– Քանի որ դուք մասնակցում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բոլոր մարզային հանդիպումներին, կարո՞ղ եք ասել, թե այդ այցերի նպատակը, բացի ակտիվի հետ հանդիպումներից, ո՞րն է: Մանավանդ` երբ ժողովրդի հետ հանդիպումներ, որպես այդպիսին, այդ այցերի ընթացքում չեն լինում, եւ դա, որքան էլ տարօրինակ է` տեղի է ունենում դաշնակցության ոգով, այսինքն` փակ, գաղտնի:
– Դրանք դաշնակցության ոգով արվող հանդիպումներ չեն: Մենք պարզապես հանդիպում ենք մեր համախոհների հետ: Այնտեղ ոչ մի գաղտնի խոսակցություն կամ գաղտնի որոշում չի կայացվում: Սրանք շատ պարզ, նախընտրական փուլին բնորոշ ուսումնասիրություն-հանդիպումներ են սեփական թիմի եւ համախոհների մասնակցությամբ: Այս փուլին, կարծում եմ` կհաջորդեն ավելի լայն, մանրակրկիտ հանդիպումները: Շատ սովորական հանդիպումներ են, եւ, կրկնում եմ` գաղտնիության, խորհրդավորության երեւույթ դրանցում չկա: Մենք ուսումնասիրում ենք պահանջարկը, քաղաքական կարծիքը: Մենք փետրվարին հայտնվելու ենք ճամփաբաժանին. գնալու ենք կա՛մ ինտեգրացիոն քաղաքականության, տարածաշրջանային բաց, կանխատեսելի քաղաքականության ճանապարհով, կա՛մ թեքվելու ենք հանցագործ աշխարհի կողմից ղեկավարվող, ռազբիրատների մեջ թաղված երկիր տանող ճանապարհին: Մենք կա՛մ դառնալու ենք արեւելյան փակ համակարգի երկիր, կա՛մ բաց, ազատական եւ ինտեգրացիոն քաղաքականության տանող երկիր: Փաստ է, որ մենք հասել ենք մի դիրքի, երբ Հայաստանը մեկուսացված է, ռազմավարական գործընկերներ այլեւս չունի, եւ երկրի արտաքին իմիջը մոտենում է զրոյի, որովհետեւ ՀՀ-ն շահեկան ու գրավիչ չէ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տարածաշրջանային առումներով: Կրիմինալը դարձել է պետական գործառույթի մաս. Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանություններն են հանցագործության մեջ, ոչ թե` հակառակը: Այսինքն` մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջեւ:
– Գրեթե բոլոր մարզերում, բացառությամբ մեկ-երկուսի, Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն եղել է, ու քանի որ նա, վերջնական որոշում կայացնելու համար, այդքան կարեւորում է մարզային ակտիվի հետ իր հանդիպումները, գոնե իր համար այս ընթացքում պարզե՞լ է` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ:
– Առաջին նախագահը վերջնական որոշումը կկայացնի օրեցօր աճող առաջադրման պահանջարկի հիման վրա: Այսինքն` երբ քաղաքական ուժերը եւ հասարակությունն իր հետ, իր ծրագրի հետ կապեն մեր երկրի ապագան, ապա ինքը ոչ միայն կառաջադրվի, այլեւ հաղթանակն էլ, ըստ իս` ապահովված կլինի: Այս գործընթացը չպետք է դիտարկել` Տեր-Պետրոսյանի առաջադրվելու եւ չառաջադրվելու հարթության վրա: Այս դեպքում լուծվելու է ոչ թե անձի խնդիրը, այլ Հայաստանի ճամփաբաժանի ուղղությունը:
– Հասարակությունն ինչպե՞ս պետք է իր երկրի ապագան կապի մի մարդու հետ, ում վերջին անգամ լսել է իր հրաժարականի տեքստն ասելու ժամանակ, եւ տեղյակ չէ, թե որն է Լ. Տեր-Պետրոսյանի` Հայաստանի զարգացման մոդելը:
– Այս լռությունն ընդամենը լռություն է մասսաների` հեռուստացույցի կամ մամուլի համար: Իրականում նա եղել է ակտիվ քաղաքականության մեջ:
– Խոսքը ժողովրդի մասին է, որը պետք է ձեւավորի այդ պահանջարկը:
– Այդ իմաստով` ճիշտ եք: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի` երկրի զարգացման մոդելը որեւէ մեկի համար նորություն չի լինելու: Այսինքն` ամենահստակը, ամենավստահելին ու ամենականխատեսելին լինելու է հենց նրա ծրագիրը, որովհետեւ այն լինելու է ազատական տնտեսության, բաց եւ քաղաքացիական հասարակության կառուցման ծրագիր: Կարող է ծրագրի իրականացման տակտիկական նոր ձեւեր, նոր մեթոդներ ու կատարողներ լինեն, բայց առանցքի առումով` նույնն է լինելու: Ինքն այդ ծրագրի կենտրոնն է լինելու, ոչ թե տերը. տերը լինելու են բոլոր կից այն կուսակցությունները, որոնց հետ մենք այսօր թիմ ենք կազմելու: Դա լինելու է հասարակության զարգացման ծրագիր: Եվ այդ դեպքում պահանջարկված կլինի եւ անձը, եւ այդ ծրագիրը: Խոսքը 2008թ. հետո Հայաստանի զարգացման մոդելի ընտրության մասին է:
– Ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում պետք է դառնան առանցքային գործոններ` «Ազգային Միաբանություն», ՀԺԿ, մինչ այսօր չեն մասնակցել ձեր մարզային հանդիպումներին: Իրենց դիրքորոշումը դեռեւս հստակեցվա՞ծ չէ:
– Մի փոքր էլ սպասեք:
– Իսկ միանալո՞ւ են, թե՞ ոչ:
– Ցանկալի է: Մեր այս շարժումը, կարծում եմ` դառնալու է Հայաստանի անկախության պահպանման շարժում: Կարծում եմ` պայքարը լինելու է շատ ավելի բարձր արժեքների համար, քան անգամ նախագահի պաշտոնն է: Սրանք լինելու են այս տարիների ընթացքում մեր ունեցած անկախության կորստի ետ վերադարձնելու տարիներ: Եվ այս համապատկերի վրա` անգամ այն քաղաքական ուժերը, որոնց հետ մենք ունեցել ենք կամ հիմա էլ ունենք տարաձայնություններ, մենք պարտավոր ենք նրանց հետ նույն դաշտում համատեղ աշխատել, քանի որ նպատակը շատ ավելի բարձր է, քան միջկուսակցական հարաբերությունները:
– Նույնիսկ Դաշնակցությա՞ն հետ:
– Խոսքն իշխանական կուսակցությունների մասին չէ, որովհետեւ անկախության կորուստները եղել են այս իշխանության եւ նրան մաս կազմող կուսակցությունների շնորհիվ:
– Մինչեւ վերջերս նրանց շարքում էր նաեւ ՕԵԿ-ը: Նրանց դեպքում ինչպիսի՞ մոտեցում եք դրսեւորելու:
– Նրանք թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ հիմա անընդհատ ընդդիմադիրի կեցվածք են ունեցել, ու հիմա իրենք հնարավորություն ունեն ընդգրկվելու ընդդիմադիր լայն ձեւաչափի մեջ` թող իրենք որոշեն: Ովքեր այս գործընթացին մասնակցելու են, նրանց պետք է առաջնորդի ներողամտությունն ու հանդուրժողականությունը: Հակասությունների միջոցով այս խնդիրը չի լուծվի:
– Եթե, այնուամենայնիվ, Լ. Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, որոշե՞լ եք` ինչ եք անելու, որն է լինելու ձեր հետագա քայլը:
– Չառաջադրվելը պարտություն է բոլորիս համար, պատմական շանսի կորուստ: Հիմա ես բացարձակապես չեմ ուզում մտածել, որ հնարավոր է ստեղծվի այդպիսի իրավիճակ: Ես իմ թիմակիցներով, շատ այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անում ենք հնարավորը, որ ստեղծվի այն դաշտը, որը հնարավորություն կտա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելու միջոցով իրականացնել այն մեծ խնդիրը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության ամրապնդում: Այս տարբերակի համար ես ամեն ինչ անում եմ, եւ վստահ եմ, որ կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում, որովհետեւ մեր ազգին ամոթ է, եթե հանկարծ երկրորդ ճանապարհով գնանք:
– Այսինքն` երկրորդ տարբերակն իրականություն դառնալու դեպքում դուք նեղանալու եք Լ. Տեր-Պետրոսյանից, քանի որ միայն նրանով եք պայմանավորում առաջինի հաղթանակը:
– Նեղանալու խնդիր չկա: Այդ դեպքում վնասվում է իմ երկրի անկախությունը, թուլանում է իմ երկիրը, եւ պարտությունը դառնում է բոլորինս: