Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերով քննիչ Հակոբ Կարախանյանի գլխավորած քննչական խումբը ներկայումս ստուգում է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության մի շարք վարկածներ: «Սակայն ելնելով հետաքննության շահերից՝ տվյալները չեն կարող հրապարակել,- ասաց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: -Բայց բոլոր վարկածները կապված են ծառայողական գործունեության հետ: Այսինքն, չկա մի վարկած, որ կապված լինի կենցաղային կամ այլ տիպի հարցերի հետ»: Երեկվա դրությամբ դեռեւս ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան: Ինչպես գիտենք, անցած շաբաթ ձերբակալվել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակից Գառնիկ Ղաբուզյանը, ով Ա.Ղազարյանի սպանության վկան էր: Լոռու դատախազի սպանության գործով վկա հանդիսացող Գ. Ղաբուզյանը, սակայն, ձերբակալվել է Արմավիրի «Գազմաշ» ՍՊԸ Վանաձորի մասնաճյուղում առանձնապես խոշոր չափերի հասնող գողություն կատարելու համար մի քանի ամիս առաջ հարուցված գործի շրջանակներում: Ներկայումս այդ քրեական գործը Ոստիկանության քննչական բաժնից տեղափոխվել է Գլխավոր դատախազության վարույթ: Հիշեցնենք, որ Ղաբուզյանն իր գործի համար դատախազին հանդիպել էր փողոցում եւ ակամա դարձել նրա սպանության վկան: