Լուսանկարչական խցիկը հայտնի է որպես «հայի գործիք»

06/09/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կա արվեստի մի ճյուղ, որն ուղղակիորեն ժամանակի մեջ է ապրում եւ ձգտում է «կանգնեցնել» ու հավերժացնել ակնթարթը։

«Ակնթարթային» արվեստը՝ լուսանկարչությունը, կանգնեցված ու շրջանակի մեջ առնված վայրկենական պատկերներով, օգնում է պահպանել անցյալը։ Այն անցյալը, որը ոչ վաղ ժամանակներում ներկա էր։ Քաղաքների ու մարդկանց ճակատագրերի մասնիկները, մեծ ու փոքր իրադարձությունները վերականգնվում են մեր հիշողության մեջ հենց լուսանկարների միջոցով։ Այն լուսանկարների, որոնք հետագայում շարժվելու ունակություն ստացան ու կինոժապավեն դարձան։

Բոլորս էլ սիրով ու հետաքրքրությամբ սիրում ենք նայել մեզ՝ մանուկ ժամանակ, ծանոթանալ մեր պապերի ու մեր պատմության հետ՝ թերթելով ընտանեկան ալբոմներն ու լուսանկարների հավաքածուները։ Դա մեր ընտանիքի պատմությունն է, սակայն կա պատմություն, որը բոլորի մասին է, բոլորս էլ տեղ ունենք իրադարձությունների այդ շարանում։ Շարան-շարան ներկայացված լուսանկարները տեղ են գտել վերջերս լույս տեսած «Հայ լուսանկարիչները» հարուստ ու ամբողջական հավաքածուում, որտեղ հավաքագրվել ու ներկայացվել են հայ լուսանկարիչների կենսագրությունն ու աշխատանքները։ Գրքի կազմողն ու հրատարակիչը լուսանկարիչ Վահան Քոչարն է, ով շարունակել ու, վերջիվերջո, ավարտին է հասցրել հոր՝ անվանի նկարիչ Անդրանիկ Քոչարի տարիների աշխատանքը։ Ահռելի հավաքագրական աշխատանք է արվել, ինչի շնորհիվ կարելի է ծանոթանալ լուսանկարչության ակունքներում կանգնած հայ մասնագետների կյանքի ու պատկերների հետ։ «Կաթիլ առ կաթիլ հավաքված լուսանկարներ ու տեղեկություններ են, որոնք հավաքելը «շան չարչարանք» էր»,- ասում է Վ. Քոչարը, ով հիմնվելով արդեն արխիվային դարձած նյութերի վրա՝ աշխույժ նամակագրական կապի մեջ է մտել լուսանկարիչների ժառանգների հետ ու համաշխարհային ցանցի օգնությամբ ինֆորմացիա է հավաքում նրանց կյանքի մասին։ «Հայ լուսանկարիչները» գիրքը սկսվում է լուսանկարիչների անձնական կնիքների ցուցադրությամբ։ Այդ կնիքները, որոնց այսօրվա լեզվով «լոգոտիպ» են ասում, լուսանկարչի աշխատանքի որակի չափանիշն էին, նաեւ՝ անդորրագիրը, որի վրա դրոշմված էին լինում նկարչի մեդալները։ Ինչպես գեղանկարիչներն են կտավներին դրել իրենց ստորագրությունը, այնպես էլ ֆոտոստուդիայում աշխատող լուսանկարիչներն են ստորագրել իրենց աշխատանքների տակ։ Ամենահին կնիքը, որի վրա տարեթիվ է նշված, պատկանել է թիֆլիսցի լուսանկարիչ Անուշավան Տեր-Ղեւոնդյանին, որի մասին շատ քիչ տեղեկություն կա, բայց նրա շնորհիվ են մեզ հասել հայ մեծ գրողների՝ Րաֆֆու, Ղազարոս Աղայանի, Հովհանես Թումանյանի, Սունդուկյանի ու Շիրվանզադեի դիմանկարները։

Այդ գիրք-հանրագիտարանում տեղ են գտել ազգությամբ հայ լուսանկարիչները (նաեւ այսօրվա կյանքը հուշ դարձնող մեր ժամանակակիցները), որոնք աշխարհի տարբեր անկյուններում են ապրել, եղել են իրենց ժամանակի վկաները։ Թուրքիայում ծնված, ԱՄՆ, այնուհետ՝ Կանադա գաղթած Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) պետական այրերի լուսանկարների հսկայական շարք է արել, լուսանկարել է Անգլիայի արքունական ընտանիքը, ֆրանսիական պառլամենտը, ԱՄՆ նախագահներին, Պիկոսոյին ու Դիսնեյին, Ալբեր Քամյուին ու Ալբերտ Էյնշտեյնին։ Բացառիկ դիմանկարներ է արել Բրազիլիայում ապրող Մանուկ Փոլադյանը (ամենահայտնիներից են Ֆիդել Կաստրոյի դիմանկարները), ամերիկացի Ջեք Վարդուղյանը նկարահանել է ջազի վարպետներին։

Վահան Քոչարն իր գրքի միջոցով ցանկանում է որոշ իմաստով վերականգնել ճշմարտությունը, եւ աշխարհում հայտնի շատ լուսանկարիչների հայ լինելը նշել։ Նա համոզված է, որ շատերի ազգանունը միտումնավոր է խեղաթյուրվում, մինչդեռ հայերը մեծ դեր են ունեցել եվրոպական եւ հատկապես Միջին Արեւելքի լուսանկարչության պատմության մեջ։ Օրինակ, Կահիրեում աշխատող հայ լուսանկարիչ Լեքեջյանը 1892 թվականին Փարիզի ցուցահանդեսում ոսկե մեդալ է ստացել, իսկ Պարսկաստանում աշխատող Անտուան Խան Սեւրուգինը ոսկե մեդալ է ստացել Բրյուսելում եւ Փարիզի միջազգային ցուցահանդեսներում (ի դեպ, այդ լուսանկարիչը Պարսկաստանի առաջին լուսանկարիչներից է եղել, ով լուսանկարել է շահի հարեմի կանանց՝ կարճ շրջազգեստով եւ առանց ավանդական քողի, ինչը շատ է դուր եկել շահին, ով հայ լուսանկարչին արժանացրել է «խան» տիտղոսի)։

Վ.Քոչարն ափսոսում է, որ իրեն չի հաջողվում ավելի շատ տեղեկություններ պեղել Երեւանում աշխատող Գեղամ Թահվերդյանցի մասին, ում կնիքի վրա նույնպես երկու մեդալ է դրոշմված, բայց չի հաջողվում պարզել՝ թե ո՞ր լուսանկարների համար են դրանք տրվել։

Լուսանկարներ հավաքագրելն անվերջ պրոցես է։ Իսկ ամենաառաջին հայ լուսանկարներն այս պահի դրությամբ Վ. Քոչարը համարում է Պոլսում, հետագայում՝ Կահիրեում լուսանկարչատուն հիմնած Աբդուլլահ (Աբդուլահյան) երեք եղբայրների աշխատանքները, որոնք Թուրքիայի եւ տարածաշրջանի ազգաբնակչությանը նվիրված 51 լուսանկարչական ալբոմ են հրատարակել։ Նրանց լուսանկարչատունը գործել է 1858 թվականից։ «Զարմանալի բան կարող եմ ասել. գիտեք, որ Պարսկաստանում, Թուրքիայում եւ ընդհանրապես, տարածաշրջանում լուսանկարչական սարքն անվանում էին «հայի գործիք», քանի որ հիմնականում լուսանկարում էին հայերը»,- պատմում է Վ. Քոչարը։

Վահան Քոչարն առանձնահատուկ սիրով է ներկայացնում հին լուսանկարները. «Սեւ ու սպիտակ «մաքուր» լուսանկարից այն կողմ ինձ համար աշխարհ չկա»։

Սեւ ու սպիտակ լուսանկարները կարծես կտավներ լինեն։ Անծանոթ տղամարդկանց ու կանանց հպարտ ու վեհ դեմքերին պահի կարեւորության զգացում կա։ Այն ժամանակ մարդկանց համար լուսանկարվելը տոն էր։ Մեր օրերում լուսանկարում են բոլորը, քանի որ լուսանկարչական ապարատն այլեւս շքեղություն չէ, այլ՝ սովորական մի բան։ Հիմա հարկավոր չէ կադր «կառուցել», լույսը շտկել, այդ ամենն ավտոմատ կերպով անում է գործիքը, եւ մարդը միայն մեկ կոճակ է սեղմում։ Մինչդեռ լուսանկարչությունն ընդամենը մեկ ու կես դարի պատմություն ունի։

Շատ հետաքրքիր է ծանոթանալ լուսանկարչական սարքերի զարգացման հետ, որոնցից շատերը հիմա «նախնադարյան» են համարվում եւ միայն թանգարաններում ցուցադրվելու են պիտանի։ Վահան Քոչարը մեծ երազանք ունի, ուզում է իր սեփական տան առաջին հարկը թանգարան դարձնել եւ ցուցադրել պատմությունը ֆոտոխցիկների օգնությամբ հավերժացված պատկերներով։

Այժմ Վահան Քոչարն աշխատում է հայ լուսանկարիչների մասին ավելի մեծ ինֆորմացիա պարունակող քառահատոր գունավոր գրքի տարբերակի ստեղծման վրա։ «Սարսափելի շատ նյութ ունեմ, եւ հետո էլ՝ լուսանկարիչների նոր գործեր եմ գտնում։ Հենց մի քիչ «փորում» ես նրանց կյանքը, նորանոր շերտեր ես բացահայտում։ Իսկ ժամանակակիցները նոր գործեր են ստեղծում։ Հավաքագրական աշխատանքը վերջ ունենալ չի կարող, չի կարելի ասել՝ վերջ, ավարտեցի»,- ասում է Վ. Քոչարը։

Գրքում, ի դեպ, ֆոտոսրահներում արված լուսանկարները կողք կողքի են դրված ռեպորտաժային լուսանկարների հետ։ Ըստ Վահան Քոչարի՝ իրականությունից «որսված» բացառիկ կադրերը նույն արժեքն ունեն, ինչ «բեմադրված» լուսանկարները։ «Այսօր աշխատող լուսանկարիչներից ոմանք ինձ ասում են՝ ախր, այս «պավիլյոնշչիկներին» ինչպե՞ս ես դրել «լուրջ» նկարիչների կողքին։ Ես պատասխանում եմ՝ նայեք այս լուսանկարներին, որոնք շշմելու, ֆանտաստիկ աշխատանքներ են, նայեք լուսանկարված մարդկանց դեմքերին, հագուկապին, կոմպոզիցիային, տեսեք, թե ինչ սիրով ու պրոֆեսիոնալիզմով են դրանք արված։ Մարդիկ կարողացել են պահել իրենց ժամանակը»,- ասում է Վ. Քոչարը։ Նա ամենից շատ սրտնեղում է, երբ իրեն հարցնում են՝ ո՞ր չափանիշներով եք ընտրել ներկայացման արժանի լուսանկարիչներին։ Նա սովորաբար պատասխանում է. «Արվեստի չափանիշներով»։ Եվ խուսափելով լուսանկարիչներին միմյանց հետ մրցակցության մեջ դնելուց, նա որպես իր գրքի շապիկ՝ օգտագործել է անհայտ հայազգի լուսանկարչի մի գործ, որտեղ անհայտ մի երեխա է պատկերված։ «Ո՛չ լուսանկարչին գիտենք, ո՛չ էլ աղջկա անունը, պարզապես վարպետությամբ արված գեղեցիկ գործ է»,- ասում է նա։

Նախաձեռնելով այս գրքի տպագրումը, Վահան Քոչարը լավ հասկանում էր, որ ֆինանսական դժվարությունների առջեւ է կանգնելու, քանի որ հանրագիտարան-ալբոմը չի կարող շահութաբեր համարվել (եւ չափազանց երախտապարտ է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ում օժանդակությամբ էլ հնարավոր դարձավ տպագրումը), սակայն նա հանդիպել է նաեւ անհասկանալի խոչընդոտների։ «Ամենադժվարը մեր ժամանակակիցներից լուսանկարներ վերցնելն էր։ Ամիսներ շարունակ ես չէի կարողանում շատերից վերցնել իրենց գործերը եւ ստիպված եմ եղել սահմանափակվել միայն կենսագրական տվյալներով։ Ոմանք ծուլանում էին իրենց արխիվներից գործեր հանել, ոմանք չէին հավատում, որ այս գիրքը վերջիվերջո լույս կտեսնի, ոմանք էլ ասում էին՝ չեմ տա, քանի որ դու մեզ չես վճարում։ Ախր ինչպե՞ս վճարեի։ Ես ուզում էի ամբողջական գիրք ստեղծել, եւ ուզում էի անպայման ամենաազդեցիկ գործերը տպագրել»։ Ֆոտոյի ազդեցիկ լինելու կամ չլինելու հարցը Վ. Քոչարին շատ է հետաքրքրում, նա տպավորիչ է համարում այն լուսանկարը, որտեղ ճիշտ կոմպոզիցիայից, լույսից, չափից ու գույնից բացի, էներգիա կա։ Եթե այդ էներգիան գոյություն ունի, ապա այն անպայման փոխանցվում է դիտողին։

Յուրաքանչյուր ընթերցող գրքի հետ ծանոթանալով՝ բազմաթիվ բացահայտումներ կանի։ Իսկ գրքի հեղինակն ինքն իր համար ամենացնցող բացահայտումներն արել է Անվտանգության կոմիտեի վերջերս գաղտնիության կնիքից ազատված արխիվում. «Շատ դաժան պատմություններ իմացա, ամեն անգամ՝ ծանոթանալով լուսանկարիչների ճակատագրին, ցնցվում էի։ Լուսանկարիչների դեմ դատական գործեր են բացվել, նրանց դեմ «դոնոսներ» գրվել։ Շատերին բանտ են նետել, գնդակահարել են… Հոգեբանորեն շատ դժվար էր նրանց «գործերը» կարդալ, բայց դա անհրաժեշտ էր»։

Լուսանկարների ընտրությունն անելիս՝ Վահան Քոչարը խուսափել է իր անձնական համակրանքը կամ հակակրանքը ցույց տալ. «Ես անձնական «աչքով» նայելու իրավունք չունեմ, այս գիրքը 530-ից ավելի լուսանկարիչների մասին է, եւ բոլորն էլ յուրովի ազդել են իրենց ժամանակի վրա»։ Լուսանկարն արվեստի գործ դարձնող էներգիան նա գտել է ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչների արածի մեջ։ Նա համոզված է, որ յուրաքանչյուրը՝ բժիշկը, բուսաբանը, պատմաբանը, կարող են տեղ գտնել ֆոտոհանրագիտարանում, եթե կարողանում են փոխանցել այդ էներգիան։