Հայրենիք վերադառնալու համար` 1000 լարի

04/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թեեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունը վերջերս հայտարարեցին, որ Հայաստանի մաքսային կետերում բարեփոխումներ են կատարվում՝ մաքսային ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով, այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիները մինչ օրս բախվում են մաքսավորների կողմից արձանագրվող անփույթ սպասարկմանը:

Մեր հայրենակիցներից շատերը Հայաստան-Վրաստան սահմանը հատելով՝ անիրազեկության պատճառով օտար երկրում հայտնվում են անելանելի վիճակում: ՀՀ քաղաքացի, երեւանաբնակ Սարգիս Ղազարյանը հուլիսի 6-ին ընտանիքով մեկնել է Վրաստան՝ հանգստյան օրերը Բաթումիում անցկացնելու նպատակով: «Մենք ավտոմեքենայով մեկնում էինք 20 օրով Բաթումիում հանգստանալու: Բագրատաշենի մաքսակետում փաստաթղթերը նորմալ կարգավորեցինք: Հերթս հասավ, արագ-արագ այդ գործողությունները կատարեցինք եւ անցանք Վրաստանի սահման»,- պատմում է Ս. Ղազարյանը՝ վստահեցնելով, որ Բագրատաշենի Մաքսային ծառայությունում որեւէ մեկն իրեն չի ասել, որ Վրաստանում ավտոմեքենայով մնալու թույլատրելի ժամկետը օրենքով 20 օր է, իսկ ժամկետն անցնելու պարագայում իրեն մեծ դժվարություններ եւ ֆինանսական ծախսեր են սպասվում: «Վրաստանի մաքսակետում ինձ տվեցին մի թուղթ, որտեղ միայն վրացերենով էր գրված: Ոչ ռուսերենով, ոչ էլ անգլերենով գրված չէր, որպեսզի ես հասկանայի գրվածը: Ինձ ասացին, որ դա մեքենայի տեխնիկական զննման անձնագրի պես մի բան է, որը Վրաստանում երթեւեկելու ընթացքում ինձ պետք կգա: Այսինքն, եթե պետավտոտեսուչն ինձ կանգնեցներ՝ ես դա պիտի ցույց տայի, որ թույլտվություն ունեմ իրենց երկրում մեքենայով երթեւեկել»,- պատմում է Ս. Ղազարյանն՝ ասելով, որ վրացերեն տառերով շարադրված այդ փաստաթղթերի կետերից մեկում, փաստորեն, գրված է եղել, որ ինքը Վրաստանում մեքենայով իրավունք ունի մնալ ընդամենը 20 օր: Ինչպես ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, Ս. Ղազարյանը վրացերեն չի իմացել, հետեւաբար՝ Վրաստանի Մաքսային օրենսգրքի սույն կետի մասին գաղափար անգամ չի ունեցել: «Փաստորեն, ավելի ուշ պարզեցի, որ ավտոբուսով, գնացքով, ոտքով գնալու դեպքում կարող ես մնալ այնքան, ինչքան ցանկանում ես, բայց մեքենայով իրավունք ունես Վրաստանում 20 օրից ոչ ավելի մնալ: Դա վերաբերում է վարորդին եւ մեքենային, որովհետեւ քեզ հետ եկած ուղեւորների վրա դա չի տարածվում»,- ասում է Ս. Ղազարյանը՝ շարունակելով պատմել իր հետ կատարված տհաճ միջադեպը: Վերջինս ընդունում է, որ փաստաթղթի տակ ստորագրելիս պարտավոր էր գոնե ռուսերեն լեզվով բացատրություն պահանջել՝ հասկանալու համար, թե ինչի տակ է ստորագրում: «Բայց, քանի որ մեծ հերթ էր գոյացել, երեխաներն էլ՝ արեւի տակ, մեքենայի մեջ ժամերով սպասում էին՝ հենց հերթս հասավ, ասացի՝ արագ-արագ անեմ, դուրս գամ: Փաստը մնում է փաստ, որ, եթե ստորագրել եմ, ուրեմն՝ պարտավոր եմ ենթարկվել իրենց երկրի օրենքին: Պարզապես վիրավորականն այն է, որ մեր մաքսային կետում չեն զգուշացնում, որ նման բան կա: Կարող են, չէ՞, պաստառ փակցնել, կամ ինչ-որ կերպ իրազեկել, որ մեքենայով 20 օրից ավելի Վրաստանում մնալու իրավունք չկա»: Ինչեւէ, Վրաստանում 20 օր հանգստանալուց հետո Ս. Ղազարյանը վերադարձել է մաքսակետ՝ ժամերի տարբերությամբ ուշացած, եւ վրաց-հայկական սահմանում գտնվելու ժամանակ նրա` Վրաստան մուտք գործելուց անցած է եղել 21 օր: «Ինձ ասացին, որ իրավունք չունես մեքենայով Վրաստանից Հայաստան սահմանը հատել, որովհետեւ օրենք ես խախտել: Այսինքն՝ 20 օրվա փոխարեն Վրաստանում մեքենայով 21 օր եմ մնացել: Խնդրեցի, համոզեցի, որ դա դիտավորյալ չեմ արել, այլ օրենքի չիմացության հետեւանք է, բայց, միեւնույն է՝ մեքենաս պլոմբեցին: Եթե իմանայի, որ օրենք եմ խախտում, էդ մի քանի ժամը չէի ուշանա»,- ասում է Ս. Ղազարյանը, ում Վրաստանի Մաքսային ծառայության աշխատակիցները խորհուրդ չեն տվել դատի տալ՝ պնդելով, որ օրենքն իրենց կողմն է: Ս. Ղազարյանն այդպիսով պարտավորվել է վճարել 1000 լարի (շուրջ 610 դոլար) տուգանք, հակառակ դեպքում՝ 14 օրվա ընթացքում չվճարելու պարագայում վրացիներն իրավունք ունեն մեքենան առգրավել: «Ինձ ասացին՝ իջի քայլելով գնա, մեքենադ է կալանքի տակ, իսկ դու կարող ես գնալ»,- նշում է նա՝ պատմելով, որ մեքենան Վրաստանում թողնելով՝ հատել է սահմանը եւ ընտանիքով հանգրվանել է Բագրատաշենի հյուրանոցում: «Զանգահարեցինք, բարեկամներս գումար հասցրին, նորից տաքսի նստեցի, գնացի Շուլավեր, մոտ 610 դոլար մուծեցի, չեկը տվեցի, ու նոր մեքենայի բանալիները տվեցին: Մի խոսքով՝ էդ հանգիստն իմ վրա կրկնակի նստեց, էլ չհաշված էդ քաշքշուկն ու տհաճությունը: Ուղղակի շատ վիրավորական է, որ գոնե մերոնք չեն զգուշացնում, որ Վրաստանի օրենքը սենց բան է պահանջում: Մարդ գնում է ու չգիտի գլխի գալիքը»,- Վրաստանում անցկացրած իր «հանգստի» պատմությունը եզրափակում է Ղազարյանը:

Ի դեպ, անցյալ տարի ՀՀ շատ քաղաքացիներ, ովքեր ավտոմեքենաներով հատել են Հայաստան-Վրաստան սահմանը եւ խախտել են 20-օրյա թույլատրելի ժամկետը՝ ստիպված են եղել Վրաստանում 1000 լարի վճարել, որից հետո նոր վերադառնալ Հայաստան: Ոմանք էլ ստիպված են եղել մեքենան թողնել Վրաստանում, որովհետեւ 14-օրյա ժամկետում չեն հասցրել տուգանքը վճարել: Այնպես որ՝ Հայաստանի մաքսային ծառայություններն այդ դառը փորձից ելնելով՝ պետք է որ չալարեին բանավոր կերպով իրազեկել, կամ մի պաստառ փակցնել ՀՀ քաղաքացիներին Վրաստանի օրենքի այդ կետին ծանոթացնելու համար: Իհարկե, բացառված չէ, որ նրանց «ալարելը» որոշակի դրամական արտահայտություն ունենա, ասենք, վրացական կողմից հայտնվող «շնորհակալության» տեսքով: