Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ գոլդ» ընկերությունը 2007թ. հունվարին երկու հայց է ներկայացրել միջազգային ատյաններին: Առաջին հայցով «Գլոբալ գոլդը» Վաշինգտոնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում վիճարկում էր, որ ՀՀ կառավարությունը խախտել է օրենսդրությունն ու ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված ներդրումների մասին պայմանագիրը` պահանջելով նյութական փոխհատուցում: ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ մի հայտարարություն է ստորագրվել ՀՀ կառավարության եւ «Գլոբալ գոլդի» լիազորված անձանց միջեւ, որով դադարեցվում է միջազգային կենտրոն ներկայացված արբիտրաժը` մինչեւ համապարփակ պայմանագրի կնքումը: Երկրորդ հայցը «Գլոբալ գոլդը» ներկայացրել է Նյու Յորքի Միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձանց, այս պարագայում` ի դեմս Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի: Այվազյանին մեղադրում են 3մլն դոլարի կաշառք պահանջելու փորձի մեջ: Այս հայցի քննության համար միջազգային արբիտրաժը դեռ երկու տարի ժամանակ ունի: Իսկ մինչ այդ վերը նշված երկու հայցերը թյուրիմացաբար կամ միտումնավոր ներկայացվում են որպես մեկ հայց` այդպիսով վերոնշյալ համաձայնությունը դիտարկելով որպես Վարդան Այվազյանի «փրկություն»: Այվազյանն իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ իր պատասխաններում միշտ էլ նշել է, որ դա ոչ թե իր, այլ ՀՀ կառավարության խնդիրն է: «Ես չգիտեմ, թե ինչպե՞ս են համաձայնության եկել, ոչինչ չեմ կարող ասել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վարդան Այվազյանը, որը փաստորեն առաջիկայում դեռ անհանգստանալու առիթներ է ունենալու: