Հայաստան ներխուժած խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին խոսակցությունները կամաց-կամաց երկրորդ պլան են մղվում, մինչդեռ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանի գնահատմամբ, այս հիվանդության դեպքերը ոչ նվազել են, ոչ էլ դրանց աճի միտում է արձանագրվում:
Հիշեցնենք, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը Հայաստան է թափանցել Վրաստանից, եւ այս հիվանդությունն իր աշխարհագրությունը դեռեւս սահմանափակել է Անդրկովկասյան այս երկու երկրներով: Հայաստանը պաշտոնապես ընդունել է, որ մեր երկրում իսկապես աֆրիկյան ժանտախտի վարակ կա` վկայակոչելով ՌԴ մասնագիտական խմբի համապատասխան եզրակացությունը: Այս կապակցությամբ որեւէ երկրորդ երկիր չի կատարել համապատասխան հետազոտություն, եւ չկա երկրորդ կարծիք, թեպետ պետական համապատասխան կառույցները փորձանմուշն էին ուղարկել նաեւ Անգլիա: Պարզվում է, որ Անգլիա ուղարկված փորձանմուշը այդպես էլ չի կարողացել հատել Հայաստանի սահմանը: ««Զվարթնոց» օդանավակայանը նման բեռներ տեղափոխելու նախադեպ չունի եւ պատրաստ չէ նման ծառայություններ մատուցել: Մենք պատրաստվում ենք այլ ճանապարհով այդ նմուշներն Անգլիա ուղարկել»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիշա Բաղյանը: Այս հիվանդության պատճառով Հայաստանից կենդանական ծագման սննդամթերքի արտահանման արգելք է դրել Ռուսաստանը, իսկ Վրաստանը, Ուկրաինան արգելել են կենդանի խոզի եւ մսամթերքի արտահանումը: Այսպիսով, տվյալ փորձանմուշը Հայաստանից արտահանելու համար փակ են բոլոր ճանապարհները, եւ դեռ հարցականի տակ է այն, թե ինչպես են Անգլիա հասցնելու: Գրիշա Բաղյանը նշեց, որ դեռեւս բանակցում են ՀՀ-ում Անգլիայի դեսպանատան հետ` իրենց խողովակներով փորձանմուշն Անգլիա հասցնելու համար: Ստացվում է, որ խնդիրը ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանի, այլ Անգլիայի հետ է կապված: Ժանտախտի կապակցությամբ զարմանալիորեն լռություն է պահպանում նաեւ ԱՄՆ-ը: Վերջինիս լռության մասին մեր հարցին Բաղյանը պատասխանեց, որ հայտարարություն անելն ամեն մի երկրի ներքին խնդիրն է: Հանրապետության գլխավոր անասնաբույժի համար էլ տարօրինակ է, որ սննդի անվտանգության հարցում բծախնդիր ԱՄՆ-ը չի խորշում հայկական պանրից: Այս երկիրը Հայաստանից պանիր ներմուծելու համար որոշակի քվոտաներ է հատկացրել ներմուծող կազմակերպություններին: Արդեն երկու ամիս է` տեղական արտադրողները դադարեցրել են պանրի արտահանումը, քանի որ Հայաստանը պաշտոնապես արգելել է կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտահանումը, եւ հանրապետությունում դեռեւս շարունակվում է կարանտինը: ԱՄՆ Գյուղդեպարտամենտի CARD կենտրոնի աջակցությամբ ԱՄՆ այծի եւ կովի պանիր են արտահանում տեղական երեք ընկերություններ: Վայոց ձորի «Գոմք» գործարանն արդեն երեք տարի է, այծի պանիր է արտահանում Միացյալ Նահանգներ: Ի տարբերություն դրսի շուկայի, այծի պանիրը տեղական շուկայում այնքան էլ պահանջարկ չունի: ԱՄՆ կառավարությունն այծի պանրի ներմուծման համար ներմուծող կազմակերպությանն անսահմանափակ քվոտաներ է հատկացրել, եւ այն ըստ էության կարող է արտահանվել այնքան, որքան կբավականացնեն արտադրական հզորությունները: «Գոմք» ընկերության տնօրեն Պանդուխտ Մանուկյանն ասում է, որ նախորդ տարիներին կարողացել են արտահանել 10 տոննա պանիր: Իսկ այս տարի կարող են արտահանել մոտ 12 տոննա, որն էլ կիրականացնեն երկրում սահմանված կարանտինի ավարտից հետո: Տաշիրի «Դուստր Մելանյա» ընկերությունն էլ կովի պանիր է արտահանում եւ՛ ՌԴ, եւ՛ ԱՄՆ: Այս ընկերությունը նույնպես դադարեցրել է ապրանքի արտահանումը եւ ընթացիկ ծախսերը հոգալու համար պանիրն իրացնում է տեղական շուկայում: «Տեղական շուկա մտնելն էլ այդքան հեշտ չէ»,- ասում է ընկերության տնօրեն Ռուբեն Հարությունյանը: «Դուստր Մելանյա» ընկերությունն արդեն յոթ տարի է, զբաղված է պանրի արտահանմամբ եւ տարեկան դեպի ԱՄՆ արտահանում է մոտ 60, իսկ ՌԴ` 80 տոննա արտադրանք: «Մենք պանիրն արտահանում ենք փակ կոնտեյներով, որի հետ շփումը բացառվում է, եւ անհասկանալի է, թե ինչո՞ւ են տեղական իշխանություններն արգելել պանրի արտահանումը»,- տարակուսում է Ռուբեն Հարությունյանը: Այս ընկերությունում էլ հույս են փայփայում, որ ժանտախտի հետ կապված հարցերը կլուծվեն, եւ կկարողանան իրենց արտադրանքն իրացնել այդքան դժվար նվաճված դրսի շուկաներում: Հայաստանում պանրի արտահանմամբ զբաղված են երկու տասնյակից ավելի կազմակերպություններ, որոնք հիմնականում աշխատատեղեր են ապահովում գյուղական վայրերում: Վնասների մասին ընկերությունների տնօրենները եզրակացություններ անելը դեռ վաղաժամ են համարում, սակայն մտավախություն ունեն շուկան կորցնելու առումով: «Դեռ որքա՞ն պետք է տեւի ներքին կարանտինը»,- մեզ միանշանակ այս հարցն էին ուղղում ժանտախտից «հոգնած» մեր բոլոր զրուցակիցները: Ըստ պաշտոնական վարկածի, աֆրիկյան ժանտախտի մասով կարանտինը կարող է հանվել հիվանդության հայտնաբերված վերջին դեպքից 40 օր հետո միայն: Պետական աղբյուրների հավաստմամբ, Լոռու եւ Տավուշի մարզերում բռնկված հիվանդությունը հասել է նաեւ Դիլիջանի Հաղարծին եւ Բարեկամավան գյուղերին: Հենց Դիլիջան քաղաքում խոզերի անկման դեպք չի գրանցվել: Դիլիջանում բնակչությունն իր վարկածներն ուներ, ըստ որոնց՝ խոզերի անկումը սկսել է տեղի խոզաբուծական ֆերմայից, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր, Հակոբ Հակոբյանն է (Արփա-Սեւանի Հակոբ): Տեղացի մասնագետներն էլ իրենց եզրակացությունն ունեն, ասում են, թե ֆերմայի խոզերը սատկել են արհեստական սխալ բեղմնավորման արդյունքում, իսկ ոմանք էլ անկումը կապում են կերի հետ: Բնակիչներն էլ համոզված են, որ գործ ունեն սովորական դաբաղի հետ: «Ժանտախտով հիվանդ խոզի միսն անմիջապես դեղնում է, իսկ մեր գյուղերում սպանդի ենթարկված անասունների միսը նման հատկանիշներ չուներ»,- ասում է տեղի մասնագետներից մեկը: Իր գործընկերոջ ասածները հաստատեց նաեւ Գրիշա Բաղյանը. «Աֆրիկյան ժանտախտի դեպքում միսը գույնը չի փոխում, եւ այս հիվանդությունը կենդանուց մարդուն չի փոխանցվում: Կայծակնային արագությամբ իրարից վարակվում են ընտանի եւ վայրի խոզերը»: Դեռեւս կենդանի մնացած գլխաքանակի պատվաստումն անիմաստ է համարվում, քանի որ այս հիվանդության դեմ պատվաստանյութ չկա, պայքարի միակ ձեւը կարանտինն է: Կարանտին ասվածն էլ սահմանափակվում է նրանով, որ հանրապետական նշանակության մայրուղիներում ճանապարհը փակող մի ձող է տեղադրվել, որի մոտ թափված թեփի շերտի վրա, տրանսպորտային միջոցների անվադողերը ախտահանելու նպատակով, լցված են ախտահանիչ նյութեր: Պահակակետերում վարակված մսի հայտնաբերման պատրվակով ավտոմեքենաները չեն ստուգում: