Ընտրություններն արդար չէին

04/09/2007

«Գելափ» հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնի՝ հուլիսին անցկացրած հարցումների համաձայն, հայաստանցիների 32%-ը գտնում է, որ տնտեսական վիճակը երկրում բարելավվում է, 27%-ի կարծիքով՝ տնտեսական վիճակը Հայաստանում գնալով վատանում է: Հարցվածների 35%-ը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներից առաջինը նշել է գործազրկությունը, եւ 15%-ն է միայն նշել սոցիալ-տնտեսական վիճակը: Ղարաբաղյան հիմնախնդիրն առաջնային է համարում հարցվածների 11%-ը, իսկ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը՝ 3%-ը: Միայն 1%-ի համար են առաջնային ժողովրդավարության, մարդու իրավունքների, կրթության եւ մշակութային խնդիրները: «Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի ստանան երկրի բնակչության մեծամասնության աջակցությունը»,- այս հարցին 27%-ը պատասխանել է, թե պետք է բացվեն աշխատատեղեր, իսկ 6%-ը գտնում է, որ իշխանությունները պետք է պարզապես կատարեն տրված խոստումները: Հայաստանցիների 76%-ն ընդունում է սոցիալական բողոքների արտոնված տարբերակը, 64%-ի համար գերադասելի են չարտոնված ակցիաները: Հարցվածների 10%-ը նախորդ տարի Հայաստանի իշխանությունների թույլ տված սխալներից ու բացթողումներից է համարում կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքարը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա հարցվածների 60%-ը քվեարկելիս նախապատվություն է տալիս կուսակցության առաջնորդին, իսկ հարցվածների 68%-ի կարծիքով՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններն արդար չեն անցել: Հարցվածների 60%-ի համոզմամբ՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվում հաջորդ տարվա նախագահական ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու համար: