Երրորդ գծի շուրջ

04/09/2007

Եկող շաբաթ սպասվում է իրանական պատվիրակության այցը Հայաստան, որի նպատակն է՝ քննարկել Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ գծի նախագծման աշխատանքները, թեեւ հայ-իրանական համատեղ ծրագրերը նշված նախագծով չեն ավարտվում: Ինչպես հայտնի է, նախատեսվում է նաեւ Արաքս ՀԷԿ-ի կառուցումը: Որոշակի խոսակցություններ կան նաեւ եռակողմ` Հայաստանի-Ռուսաստանի-Իրանի մասնակցությամբ Հայաստանի տարածքում նավթամշակման գործարան կառուցելու վերաբերյալ եռակողմ կոմիտե ստեղծելու մասին: Սակայն, ինչպես տեսնում եք, իրանական կողմի համար առաջնային է բարձրավոլտ երրորդ գծի կառուցումը` ներքին էներգետիկ սպառման խնդիրը կարգավորելու առումով: ԲԷՑ-ի տնօրեն Սահակ Աբրահամյանից տեղեկացանք, որ նախագծային աշխատանքներն իրականացնելու է իրանական «Սաուր» ընկերությունը, որից հետո էլ պարզ կլինի պահանջվող ֆինանսական միջոցների չափը: Նշենք նաեւ, որ այս ընկերությանն է պատկանում Ստեփանավանի հողմակայանների նախագծման աշխատանքը: Հնարավո՞ր է արդյոք, որ շինարարությունն իրականացնի հայկական կողմը` այս հարցի պատասխանը կարող է տալ կապալառու ընկերությունը. նա է ընտրում շինարարությունն իրականացնող կազմակերպությանը: