Կֆինանսավորի՞ Դաշնակցությանը

04/09/2007

Սեպտեմբերի կեսերին տեղի է ունենալու ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովը, որի ժամանակ կուսակցությունը պետք է հայտարարի ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության առաջադրելիք թեկնածուի մասին: Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին (որի որդիներից մեկը նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ կուսակցական ցուցակով էր պատգամավոր դարձել, մյուս որդին` այս տարվա մայիսի ընտրություններին եւ դարձյալ ՀՅԴ ցուցակով) առաջարկել է 10 մլն դոլար ծախսել ՀՅԴ նախագահական թեկնածուի նախընտրական արշավի վրա: Նույն աղբյուրները նշում են նաեւ, որ Հ. Վարդանյանը տվել է իր համաձայնությունը (թերեւս երկու որդիների` ՀՅԴ ցուցակով ընտրվելու եւ քաղաքական տանիք ձեռք բերելու դիմաց): Ինչպես հիշում եք, Հ. Վարդանյանի որդին` Կարեն Վարդանյանն, ԱԺ ընտրություններից առաջ, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, հայտարարագրել էր իր` մոտ 200 մլն դոլար դրամական ունեցվածքը: Այսպիսով, ՀՅԴ-ն կլեգալացնի կուսակցության ֆինանսավորման հայաստանյան աղբյուրը, հետեւաբար՝ նաեւ ՀՀ նախագահի իրենց թեկնածուի ֆինանսական հենարանը, եւ ՀՅԴ-ն զերծ կմնա դրսից ֆինանսավորվելու (ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ) մասին մեղադրանքներից: