Խուան Ջյուի Սանը, Խուան Գոն եւ Խուան Քայ Թին միակ չինացիներն են, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ ապրում են Լեռնային Ղարաբաղում: Սակայն Ղարաբաղում տեղացիները նրանց «կնքել» են այնպիսի անուններով, որոնք ավելի դյուրին են հիշվում. Խուան Ջյուի Սանը դարձել է Ջիվան, Խուան Գոն Չոն` Գուրգեն, իսկ Խուան Քայ Թին` Աննա:
Միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ում բնակվողների գերակշռող մասը հայեր են: Վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվեց 2005թ., Ղարաբաղն ունի 137.737 բնակիչ: 28-ամյա Ջիվանը եւ 25-ամյա Գուրգենն ու Աննան ապրում են Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Նրանք «Էկլեկտիկա» կոչվող հյուրանոցին կից չինական ռեստորանի խոհարարներն են: Չինացի խոհարարներին Ղարաբաղ է հրավիրել հյուրանոցի տերը` ռուսաստանաբնակ գործարար, արմատներով վանքեցի Lեւոն Հայրապետյանը, ընկերոջ` Չինաստանում ապրող հայ բիզնեսմենի միջոցով:
Չինացիներն ասում են, որ չէին պատկերացնում ապրել մի վայրում, որտեղ ոչ իրենց են հասկանում, ոչ էլ իրենք` տեղացիներին: «Բայց իրեք ամիս հետո սկսեցինք խոսել Ղարաբաղ լյուզու: Հասկացած չընք հունց իլավ, որովհետեւ մեզ սվրցրալ չըն վեշ մինը» (Բայց երեք ամիս հետո մենք սկսեցինք կամաց-կամաց խոսել Ղարաբաղի լեզվով: Ինքներս էլ չհասկացանք, թե ոնց, ինչպես ստացվեց, որովհետեւ որեւէ մեկը մեզ հետ հատուկ չէր պարապում.- Լ.Մ.),- Մարտակերտի բարբառով եւ ակցենտով պատմում է Գուրգենը: Չինացի խոհարարները ղարաբաղյան հայերենով խոսում են դժվարանալով, բառեր փնտրելով, բայց, այնուամենայնիվ, նրանք կարողանում են բացատրվել, շփվել տեղացիների հետ, նրանց բառապաշարը հիմնականում կենցաղային մակարդակի է: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինացի խոհարարները Ղարաբաղ էին եկել մեկ տարով: Ժամկետը լրանալուն պես Ջիվանը, Գուրգենն ու Աննան ցանկություն հայտնեցին երկարացնել աշխատանքային պայմանագիրը եւս մեկ տարով: Վանք գյուղը Մարտակերտից հեռու է 53 կմ-ով եւ տեղակայված է շրջկենտրոնից հյուսիս-արեւելք ընկած տարածքում: Գյուղն ունի 1400 բնակիչ: Այդտեղ է գտնվում ղարաբաղցիների հպարտություններից մեկը, ամենահայտնի պատմական հուշարձաններից Գանձասար եկեղեցին` կառուցված 13-րդ դարում: Այս գյուղը, Ղարաբաղի այլ գյուղերի համեմատ, շատ բարեկարգ է: Գյուղի արտաքին տեսքից դատելով՝ դժվար է հավատալ, որ այնտեղ կրակոցներ են եղել: Իսկ Վանքում պատերազմի տարիներին թեժ մարտեր են ընթացել: Պատերազմի մասին կարող են հիշեցնել միայն Գանձասար եկեղեցու գմբեթի վրա մնացած փամփուշտների հետքերը:
Վերջին տարիներին, ինչպես իրենք` վանքեցիներն են ասում, գյուղն ապրում է իր վերածննդի շրջանը: Գյուղում ակտիվ շինարարություն է ընթանում. կառուցվում են հյուրանոցներ, հանգստի գոտիներ, նոր դպրոց եւ նույնիսկ կենդանաբանական այգի: Վանքում, ի դեպ, գործում է Ղարաբաղի միակ դիսկոտեկը, բացօթյա կինոթատրոնը, հասարակական լողավազանը: Այստեղ նույնիսկ կա տեղական ռադիոընկերություն. «Ռադիո Վանք»: Վանքի անունը վերջին տարիներին ասոցիացվում է նաեւ այստեղ 2003-ից անցկացվող ամենամյա «Էշերի մրցույթի» հետ: Մրցույթ, որին տեղացիները կատակով «ղարաբաղյան կորիդա» են անվանում: Էշերի տերերը էշերին նստած վազքով հաղթահարում են որոշակի սահման: Հաղթող է ճանաչվում ամենաարագավազ էշը: Մասնակիցներին բաժանվում են հատուկ համազգեստներ: Հաղթողներին տրվում են 1000-1500-ական դոլար, իսկ մնացած մասնակիցները պարգեւատրվում են 50-ական դոլարներով:
Ամեն տարի այդ մրցույթը գրավում է բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը: Մրցույթին հետեւելու են գալիս նույնիսկ ծնունդով ղարաբաղցիներ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը: Բայց չինացի Գուրգենի համար Վանքը այլ արժեք ունի: Այստեղ է ապրում, ինչպես Գուրգենն է ասում, ամենագեղեցիկ ու ամենահետաքրքիր աղջիկը` իր առաջին սերը: Այստեղ է ամենագեղեցիկ վայրը` այն թաքստոցը, որտեղ ինքը հանդիպում է սիրած աղջկա հետ: 10-րդ դասարանցի աղջիկը Վանք գյուղից է: Գուրգենը չի ցանկանում մանրամասներ պատմել ընկերուհու մասին, վախենալով, որ վերջինիս ծնողները կիմանան իրենց` առայժմ գաղտնի սիրո մասին: Ջիվանն ու Աննան ամուսիններ են: Ջիվանի ասելով՝ իր համար Ղարաբաղը, Վանքը սիրելի դարձավ միայն այն պահից սկսված, երբ Չինաստանից իրեն միացավ Աննան: Նրանց երեք տարեկան որդին ապրում է Չինաստանում, իրենց ծնողների մոտ, Գուանասի քաղաքում: Հյուրանոցի տնօրեն 45 տարեկան Սվետլանա Լազարյանն ասում է, որ նրանք գրեթե ամեն օր զանգահարում են իրենց որդուն: Իսկ երբ Աննան դեռ չէր եկել Ղարաբաղ, Ջիվանը օրը մի քանի անգամ էր զանգահարում Չինաստան: Ջիվանն ասում է, որ Վանքում հատկապես լավ է այն պատճառով, որ ամեն նոր երեխայի ծնվելուն պես գործարար Lեւոն Հայրապետյանը 500 դոլար է նվիրում այդ ընտանիքին: «Ափսոս Չինաստանում այդպես չէ … այնտեղ արգելում են մեկից ավելի երեխա ունենալ»,- ասում է նա: Աննան հատկապես զարմացած է, որ շատ կարճ ժամանակում նրան գյուղում բոլորը սկսել են ճանաչել ու բարեւել. «Չինաստանում դու միլիոնից մեկն ես: Նույնիսկ հարեւանդ քեզ դեմքով չի ճանաչում»: Ու չնայած դրան, նրանք խոստովանում են, որ երբ հյուրանոցում չինացի զբոսաշրջիկ են տեսնում, երեւի կարոտից դրդված՝ առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում, իսկ շատ հաճախ էլ` հետները երկար զրուցում են: Սվետլանա Լազարյանը, ով գյուղում համարվում է չինացիների ամենամտերիմ մարդը, ասում է, որ գյուղացիները հարմարվել են օտարերկրյա հարեւանների հետ եւ շատ սիրում են նրանց, բայց նեղվում են, երբ չինացիները կարողանում են հայերեն խոսել, իսկ իրենցից եւ ոչ մեկը չի կարողանում նույնիսկ արտաբերել չինարեն բառեր: «Մի անգամ Ջիվանը գնացել էր Ստեփանակերտի շուկա՝ մթերք առնելու: Վաճառողը՝ մտածելով, որ տուրիստ է, թղթի վրա գրել էր ընդհանուր գումարը` 6700 դրամ, եւ թուղթը մեկնել Ջիվանին: Ջիվանն էլ նայել էր թղթին ու բարձրաձայն կարդացել. «վեց հազար յոթ հարյուր դրա՞մ: Վաճառողը կարգին վախեցել էր: Չինացի, էն էլ` Ղարաբաղի հայերենով…»,- հրճվանքով պատմում է Սվետան:
Սվետայի խոսքերով՝ չինացիները շատ շուտ են հայացել, սովորել են թթի օղի խմել, կենաց ասել, իսկ ազատ ժամանակն անց են կացնում նարդի խաղալով:
Իսկ չինացի խոհարարները խոստովանում են` հայկական դոլման չեն փոխի նույնիսկ կապիկի ուղեղի հետ, որն իրենց ասելով՝ ամենաթանկարժեք ուտելիքն է համարվում Չինաստանում: «Ամենասկիզբը վար եկալ ենք, պրինձից կման օրիշ պեն կերալ չենք, հացը սիրալ չենք, օրիշա մզետի, բայց հետո վար կերանք, էլ անհամ պրինձ, սոուս չկերանք ու թոփալացանք շատ ուտելուց» (Սկզբից որ եկել էինք, տեղական ոչ մի բան չէինք ուտում, նույնիսկ հացը մեզ համար տարօրինակ էր, բայց երբ սկսեցինք համտեսել, մի կողմ դրեցինք մեր անհամ բրինձն ու սոուսները … հիմա զգում ենք, որ հայկական ուտելիքներից չաղանում ենք.- Լ.Մ.),- մի կերպ բացատրում է Գուրգենը, ով ի տարբերություն Ջիվանի՝ այնքան էլ լավ չի խոսում «վանքերեն»:
Հյուրանոցում գտնվող զբոսաշրջիկները ներկա էին մեր զրույցին եւ հետաքրքրությամբ լսում էին, թե ինչպես են չինացիները խոսում ղարաբաղյան հայերենով: Չինացի խոհարարները պատմում են, որ հաճախորդները, հատկապես հայերը, երբ հասկանում են, որ իրենք` չինացիները, հայերեն են խոսում, հաճախ մոռանում են, որ եկել են ճաշելու, ու սկսում են իրենց հարցեր տալ` խոսեցնելու, «չինական ակցենտով ղարաբաղյան հայերենը» լսելու համար: «Բայց մենք Վանք չենք եկել մարդկանց զվարճացնելու, մենք եկել ենք այստեղ չինական խոհանոց հիմնելու համար: Ճիշտ է, միշտ չէ, որ կարողանում ենք համապատասխան մթերք գտնել … »,- ասում է Ջիվանը: Չինացի խոհարարներն ասում են, որ իրենք լավ են զգում Վանքում, եւ դեռ պլաններ ունեն Ղարաբաղի հետ կապված: Գուրգենն ուզում է այստեղ ամուսնանալ, իսկ Ջիվանն ու Աննան ուզում են շատ երեխաներ ունենալ:
www.iwpr.net