80-ականներից սկսած Ողջաբերդի համար որեւէ հեռանկարային ծրագիր չի մշակվում, քանի որ ողջ գյուղը սողանքի պատճառով գտնվում է վթարային վիճակում: Ողջաբերդում չկա այնպիսի մի շինություն, որ վթարային չլինի: Բնակիչներին վերահաս վտանգից զերծ պահելու համար կառավարության ծրագիրը նրանց լիկվիդացնելն է: Բնակիչներին առաջարկվող փոխհատուցման չափը որոշվում է նրանց պատկանող շինությունների վթարայնության աստիճանով: «Փոխհատուցման դրամական ամենամեծ չափը 5 մլն դրամից չի անցնում»,- պատմում են ողջաբերդցիները: Մինչդեռ տարիների ընթացքում ողջաբերդցիներն աճում ու բազմանում են, նոր ընտանիքներ են ձեւավորվում, երեխաներ են ծնվում ու մեծանում: Փոխհատուցման վրա բնակիչների թիվը չի անդրադառնում: Բնակիչների մի մասն այդ գումարը ստացել է, մյուս մասն էլ սպասում է այն երջանիկ օրվան, երբ «բյուջեում փող կլինի»: «Ում բախտը բերեց շուտ ստացավ՝ կարողացավ ինչ-որ տեղ մի ծածկ հայթայթել իր ընտանիքի համար, հիմա էլ տներն էնքան են թանկացել, որ էդ 5 միլիոնով ի՞նչ կարող ես անել»,- ասում էր մի ողջաբերդցի, ում ընտանիքը բաղկացած է 9 անձից՝ տղաներ, հարսներ, թոռներ: Սակավաթիվ երջանիկները, ում հաջողվել է փոխհատուցման գումարներով տուն գնել ինչ-որ տեղ, էլի շարունակում են ապրել հայրենի գյուղում. «Ասենք թե` Երեւանում մի հատ կտուր եմ առել, գնամ տակը սոված նստեմ՝ մատս ծծե՞մ»: Իրենց հողն իրենց տակից թեեւ փախչում, բայց շարունակում է օրվա ապրուստն ապահովել: Ոմանք փոխհատուցման գումարներով «դոմիկ» են առել, դրել քանդվող տան կողքին ու ապրում են, որպեսզի գոնե իրենց կերակրող հողին մոտիկ լինեն: «Ժամանակին շատ հարուստ գյուղ էր»,- հիշում են տարեցները: «Մեր գյուղում հարուստներ էլ կան, սովորական ապրող մարդիկ էլ,- պատմում է 7-րդ դասարանցի Սուրենը,- իսկ աղքատ մի ընտանիք է»: Այդ ընտանիքն էլ աղքատ է Սուրենի պատկերացմամբ` այն պատճառով, որ տան հատակը հողից է ու ուտելու հաց ամեն օր չեն ունենում: Թեեւ Ողջաբերդում շատերն էին ասում՝ «Եկեք գնանք մեր տուն՝ ձեր աչքով տեսեք. էրեխեքը դպրոցից եկել՝ ճաշն անհաց են կերել»: Կամ՝ «Ես չեմ գալիս, դու գնա մտի խանութ, հարցրու՝ էսինչն ինչքա՞ն պարտք ունի»: Խանութներից մեկի աշխատողն ասում է՝ «Ես արդեն չգիտեմ՝ ինչ եմ անում, ոչ էն է՝ խանութը փակեմ, ոչ էն է՝ շարունակեմ աշխատացնել», ու ցույց է տալիս պարտքացուցակները: Ասում է՝ «Եթե նկարում ես, ընենց արա՝ անունները չերեւա, ամոթ է»: Փոստատարն ամեն անգամ, երբ բերում է ողջաբերդցիների թոշակները բաժանի, «լույսի մարդն» էլ է նրա հետ տնետուն շրջում: «Մեկից վերցնում՝ մյուսին ենք տալիս»,- պատմում էր թոշակառու մի տատիկ: Գյուղում հեռախոսակապ չկա: «Եթե մեկը մեռնի, ուզենանք շտապօգնություն կանչել, պետք է իմանանք՝ ո՞վ բջջային հեռախոս ունի, գնանք-խնդրենք` զանգի»: Գյուղում բուժկետ կա. «Աշխատողին գիշերվա որ ժամին ձեն տաս՝ «օֆ» չի անի, բայց գալիս ա՝ ոչ դեղ ունի, ոչ շպրից, փոշմանում ես, որ կանչել ես»: Բջջային հեռախոս ունի նաեւ գյուղապետը, «դաժե էրկու հատ»,- ասաց մեկը: Բայց երկու անգամ Ողջաբերդ այցելեցի՝ ոչ գյուղապետին գտա, ոչ բջջային հեռախոսահամարն իմացա: Գյուղապետարանի աշխատակիցները գյուղապետի հեռախոսահամարը չվստահեցին ինձ, փոխարենը պահանջեցին իմը՝ խոստանալով, որ գյուղապետն ինքը կզանգի եւ մեզ հուզող հարցերին կպատասխանի: Ողջաբերդի գյուղապետի զանգին այդպես էլ չարժանացանք: Վերջին այցելությանս ժամանակ գյուղապետի դպրոցական որդուց կարողացա իմանալ հայրիկի հեռախոսահամարը, բայց դա էլ չօգնեց. պարզվում է՝ գյուղապետը որ գործով «ռայոն» ա գնում, միշտ շատ ուշ է գալիս, իսկ հեռախոսը հետը չի տանում:
Իսկ ողջաբերդցիներն իրենց հոգսերից բացի որոշակի ոչինչ չգիտեն, գյուղի ճակատագրի մասին իրենք էլ մեզանից են հարցնում…