Մեր հարստությունն այրվում է

12/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կահույքագործության ոլորտը մեզ մոտ աստիճանաբար զտվում է, բայց շատ են այն կազմակերպությունները, որոնք դրսից շինանյութ են ներկրում անօրինական ճանապարհով: Բացի այդ, կահույքի որոշ արտադրողներ ապօրինի ծառահատումներ են կատարում: «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանի հավաստմամբ՝ ընկուզենին եւ պտղատու ծառերն ընդգրկված են Կարմիր գրքում եւ դրանց հատումներն օրենքով արգելված են, մինչդեռ մեր տվյալներով` ընկուզենու փայտից կահույքի արտադրություն մեզ մոտ կա: Աժ պատգամավոր, «Մաքս» գրուպի նախագահ Հարություն Փամբուկյանը Ղարաբաղում ընկուզենու փայտամշակման արտադրություն ունի, ընդ որում, արտադրանքն արտահանվում է Իտալիա, Իսպանիա, ԱՄՆ, Ճապոնիա եւ Գերմանիա: Պրն Պետրոսյանի խոսքերով, տեղական արտադրության կահույք ստանում են հիմնականում հաճարենու փայտից: Անցյալ տարի ուժգին քամիների պատճառով 100.000 խմ քանակությամբ անտառ թափվեց, իսկ նախանցյալ տարիներին եղել են օրինական հատումներ, որոնցից գոյացել են եւ՛ վառելափայտ, եւ՛ շինափայտ: Շինափայտն օգտագործվել է կահույքագործության մեջ եւ այրվել է կարիքների համար: Այնպես որ, այդ տարիներին օրինական հատումներ կատարվել են, իսկ անցյալ տարի անտառ է թափվել: Հայկական փայտն աշխարհում համարվում է բարձրորակ շինափայտ, եւ ճիշտ օգտագործման պարագայում Հայաստանը կահույքագործության ոլորտի արտահանումներով կարող է լուրջ եկամուտներ ունենալ: Ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու նպատակով` այս տարի մշակվել է ծրագիր, որը կնպաստի հատումների նվազեցմանը: Առհասարակ, հայկական կաղնին համարվում է էլիտար շինափայտ եւ նույնպես անխնա օգտագործվում է։ Պրն Պետրոսյանն ասում է, որ ոչ միայն կաղնին, այլ նաեւ` հաճարենին, բոխին, հացենին, ընդհանրապես մեր անտառն արժեքավոր է: «Ես չգիտեմ` թվարկած տեսակների փայտերն արտահանվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց անօրինական ճանապարհով ձեռք բերված, գողացված փայտը չենք կարող իմանալ` ովքեր են շրջանառում, դա իրավապահ մարմինները կարող են իմանալ,- ասում է նա: -Պետք է նշեմ, որ նախորդ տարիների համեմատ ապօրինի հատումները նվազել են: Անցյալ տարի Համաշխարհային բանկը հետազոտություն էր կատարել, ըստ որի, մոտ 1մլն խմ փայտ է օգտագործվել Հայաստանում, որից մոտ 600-700.000-ն օգտագործվել է անտառների հարակից գյուղերի, բնակավայրերի կողմից: Եթե դիտարկենք հատումները եւ վերականգնման ծավալները, ապա անցած տարիներին հատումներն ավելացել էին, իսկ անտառվերականգնման ծավալները նվազել էին: Հիմա հակառակ պրոցեսն է ընթանում, թեեւ ցայտուն չի երեւում, բայց հիմա ապօրինի հատումների ծավալները պակասում են, անտառվերականգնման աշխատանքի ծավալները` մեծանում: Այսինքն, դրական տենդենց կա: Անցյալ տարի մոտ 2.400 հա վերականգնման աշխատանքներ կատարվեցին, այս տարի նախատեսվում է մոտ 5000 հա»: Այդուհանդերձ, գաղտնիք չէ, որ ապօրինի հատումներն արվում են նույն անտառապահների միջամտությամբ, ասել է թե, կաշառքի միջոցով: Այս առիթով պրն Պետրոսյանն ասում է. «Միայն ֆիսկալ մեթոդներ կիրառելով` հնարավոր չէ ապօրինի հատումների խնդիրը լուծել. ծրագրում կետեր կան, ըստ որոնց` պետք է գազիֆիկացումն ավելացնել, այլընտրանքային էներգետիկան ավելացնել, մոնիտորինգի համակարգը բարելավել: Գողացված փայտը, բնականաբար, ճանապարհով է գալիս, ինչ է, դա ոչ ոք չի՞ տեսնում կամ Երեւանում վաճառելիս չեն տեսնո՞ւմ»:

Փողատերերը Փարաքարից կահույք չեն գնում

Արգավանդ-Փարաքար մայրուղին մեզանում հայտնի է` որպես կահույքի շուկա, որտեղից օգտվում են հասարակության միջին եւ ցածր խավերը: Այնտեղ վաճառվում է եւ՛ դրսից ներկրվող, եւ՛ տեղական արտադրության կահույք: Արգավանդի ճանապարհին գտնվող նորաբաց խանութներից մեկի բաժնետեր Կարեն Աբրահամյանն ասում է, որ իրենք կահույքի եկամուտ դեռեւս չեն տեսնում: Վերջինս կահույք արտադրելու անհրաժեշտ շինանյութը գնում է շինանյութ ներկրող համապատասխան ֆիրմաներից: Փափուկ կահույքի գները սկսում են 200 ԱՄՆ դոլարից, մինչեւ 700 դոլար: Կ. Աբրահամյանի հավաստմամբ՝ 200 դոլար արժողությամբ կահույք ստանալու համար շինանյութի վրա ծախսում են մոտ 165-170 դոլար: Քանի որ առեւտրի վիճակը նա որակում է ողբալի, հետեւաբար, նախընտրում է կահույքի խանութը պահել նույնիսկ չնչին եկամտի պարագայում: Կ. Աբրահամյանի կարծիքով` այսօր հասարակությունը հակված է իրենց կահույքը գնել, ասել է թե, էժան կահույք: Սպառողը նախընտրում է մուգ գույնի կտորապատ փափուկ կահույք, հազվագյուտ դեպքերում գնում են բաց երանգի, բայց այն դեպքում, եթե այդ կահույքը դրվելու է սեփական տան երկրորդ հարկում, միայն հյուրերի համար: «Պարզ է, որ փողատերերն այստեղից գնումներ չեն կատարում, այլ նախընտրում են բարձրակարգ խանութներից կահույք գնել,- ասում է նա: -Մեծահարուստները 250 դոլարանոց ապրանքի փոխարեն` գնում են 2000 դոլարանոց կահույք: Այստեղի կահույքը հիմնականում գնում են չունեւոր մարդիկ, ում հնարավորությունները սահմանափակ են: Բացառիկ դեպքում հարուստները գնում են, բայց` օֆիսների կամ ամառանոցների համար: Կարող եմ ասել, որ որակի առումով հայկական արտադրության կահույքն ավելի լավն է, քան դրսից ներկրվող կահույքները»: Հայկական արտադրության վերոնշյալ կահույքը հիմնականում ստանում են հաճարենուց, լամինատից եւ Ժհկ-ից:

Արգավանդում առկա խանութներից մեկի սեփականատերն էլ Մելիք Ավագյանն է, որը 10 տարի զբաղվում է կահույքի բիզնեսով: Վերջինս վաճառում է Արաբական Էմիրություններից, Պարսկաստանից եւ Դուբայից ներկրած կահույք: Ըստ նրա, էլիտար խավը հիմնականում օտվում է «Նիկո», «Եվրոպա», «Մուլտի գրուպ» եւ այլ բարձրակարգ խանութներից, միջին խավը գնում է Արաբական Էմիրություններից, Պարսկաստանից, Դուբայից եւ այլ երկրներից բերած մեր կահույքները: Իսկ միջին եւ ցածր խավն ընտրություն կատարում է Իսակովի պողոտայում (Արգավանդ-Փարաքար) գտնվող կահույքի խանութներից: Եթե տեղական արտադրության փափուկ կահույքը Մ. Ավագյանի խանութում վաճառվում է 250 դոլարով, ապա ամենաթանկ դրսից ներկրված կահույքն արժե 2000 դոլար: Հաճախորդները հիմնականում գնում են տան համար ամենաանհրաժեշտ կահույքը, բացի այդ, կահույքի ընտրություն կատարելիս գնում են այն կահույքը, որը համապատասխանում է իրենց ունեցած գումարին, այսինքն, շատ դեպքերում չեն կարողանում գնել հավանած կահույքը, որովհետեւ թանկ է: Մեզ մոտ հիմա նախընտրում են մոդեռն ոճի կահույքը. հասարակության ճաշակը զարգանում է: