Ջիվան Գասպարյանը հմայել է թուրքերին

04/09/2007

Խաղաղության համաշխարհային օրվա՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Ստամբուլում տեղի ունեցած համերգում դուդուկահար Ջ. Գասպարյանի նվագը հմայել է թուրքերին: Ըստ «Միլիեթի»՝ համերգի առաջին մասում ելույթ է ունեցել անատոլիական ժողովրդական երգի գիտակ սազահար Յավուզ Բինգյոլը: Երկրորդ մասում Ջ. Գասպարյանին բազմահազար հանդիսատեսը ծափողջունել է հոտնկայս: Հանդիսատեսի խնդրանքով համերգի «երրորդ» մասում երկու կատարողները ելույթ են ունեցել միասին՝ դուետով: Թերթը հիացմունքով է անդրադարձել Ջ. Գասպարյանի ելույթին՝ նշելով, որ Գասպարյանի դուդուկը կարողանում է մարդկանց «եւ՛ հուզել, եւ՛ ուրախացնել»: Հարցազրույցում Բինգյոլն ասել է, որ 2008թ. Երեւանում համերգ ունենալու հրավեր է ստացել Ջ. Գասպարյանից: Դուդուկի մեծ վարպետն էլ ասել է, որ Թուրքիայում մեկ անգամ եւս համոզվել է, որ «աշխարհում վատ ազգ չկա»: