ էրեխեքիս դպրոցում չի տենց, ամեն տեղ ա»,- ասում է վարորդ Գուրգենը: Նա նույնպես հրաժարվեց դպրոցի անունը նշել. «Որ իմանան` էրեխեքիս կնեղացնեն: Ճիշտ ա, կարող ենք դպրոցը փոխել, բայց դե էրեխեքն իրանց դասարանցիների հետ կապված են, ընկերներ են»:
«Աղջկաս բոստանը բերրի էր»
«Ամեն տարվա սեպտեմբերի 1-ին ես շատ լավ հիշողություններ եմ ունենում,- պատմում է վարորդ Մուշեղը: -Վերհիշում եմ իմ դպրոցական տարիներն ու էնքան լավ հիշողություններ ունեմ: Հիշում եմ մեր ընկեր Խաչատրյանին, որի գլխին շատ օյիններ ենք բերել, բայց դե՛, շատ էինք սիրում իրան: Մի օր ընկեր Խաչատրյանի աթոռին սոսինձ էինք լցրել, խեղճ կնոջ յուբկեն տեղից վեր կենալուց քիչ էր մնում ճղվեր: Մի անգամ էլ կնոպկեք ենք շարել, բայց նկատեց: Դասարանի սաղ տղերքին հանեց դասասենյակից: Մի պաչկա կնոպկեքը շարեց աթոռներին ու կանչեց, ասեց` նստեք սաղդ: Բոլորիս հետույքները քրքրվել էին, բայց դե՛, մեր մաշկի վրա զգացինք մեր արածի դաժանությունը: Հետո արդեն իմ երեխեքի դպրոցական տարիների հետ լավ հիշողություններ ունեմ: Ուրեմն` էս աղջկաս մաշկը երեւի քաղցր էր, հենց գնում էր դպրոց, ոջիլ էր ընկնում, ու խեղճ կինս էլ միջոց չկար, որ չօգտագործեր: Մի տարի ամառային արձակուրդներին կինս տառապանքով ոջիլը վերացրեց, սեպտեմբերին ուղարկեց դասի, ու էլի էս երեխեն ոջլոտած եկավ: Աղջկաս էնքան էինք ձեռ առնում, ասում էինք` Մերի ջան, էս տարի բոստանդ բերրի՞ ա: Ուրեմն` էս կինս ինչ ասես չարեց` էլ կավիճ, էլ ժավել, էլ բենզին, ոչ մի բան չօգնեց: Բռնեց երեխու գլխին էնքան նավթ լցրեց, որ համ ոջիլները դիակ դառան, համ էլ երեխեն ուշքից գնաց: Հիմա աղջիկս 24 տարեկան ա, հենց էդ ոջիլի հետ կապված պատմությունները հիշում ենք` ծիծաղից ուշաթափվում ենք»,- պատմում է Մուշեղն ու այնպես է ծիծաղում, ասես մտովի վերապրում է անցյալը: «Երեխեքս շատ լավ են սովորել, 3-ն էլ դիպլոմավոր են, բայց ոչ մեկն էլ մարդավայել չի ապրում: Հազիվ գոյություն են պաշտպանում, իսկ էն ժամանակ մատով էին ցույց տալիս: Գնում էինք ծնողական ժողով, բացի գովասանքի խոսքերից, ուրիշ բան չէինք լսում, բայց ո՞ւմ պետք եղավ էդ ամեն ինչը: Տղերքս Ռուսաստանում են, իսկ աղջիկս անգործ նստած ա: Դիպլոմներն առան, որ ռուսների համար համբալություն անեն: Հետո էլ ասում են` ինչի՞ հիմիկվա երեխեքը սովորելու հետ սեր չունեն: Առաջ գոնե աղջիկները դիպլոմն օժիտ էին տանում, հարգի էր, բայց հիմա ո՞վ ա բանի տեղ դնում բարձրագույն կրթությունը»,- ցավով ասում է նա:
Դպրոցը դարձել է սթրիփթիզ կլուբ
Վարորդ Ֆելիքսն ուշադիր հետեւելով դպրոցականների անցուդարձին՝ ասում է. «Ախր համազգեստը ճիշտ ա, էլի, ինչ ուզում եք ասեք: Չի նայվում, երեխեքն ամեն մեկն իրանց ճաշակով են հագնվում, ու դպրոցը դարձել ա մոդայի տուն: Ես էլ 2 դպրոցական երեխա ունեմ ու մեր տան կռիվն ամբողջ օրն էդ ա: Աղջիկներս պահանջներ ա, որ ներկայացնում են, իսկ եթե չանես` երկուսներ ա, որ կշարեն: Էդքան, որ ուսուցիչներին մեղադրում են` թող ամեն մեկն իրա երեխուն մի հատ ոտքից գլուխ նայի` հետո նոր ճանապարհի դասի: Համազգեստին համաձայն չեն, բայց չեն մտածում, որ երեխեքի մեջ հարուստի ու աղքատի պրոբլեմ կա: Վատ հագնվողին միշտ էլ լավ հագնվողները ձեռք են առել, իսկ դա ազդում ա երեխու հոգեբանության վրա, էլ չի ուզում դպրոց գնա, չի ուզում սովորի,- վստահեցնում է Ֆելիքսն ու շարունակում,- Օրինակ` փողոցներով երթեւեկելիս զգում եմ, որ որոշ դպրոցներում համազգեստներ են հագնում, որովհետեւ երեխեքը կուչկա-կուչկա միանման դուրս են գալիս փողոց: Հավատացե՛ք, որ դա շատ սիրուն ա, իսկ դպրոցներ էլ կան, որտեղից երեխեքի դուրս գալը նման ա սթրիփթիզ կլուբի հաճախորդների դուրս գալուն: Ես մեկ-մեկ զարմանում եմ, մտածում եմ` էս պորտաբաց երեխեքը հայր չունե՞ն, նրանք իրանց վատ չե՞ն զգում էս տեսքով երեխա դպրոց ուղարկելիս: Ես շատ կուզենայի, որ բոլոր դպրոցականները համազգեստ հագնեին, ուղղակի ծնողների ծախսերն ա շատանում, ասենք` երկու երեխայի համար ես մի 35.000 պիտի վճարեմ»,- ասում է Ֆելիքսը:
«Դասատուին ոսկի նվիրեցին»
Վարորդ Սուրենը հեգնելով ասում է՝ «Նոր ուսումնական տարին ինձ համար նշանակում է՝ գրպանների թոթափում, որովհետեւ աղջիկս սովորում է 3-րդ, իսկ տղաս` 7-րդ դասարանում: Սեպտեմբերի 1-ից սկսած արդեն փող հավաքելու սովորույթը գործի դրվեց: Նախ՝ ամեն մեկից 300 դրամ հավաքեցին, որ ծաղիկ-մաղիկ առնեն, սեղան գցեն, իսկ դրանից հետո արդեն գրքերի առուծախն է գալու: Էլ չեմ ասում, որ գրենական պիտույքները, հագուստն ու մնացած բաները միասին ինձ վրա համարյա մի 200.000 դրամի չափով են նստել: Հետո արդեն գալու են տոնական օրերը` Նոր տարվա քեֆ, Մարտի 8, Ապրիլի 7, ռեմոնտի, հավաքարարի, մաստիկայի, կախիչի, դռան զամոկի, պարկետի շլիֆովկա անելու, նկարվելու, վինետկայի, դասատուի ծննդյան, աշակերտի ծննդյան նվերի գումար, դասատուի մամայի թաղման ծաղիկի ու՝ թվարկեմ ինչքան ուզում եք… Մինչեւ երեխեքս դպրոցն ավարտեն՝ ես կդառնամ սկիլետ, որովհետեւ օրվա աշխատածդ նման ծախսերի համար հազիվ ես հասցնում»,- բարկանալով թվարկում է վարորդ Սուրենն ու խնդրում չնշել դպրոցի անունը, որովհետեւ` «Դե՛, հիմա պիտի ասեն՝ գործ է տալիս, երեխեքիս նեղեն, ա՛յ մարդ, հավես չունեմ հիմա էլ էդ խոսակցությունների թափի տակ ընկնեմ: Մի օր որ կատաղեմ` կկանգնեմ ու կհայտարարեմ, բայց հըլը որ դիմանում եմ: Մեր մոտ մի քիչ լավ չեն ընդունվում նման բաները, կարող է կանգնեն, ասեն՝ սա գործ տվող է: Էդպես է, չէ՞, վերցնողը չի ամաչում, ավելի շատ դրա մասին ասողն է վատ զգում, բայց դե՛, էլ չես դիմանում, մարդ ես: Անցյալ տարի տղես եկավ, թե՝ պապա, 3000 դրամ են հավաքում: Ասում եմ` ի՞նչ առիթով, բա, թե՝ դասատուին խաչով ցեպ պիտի առնեն, տենց ա, տարեվերջին անպայման մի նվեր առնում են: Ասում եմ` տղա ջան, էդ որտե՞ղ է գրված, որ պիտի նվեր առնեք, էն էլ խաչով ցեպ: Բա թե` բոլոր դասարաններն էլ իրանց դասղեկներին նվեր են անում, մենք էլ տենց ենք որոշել: Դե՛, պատկերացրեք, ոչ էն՝ ա մեջտեղիցդ ճղվելով տաս, ոչ էն՝ ա`չտաս: Առաջ մեր դասատուներին լավ բան անելու համար բացիկներ էինք գրում, իսկ հիմա` ոսկե ցեպ, էն էլ՝ խաչով: Մեկը հարցնող լինի` էդ դասատուն խաչը վրեն կախելով ինքն իրեն ո՞նց է զգալու, իրա խիղճը հանգի՞ստ է լինելու»: