Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Խորասան Ռազավի գավառում երեկ վաղ առավոտյան ի կատար է ածվել խմբակային մահապատիժ. դահիճները հրապարակավ կախաղան են բարձրացրել թմրադեղի մաքսանենգության մեղադրանքով մահվան դատապարտված 17 հանցագործի: Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսության հաղորդագրությունը: «Ասոշիեյթեդ փրեսը» նշում է, որ Թուրքմենստանի եւ Աֆղանստանի սահմաններից ոչ հեռու գտնվող այդ գավառը համարվում է հերոինի մաքսանենգության խոշոր աղբյուր: Հուլիսին եւ օգոստոսին Իրանում կախաղան են բարձրացվել բռնաբարության, ավազակության, մարդկանց առեւանգման եւ թմրադեղի մաքսանենգության մեջ մեղադրված 21 հանցագործներ: Իրանում նշված մեղադրանքները, ինչպես նաեւ՝ աստվածանարգությունը մահապատիժ են ենթադրում: