Ստրկատիրական կարգեր՝ Երեւանի թիվ 68 դպրոցում

04/09/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող թիվ 68 դպրոցում կատարվող դրամաշորթությանը, որի մասին ահազանգեր էինք ստացել դպրոցականների ծնողներից:

Հիշեցնենք, որ ծնողների հավաստմամբ, նշյալ դպրոցում սովորող երեխաներից գումար են հավաքում` տնօրինուհու համար ավտոմեքենա գնելու նպատակով: Հիշեցնենք նաեւ, որ այդ դպրոցի տնօրեն Սուսաննա Ազիզյանը գալով խմբագրություն՝ սպառնացել էր, թե իր ղեկավարած դպրոցի մասին հոդված հրապարակելու դեպքում խմբագրությանը դատի կտա: Ազիզյանը միանշանակ պնդում էր, որ դպրոցում երբեւէ գումար չի հավաքագրվել, իսկ մեզ ահազանգող ծնողներին նա անվանում էր «խարդավանքի կազմակերպիչներ»: Հրապարակումից անմիջապես հետո մեզ զանգահարեցին նաեւ նույն դպրոցում երկար տարիներ աշխատած, սակայն Ս. Ազիզյանի պահանջով աշխատանքից ազատված մանկավարժներ: Նրանք ներկայացրին դպրոցի տնօրենի գործունեության որոշ «դրվագներ», որոնք պետք է որ մտահոգեն ոչ միայն կրթական համակարգի պատասխանատուներին: Նույն դպրոցի մանկավարժ Անահիտ Նազարյանը 14 տարի աշխատել է կրթական համակարգում, սկզբում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, այնուհետեւ` դաստիարակության գծով փոխտնօրեն: Նա ասում է, թե թիվ 68 դպրոցում ստրկատիրական կարգեր են տիրում, եւ տնօրենի գործողությունները չկանխելու դեպքում տուժելու է դպրոցականների մի ամբողջ սերունդ: Նախկին տնօրեն Քնարիկ Աբրահամյանի մահից հետո, 2006թ. մայիսի 25-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրամանով` թիվ 68 դպրոցում տնօրեն նշանակված Ս. Ազիզյանն, աշխատանքի անցնելուց անմիջապես հետո հայտարարել է իր մտադրության մասին, թե` «Դպրոցում ուբոռկա եմ անելու»` նկատի ունենալով կրճատումները: Ինչեւէ, նորանշանակ տնօրենի աշխատաոճին չհարմարվելով` շուրջ 35 ստաժավոր մանկավարժներ դիմում են գրել եւ հեռացել աշխատանքից, իսկ դաստիարակության գծով փոխտնօրեն Ա. Նազարյանն ավելի ուշ աշխատանքից ազատվել է տնօրենի հրամանով: Նա Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում հայցադիմում է ներկայացրել` պահանջելով չեղյալ ճանաչել տնօրենի 2007թ. օգոստոսի 7-ի թիվ 44 հրամանը եւ իրեն վերականգնել իր աշխատատեղում: Թե ի՞նչ վճիռ կկայացնի դատարանը` ցույց կտա ժամանակը: Ա. Նազարյանը մեզ հետ զրույցում ասում էր, թե Ս. Ազիզյանն իրենից 500 դոլար է պահանջել՝ փոխտնօրենի աշխատանքից չհեռացնելու համար (ձայնագրությունը խմբագրությունում է): «Ազիզյանի դպրոց ոտք դնելուց ի վեր մեր դպրոցը վերածվեց հիվանդանոցի»,- ասում է Ա. Նազարյանը` պատմելով, որ նորանշանակ տնօրենն անմիջապես բռնատիրական կարգեր է հաստատել դպրոցում եւ ոմանց էլ կարգադրել է մանկավարժների «նիստ ու կացին» հետեւել եւ իրեն զեկուցել. «Լավ հիշում եմ իր շագանակագույն ծոցատետրը, որտեղ մեկ-մեկ աշակերտները անուն-ազգանուններով համարակալված էին, ու ինքն էլ միշտ ինչ-որ բաներ էր գրում ու ջնջում: Մի օր ինձ ասաց` դու ծոցատետր չե՞ս պահում, որ նշես, թե ում ինչ լավություն ես արել: Ասացի` ես ձեր ծոցատետրի իմաստը չեմ հասկանում, ինչո՞ւ եք գրանցում անուն-ազգանունները: Ասաց՝ որ հիշեմ, թե ում ինչ կարգի լավություն եմ արել»: Ա. Նազարյանի խոսքով` տնօրինուհին իր ծննդյան օրվա առթիվ մանկավարժներին ստիպել է 6000-ական դրամ հավաքել. «Ասաց` ես պիտի որոշեմ, թե ինչքան գումար հավաքեք: Մենք որոշել էինք գոնե 5000 հավաքենք, բայց ստիպել էր, որ բոլորս 6000 դրամ պարտադիր տանք: Իսկ Մարտի 8-ի առիթով ստիպեց, որ յուրաքանչյուր աշակերտից պարտադիր 2000 դրամ հավաքենք եւ իրեն տանք»: Մանկավարժներից մեկն էլ, ով մասնակցում էր մեր զրույցին, սակայն խնդրեց իր անունը չհրապարակել` պատմեց, որ չի կարողացել աշակերտներին ստիպել 2000 դրամը վճարել, որովհետեւ շատ երեխաների ծնողներ հնարավորություն չունեին գումար տալու. «Ինձ ասաց` դու ի՞նչ դասղեկ ես, դու լավ դասղեկ չես կարող լինել, որովհետեւ ֆինանսական հարցեր չես կարում լուծել: Նվեր էլ չի ընդունում, միայն գումարն է ընդունում»: Դաստիարակության գծով նախկին փոխտնօրեն Ա. Նազարյանը վկայում է, որ Ս. Ազիզյանի ծննդյան օրը` դեկտեմբերի 28-ին, 50 հոգանոց մանկավարժական կազմը 500.000 դրամ է «մուծվել»: Վերջինս նշում է, որ դրամահավաքը կամավոր սկզբունքով չի արվել, որովհետեւ «ինքն ասում էր` գնացե՛ք, Նազարյանին ասեք, որ, եթե փողը չտա՝ իրա համար վատ կլինի: 250.000-ով, 300.000-ով տվել ենք: Ասում էր` ով էդ գումարները չհավաքեց` ես կտրորեմ նրան, վրայով կանցնեմ»: Ա. Նազարյանի հավաստմամբ` դպրոցի տնօրենն այս տարվա յուրաքանչյուր շրջանավարտից հավաքել է 5000-ական դրամ, իսկ ութերորդցիներից` 2000-ական դրամ: «Չհաշված, որ տնօրենի սենյակի հեռախոսային պարտքերի համար, որով միայն ինքն է խոսում` ստիպել է, որ մենք վճարենք: Մենք ուսուցչանոցում մեկ այլ համարով հեռախոս ունենք, որից գրեթե չենք էլ օգտվում, որովհետեւ բջջային հեռախոսներ ունենք: Իր զանգերի համար ստիպել է, որ մենք վճարենք: Հունվար ամսին մենք ընդհանրապես աշխատանքի չենք եկել, բայց ինձ ստիպեց, որ փող հավաքեմ եւ հեռախոսի գումարը մուծեմ, այն դեպքում, երբ միայն ինքն էր դպրոց եկել: Աշակերտներից հոսանքի պարտքերը մարելու համար գումար էր հավաքում, իբրեւ թե գերածախս է եղել»,- վկայում է տիկին Նազարյանը, ով նաեւ պատմում է, թե ինչպես է Ս. Ազիզյանն աշխատակիցներին ահաբեկում իր ամուսնու լծակներով: Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման համար Ս. Ազիզյանի ամուսինը եկել էր խմբագրություն: Ըստ Նազարյանի, նախկին տնօրենի քարտուղարուհուն ներկայիս տնօրեն Ս. Ազիզյանը ստիպել է բոլոր մանկավարժների քայլերին հետեւել, ինչպես նաեւ՝ անձնական կյանքի մասին տվյալներին տիրապետել եւ զեկուցել իրեն: Քարտուղարուհին հրաժարվել է` դա համարելով անօրինական գործողություն, որից հետո տնօրենը նրան աշխատանքից ազատել է: «Հետո սկսեցին վախեցնել, զանգում-ասում էին` զգույշ եղի, աղջիկ ունես: Մեր քարտուղարուհու դռան առաջ ամբողջ օրն Ազիզյանի ամուսնու կողմնակիցները մեքենաներով հետեւում էին: Համարներն անգիր գիտեր, ամբողջ օրը վախի, սթրեսի մեջ էին»:

Ի դեպ, Ա. Նազարյանի պատմածներից կարելի է ենթադրել, որ դպրոցի տնօրենը նաեւ ատեստատների բիզնես է անում. «Մի քանի տղաներ մոտեցել են ինձ ու ասել են, որ 50 դոլար ա ուզում, որ ատեստատը տա: Ես չգիտեմ` էդ գումարը վերցրե՞ց, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում էդ երկուսները նշանակեց, որ երեխեքը փող տան: Ատեստատներն ամեն դեպքում տվեց, բայց չգիտեմ՝ փողո՞վ, թե՞… Հնարավոր չի, որ էդ որակի մարդը գումար վերցրած չլինի: Ես նույնիսկ լսել եմ, որ տարեվերջին 800-1000 դոլարով ատեստատ է վաճառել, բայց փաստեր չունեմ, որ ապացուցեմ»: Հարցին, թե ինչո՞ւ Ա. Նազարյանը կաշառակերության նման դրսեւորումների ժամանակ չի տեղեկացրել համապատասխան մարմիններին` նա պատասխանեց. «Ամբողջ դպրոցը վախի մթնոլորտում է: Ես կարող էի ասել, բայց մարդիկ վախենում են աշխատանքը կորցնել, իսկ մեզ համար աշխատանքը թանկ է»: Ի դեպ, տիկին Նազարյանը մեզ տեղեկացրեց նաեւ տնօրենի կատարած փաստաթղթային կեղծիքների մասին տվյալներ, որոնք, կարծում ենք, կրթական ոլորտի ղեկավարների, ինչպես նաեւ Դատախազության ուշադրությունից չեն վրիպի: «Ս. Ազիզյանը մատյանի էջեր է փոխել, իր ձեռքով գնահատականներ է ջնջել: Այդ մատյաններն արխիվում պահված են: Մատյանում ես աշակերտին նշանակել եմ 13, բայց որոշ ժամանակ անց տեսել եմ, որ իմ դրած գնահատականը ջնջել եւ ավելի բարձր է դրել: Եթե մի էքսպերտ գա ու ստուգի` իր դեմ գործ կհարուցի, որովհետեւ մատյանի ճղած ու էջերը փոխածն անզեն աչքով կարելի է տեսնել: 10-ի Բ-ում 13-ը 18 է դարձրել, որովհետեւ գնահատականը բարձրացնելու համար մոտ 300 դոլար փող է աշակերտից վերցրել»,- փաստում է նախկին փոխտնօրեն Ա. Նազարյանը:

Ինչեւէ, այն, որ մեր հանրակրթական դպրոցներից շատերը դարձել են տոնավաճառներ` բոլորս գիտենք: Գիտենք նաեւ, որ կրթական ոլորտի ղեկավարները ձեւացնում են, թե ամեն ինչ անում են ոլորտում առկա կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: Ցավալին այն է, որ ցանկացած աշակերտ լավ գիտի, թե որ գնահատականն ինչ գին ունի, եւ գիտակցում է, որ գիտելիք ստանալն ամենեւին էլ պարտադիր չէ դպրոցն ավարտելու համար: Սակայն, ինչպես ասում են` ամեն ինչ կորած չէ: Դպրոցականների ծնողներն ու մանկավարժները սկսել են հասկանալ, որ կաշառակերության փաստերի մասին պետք է բարձրաձայնել, եւ խոսում են կոնկրետ փաստերով:

P.S. Նման դեպքերում լրագրողական էթիկայի կանոնները պահանջում են լսել եւ ներկայացնել նաեւ այն անձնավորության տեսակետը, որի հասցեին հրապարակման մեջ կոնկրետ մեղադրանքներ են հնչում։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, նշված դպրոցի տնօրեն Ս. Ազիզյանը մեր լրագրողի՝ մեկնաբանություններ ստանալու խնդրանքին ի պատասխան՝ սպառնում է դատի տալ թերթին: Բացի այդ, մանկավարժության սույն ռահվիրան իր ամուսնու հետ միասին անձնական բնույթի սպառնալիքներ է հնչեցրել մեր լրագրողի հասցեին: Ուստի եւս մեկ անգամ տիկին Ազիզյանին գրավոր տեղեկացնում ենք, որ իր կողմից օրենքով արգելված որեւէ քայլ կատարելու դեպքում մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այս հարցը ոչ միայն ՀՀ կրթական համակարգի ղեկավարների քննարկման նյութ դառնա, այլեւ իրավապահ մարմինների։ Բացառապես օրենքի շրջանակներում: