Ոչ զինվորական ծառայությունը հնարավոր դարձավ, երբ 2003 թվականի դեկտեմբերին ընդունվեց այլընտրանքային ծառայության մասին օրենքը:
Սակայն ծառայողներից շատերը զղջում են, որ ընտրել են այլընտրանքային ծառայությունը, եւ ասում են, որ կնախընտրեին ընդհանրապես հրաժարվել ծառայությունից ու բանտ նստել:
Պատճառն այն է, որ աշխատանքային ծառայությունն անցկացվում է զինվորական ռեժիմով, վերահսկվում Զինվորական ոստիկանության կողմից եւ զինվորական ծառայությունից 1,5 տարով երկար է` 42 ամիս` 3,5 տարի: «Եթե սենց շարունակվի, ավելի լավ է բանտ նստենք»,- ասում է 18-ամյա Վաղարշ Մարգարյանը, որն իր 3 հավատակիցների հետ ծառայում է Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում:
Հիվանդանոցի տարածքից նրանց չի թույլատրվում դուրս գալ, աշխատում են առանց հանգստյան օրվա եւ կրում են համազգեստ, որի թիկունքին գրված է` «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն»: Մոտ 10 օրը մեկ այցելում է Զինվորական ոստիկանության ներկայացուցիչը եւ ստուգում ծառայությունը: Փաստորեն, նրանց ծառայությունը քաղաքացիական չէ, նրանց գրքույկում գրված է` «ՀՀ զինված ուժեր»: Հայաստանը Եվրախորհրդի անդամ դառնալով` պարտավորվել էր ընդունել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք, իսկ մինչ այդ` ազատել բանտերից կրոնական համոզմունքների համար զինվորական ծառայությունից հրաժարվողներին: Մոտ 150 Եհովայի վկա բանտ են ընկել` զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: «Իշխանությունները ցանկանում էին ընդունել օրենք զինվորական այլընտրանքային ծառայության մասին (այսինքն` ծառայություն զորամասերում` առանց զենք կրելու), սակայն Եվրոպան պահանջում էր ընդունել օրենք քաղաքացիական ծառայության մասին,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: -Եվրախորհրդի ճնշմամբ օրենքում, բացի զինվորական այլընտրանքից, մտցրին նաեւ աշխատանքային այլընտրանքային ծառայություն: Սակայն սա քաղաքացիական ծառայություն չէ եւ հակասում է եվրոպական չափանիշներին»: Ըստ այդ չափանիշների` քաղաքացիական ծառայությունը չպետք է վերահսկվի զինվորականների կողմից, պետք է լինի առանց համազգեստի եւ չգերազանցի զինվորական ծառայության ժամկետը: Իշխանյանն ասում է, որ իշխանությունները փաստորեն փորձում են խաբել Եվրոպային` զինվորականների կողմից վերահսկվող աշխատանքային ծառայությունը ներկայացնելով որպես քաղաքացիական ծառայություն:
Ըստ Հելսինկյան կոմիտեի տվյալների` Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատում ծառայողներից մեկի անրակոսկրը կոտրվել էր, եւ նրան տարել էին հոսպիտալ: Սակայն այնտեղ զինվորականները նրան ճնշել են, ու չբուժված նա հետ է եկել: Այժմ ծառայում է դուրս ցցված անրակով: Սեւանի հոգեբուժարանում ծառայողները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս գնալ Սեւան` մասնակցելու կրոնական հավաքներին. «Շաբաթը երկու անգամ երկու ժամով հավաքի ենք խնդրում գնալ, բայց արգելված է: Զինվորական ոստիկանությունից գալիս ու սպառնում են` եթե տարածքից դուրս գաք, հաուպտվախտ կնստացնենք»,- ասում է 19-ամյա Բորիս Մելքումյանը: Հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասում է, որ ինչպես բանակում, այստեղ էլ մինչեւ ծառայության վեց ամիսը չլրանա, նրանց տարածքից չեն թողնելու դուրս գալ:
Այսուհանդերձ, տղաները դժգոհ չեն իրենց աշխատանքից: Աշխատում են շինարարությունում, կատարում են սանիտար-հսկիչի աշխատանք, ճաշ են բաժանում, հսկում են, որ հիվանդներն անկարգություն չանեն ու իրար չվնասեն: Տնօրինությունը նրանցից պահանջում է նաեւ, որ մաքրեն հիվանդների արտաթորանքը, սակայն տղաները հրաժարվում են` ասելով, որ դա նվաստացուցիչ է: «Եթե նրանք իսկական հավատացյալ են, ապա ինչո՞ւ չեն հետեւում պատվիրաններին: Աստվածաշունչն ասում է` սիրիր մերձավորիդ, սակայն նրանք չեն սիրում. որ սիրեին, հիվանդների քաքը կմաքրեին»,- ասում է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Ալեքսանյանը:
Վաղարշակ Մարգարյանը պատասխանում է, որ իրենք ոչ թե հիվանդին սիրում են կամ ոչ, այլ չեն ընդունում առաջարկված պայմանները. «Եթե նրանց նպատակն է նման գործերի ուղարկել, ուրեմն այդ նրանք մեզ չեն սիրում ու նվաստացնում են»: Ժամանակին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այլընտրանքային ծառայությունը պետք է ամոթալի լինի: Այսուամենայնիվ, տղաներին չեն ստիպում կեղտոտ աշխատանք անել: Սակայն, ըստ Հելսինկյան կոմիտեի տվյալների, Երեւանի` Նորքում գտնվող ինտերնատում (ծերանոց) ծառայողներին ստիպում են անել նվաստացուցիչ աշխատանք:
Հիվանդանոցի տնօրինությունն էլ լավ չի պատկերացնում, թե ինչպես վարվի տղաների հետ, քանի որ այլընտրանքային ծառայության կարգը չեն տվել, այլ միայն բանավոր հրահանգներ, ինչպես Ալեքսանյանն է ասում` «քթածակով ենք առաջնորդվում»:
Ընդհանրապես հոգեբուժարանը լրացուցիչ աշխատուժի կարիք չունի, եւ այլընտրանքային ծառայողները մեծ օգուտ չեն բերում. «Էս գլխացավանքից որ հեռու լինեմ, լավ կլինի»,- ասում է Գագիկ Կարապետյանը:
Ոչ բոլոր Եհովայի վկաներն են համաձայնել այլընտրանքային ծառայության: Այժմ 18 Եհովայի վկա ծառայությունից հրաժարվելու համար բանտում են: Նրանք հրաժարվում են այլընտրանքային ծառայությունից` համարելով այն նվաստացուցիչ ու չափազանց երկար:
www.armenianow.com